Քաղաքական

10.04.2019 14:11


ԵԽԽՎ-ում Փաշինյանին հարց տալու համար գրանցվել է Ադրբեջանի գրեթե ամբողջ պատվիրակությունը

ԵԽԽՎ-ում Փաշինյանին հարց տալու համար գրանցվել է Ադրբեջանի գրեթե ամբողջ պատվիրակությունը

Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստրասբուրգ կատարելիք այցի օրակարգի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Պարույր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ-ում ՀՀ վարչապետին հարցեր տալու համար արդեն իսկ կան գրանցվածներ, ցուցակը բազմազան է, իսկ գրանցումը դեռևս շարունակվում է:

«Կարելի է պատկերացնել, որ հարցեր կլինեն Հայաստանում ժողովրդավարության, տարածաշրջանային զարգացումների, Լեռնային Ղարաբաղի խնդրի, եվրոպական և այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ: Հարցերը կլինեն բազմազան»,- մանրամասնեց Հովհաննիսյանը:

Նա նաև հայտնեց, որ ՀՀ վարչապետին հարց տալու համար գրանցվել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գրեթե ամբողջ պատվիրակությունը: Նրա խոսքով՝ ադրբեջանցիների հարցերը կանխատեսելի են:

Հարցին, թե ըստ օրակարգի՝ քանի՞ պատվիրակ Նիկոլ Փաշինյանին հարց տալու հնարավորություն կունենա, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը պատասխանեց, որ դա կախված է ժամանակից. «Պետության ղեկավարներին մեկ ժամ է հատկացված, որի մեջ ներառվում են ելույթը և հարցերը: 15-20 րոպե ելույթի համար կլինի, և մոտ 30-35 րոպե կհատկացվի հարց ու պատասխանին»,- ասաց նա:

Պարույր Հովհաննիսյանն ընդգծեց, որ ՀՀ վարչապետի՝ Ստրասբուրգ այցի օրակարգը շատ հագեցած է, նախատեսված են հանդիպումներ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկեի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ:

«Պաշտոնապես կբացվի Հայաստանի թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես. այն կբացեն վարչապետը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը և ԵԽԽՎ նախագահը: Նաև նախատեսված է հանդիպում Ստրասբուրգի հայ համայնքի հետ, ինչպես նաև այցելություն Ստրասբուրգի Մայր տաճար»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա շեշտեց, որ ՀՀ վարչապետի՝ Ստրասբուրգ կատարելիք այցից ակնկալիքները մեծ են:

«Մենք լայն օրակարգ ունենք Եվրոպայի խորհրդի հետ, հատկապես օրենսդրական բարեփոխումների, Եվրոպայի խորհրդի մի շարք կոնվենցիաների ստորագրման և վավերացման, ինչպես նաև մասնագիտական մարմիններին անդամակցությունն ընդլայնելու առումով: Եվ այս քննարկումները միանշանակ կնպաստեն այդ գործընթացին: Մենք ունենք գործողությունների ծրագիր Եվրոպայի խորհրդի հետ, 2019 թվականին պետք է տանք մեկնարկը, ծրագիրը նախատեսված է 4 տարվա համար, որը ներառում է տարբեր ոլորտներում աջակցություն կազմակերպության կողմից: Եվ, իհարկե, այս այցը այդ գործընթացին նույնպես լիցք կհաղորդի»,- նշեց Պարույր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ վարչապետի այցը նաև Ստրասբուրգի հայ համայնքի հետ շփվելու լավ առիթ է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 10-11-ը աշխատանքային այց կկատարի Ստրասբուրգ՝ Եվրոպայի խորհուրդ: ՀՀ վարչապետն ապրիլի 11-ին կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորների հարցերին:

Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լիլիան Մորի-Պասկիեի, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյի հետ: Նիկոլ Փաշինյանը և Թորբյորն Յագլանդը հանդես կգան ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ:

ՀՀ վարչապետը, ԵԽ գլխավոր քարտուղարը և ԵԽԽՎ նախագահը Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում՝ Եվրոպայի պալատում, պաշտոնապես կբացեն «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:

Այցի շրջանակում նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը