Կարծիք

12.04.2019 14:08


Ճիշտ չէ առանց համոզիչ պատճառների պետության առաջին դեմքի ձերբակալման նախադեպ ստեղծել

Ճիշտ չէ առանց համոզիչ պատճառների պետության առաջին դեմքի ձերբակալման նախադեպ ստեղծել

Վերաքննիչ դատարանը հերթական անգամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշումը թողեց անփոփոխ: Պաշտոնական բացատրությունը կարծես նույնն է` քննության ընթացքին խոչնդոտելու վտանգը:

Ոչ ոք չի մանրամասնում, թե կոնկրետ ինչպես եւ ինչով է Քոչարյանը խոչընդոտելու քննության ընթացքին: Քննությանը խոչընդոտում են թաքնվելով, փախչելով, քննիչի կամ այլ մարդկանց վրա ազդելով:

Միայն չափից դուրս պարզամիտ մարդը կհավատա, որ օրվա ընթացքում քսանչորս ժամ խիստ հսկողության տակ գտնվողը, իսկ դա այդպես էլ կլինի խափանման միջոցը փոխվելու դեպքում, կարող է նշված ձեւերից մեկով ազդել քննության ընթացքի վրա:

Դժվար է հավատալ, որ խափանման միջոցը կալանքն ընտրելու որոշումը քննիչն ընդունում է ինքնուրույն, կամ որ այն ուժի մեջ թողնելը դատարանն ընդունում ինքնուրույն` առանց որեւէ մեկի զանգի կամ հորդորի: Դժվար է պատկերացնել մեկին, ով կուզենար ինքնուրույն ընդունել մասնագիտական տեսակետից խիստ կասկածելի հիմնավորումներով եւ ձեւակերպումներով որոշում:

Նման որոշումների հետեւանքները մենք զգում ենք եւ շարունակելու ենք զգալ: Նման որոշումներով, կարծես թե, արդեն իսկ խնդիրներ ունենք մեր ռազմավարական թիվ մեկ դաշնակցի հետ հարաբերություններում:

Կարծում եմ, որ մեր երկրի նպատակը չպետք է լինի մեզ համար բարդ խնդիրներ ստեղծելն ու դրանք լուծելու փորձերը: Շատերն են հիմա հարցնում, թե ինչ նպատակ է հետապնդում իշխանությունը Քոչարյանին կալանավորելով եւ կալանքի ժամկետները երկարացնելով: Վարկածները բավական շատ են, այդ թվում ժողովրդին հիմնական խնդիրներից շեղելը, անձնական վրեժխնդրությունը, քաղաքական հիմնական մրցակիցներից մեկին չեզոքացնելը, եւ այլն, եւ այլն:

Հարց է առաջանում նաեւ, թե որքան կարող է ձգվել կալանքի երկարացման գործընթացը: Ակնհայտ է` ոչ անվերջ: Կարծում եմ, որ իրականությունն այն է, որ իշխանությունները դեռեւս չունեն վերջնական որոշում, թե ինչպես են շարունակելու այս խայտառակ գործը: Այդ պատճառով էլ կալանքի ժամկետները պարբերաբար երկարացնում են:

Խնդիրն այն է, որ վաղ թե ուշ այդ գործը քանդվելու է, որոշումները բեկանվելու են: Լինի դա մեր դատարաններում, թե Եվրոպայում: Իսկ դրա համար վճարելու է երկիրը:

Ստեփան Մարգարյան

ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման և

տեղական ինքնակառավարման հարցերի

մշտական հանձնաժողովի նախկին նախագահ

Այս խորագրի վերջին նյութերը