Քաղաքական

13.04.2019 12:55


Զարթոնքում լարված իրավիճակ է, հնչել են կրակոցներ. կա վիրավոր. գյուղացիները փակել էին երկաթգիծը (տեսանյութ)

Զարթոնքում լարված իրավիճակ է, հնչել են կրակոցներ. կա վիրավոր. գյուղացիները փակել էին երկաթգիծը (տեսանյութ)

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի գյուղապետ Պարույր Սարգսյանի թոռը՝ 27-ամյա Նարեկ Մելքոնյանը, այսօր առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում, կրակ է բացել գյուղացիների ուղղությամբ, կա առնվազն մեկ վիրավոր:

Համայնքի բնակիչներից Համլետ Աբովյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք այս պահին փակել են Երեւան-Գյումրի երկաթգիծը։

«Կրակոցներից առաջ գյուղապետի կողմի ժողովուրդը հարձակվել է մեր ցուցարարներից Վարդան Պողոսյանի տան վրա։ Սկսվել է ծեծկռտուք երկու կողմերի միջեւ։ Վարդան Պողոսյանը գլխի վնասվածք է ստացել, ու հիմա Մեծամորի հիվանդանոցում պառկած է»,- ասաց նա։

Աբովյանի խոսքով՝ Նարեկ Մելքոնյանը նշան է պահել ցուցարարների ոտքերին եւ վնասվածք է ստացել 35-ամյա Սեյրան Սահակյանը. «Որսորդական զենքով էր կրակում։ Մոտ մի 4-5 պատրոն կրակեց, որից երեքը իմ ուղղությամբ էր, մյուս մեկն էլ կպավ ընկերոջս՝ Սեյրանին»:

NEWS.am-ը զրուցեց նաեւ Զարթոնքի գյուղապետ Պարույր Սագսյանի հետ, ով Նարեկ Սարգսյանի պապն է: Ըստ նրա՝ ցուցարարներն առավոտյան հարձակվել են իր աղջկա՝ Մանուշ Սարգսյանի տան վրա, իր թոռն էլ պաշտպանվելու համար որսորդական հրացանից մի քանի անգամ կրակել է օդ. «Հնչել են կրակոցներ, այո որովհետեւ 50 հոգով մտել են աղջկաս տան դուռն ու պատուհաններն են կոտրել, թոռս էլ վախեցել է, ու պաշտպանվելու համար սկսել է կրակել օդ։ Փամփուշտն էլ հակադարձել ու կպել է մեկի ոտքին»,-ասաց նա, եւ ավելացրեց, որ այդ պահին ոստիկանները եկել են հանդարտեցնելու բախումները, իսկ բնակիչները ոստիկանների ուսադիրներն են պոկել ու քարերով խբել։

ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ մեկ հոգի որսորդական հրացանի կոտորակից ստացել է վնասվածք. «Այո, ոստիկանության բաժին տարվել են մի քանի քաղաքացիներ, եւ այս պահին ոստիկանները կարգն են փորձում պահպանել»:

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 14։00-ի սահմաններում Զարթոնքի բնակիչների եւ դպրոցի աշխատողների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Գյուղապետի դուստրը՝ Մանուշ Սարգսյանը, համայնքի միջնակարգ դպրոցի տնօրենն է, որը, ըստ բնակիչների՝ հայհոյել է գյուղի կանանց։

***

ՀՀ ոստիկանությունից հայտնում են․

Ապրիլի 13-ի վաղ առավոտյան ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զարթոնք գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է եղել։ Այդ ընթացքում մասնակիցներից մեկը որսորդական հրացան է գործադրել։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները կանխել են միջադեպի հնարավոր անդառնալի հետևանքները։ Բացի այդ, ոստիկանները վնասազերծել են հրացան գործադրած անձին, նրան և միջադեպի մի քանի մասնակիցների բերման են ենթարկել բաժին։

Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։ Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով' առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից։ Տեղում ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ վերահսկում են օպերատիվ իրավիճակը։

***

ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են զինված միջադեպի մի շարք հանգամանքները:

Խուլիգանություն կատարելու կասկածանքով 2 անձ ձերբակալվել է: Կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և այլ գործողություններ միջադեպին մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողությունների քրեաիրավական գնահատակ տալու վերաբերյալ: Նախաքննությունը շարունակվում է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը