Կարծիք

10.04.2019 12:51


Փաշինյանի «լուկաշենկոյացումը»

Փաշինյանի «լուկաշենկոյացումը»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր թիմն ամեն ինչ անում են հասարակության ուշադրությունը հետհեղափոխական Հայաստանում կուտակված կարևորագույն խնդիրներից և իշխանությունների բացթողումներից շեղելու նպատակով՝ հրապարակ նետելով բազմաթիվ կեղծ օրակարգեր՝ ասֆալտին փռելուց, «հանգիստ նստեք տեղներդ» օպերացիայից, տրանսգենդերին ԱԺ-ում ամբիոն տրամադրելուց մինչև վարչապետի կողմից «կեղտոտ» աշխատավայրեր այցելելը և այլն…

Կեղծ օրակարգերը մեյդան նետելու քաղաքականությունը սկսվեց հենց հեղափոխության հաջորդ իսկ օրը, սակայն վերջին շրջանում դա ավելի ցայտուն է աչքի ընկնում…

Ապրիլի 9-ի վաղ առավոտյան ՊԵԿ-ի հովանու ներքո գործող Նորագավիթի մաքսակետ այցելած պարոն Փաշինյանը զայրացել է մաքսակետի սենյակներից մեկում դրված ՀՀ դրոշի «վիճակից», աշխատասենյակների և ընդհանրապես մաքսակետի հիգիենիկ վիճակից… Իր սիրելիին և յուրայիններին մի քանի միլիոն դրամ պարգևավճարներ տրամադրած ՊԵԿ նախագահ Անանյանը փորձել է մեղմել վարչապետի զայրույթը՝ մաքսակետի կեղտոտությունը բացատրելով, որ այդ տարածքը ՊԵԿ-ինը չէ, այլ վարձակալված է, որն էլ ավելի է հունից հանել Փաշինյանին, որն հրահանգել է «տուգանված» սենյակի բոլոր աշխատակիցներին «դիմումները գրել ու տուն գնալ»…

Պարոն Փաշինյանը Նորագավիթի մաքսակետում տարրական «գրագողությամբ» զբաղվեց՝ կրկնելով Բելառուսի բռնապետ Ալեքսանդր-Բատկա Լուկաշենկոյի վարքագիծը, որը մի քանի օր առաջ այցելելով անասնապահական ֆերմաներից մեկը` կատաղեց և տեղում գործից ազատեց նահանգային, շրջանային մի քանի պաշտոնյաների, իսկ ֆերմայի տնօրենին ձերբակալելու հրահանգ տվեց… Սակայն պարոն Փաշինյանը երևի մոռացել է, որ նա այլ արժեքների կրող է…

Նա իշխանության է եկել, որ Հայաստանը դարձնի օրենքի երկիր… Սակայն, ինչպես տեսնում ենք, պարոն վարչապետը զայրույթի ժամանակ մոռանում է, որ ժողովրդավար է և դառնում է «Լուկաշենկո», որին միջազգային առաջադեմ հանրությունը, այդ թվում նաև Փաշինյանին թիմակից որոշ նախարարներ և երեսփոխաններ, անվանում են «Եվրոպայի վերջին դիկտատոր»…

Հետաքրքիր է, որ Փաշինյանի «լուկաշենկոյացումը» ողջունվում է նրա առաջադեմ շրջապատի կողմից…

Պարոն Փաշինյանն իր այդ հայտարարությամբ չարաշահեց իր պաշտոնեական դիրքը… Ի դեպ, պետական հիմնարկության որևէ աշխատակից պարտավոր չէ կատարել իրեն չվերաբերող աշխատանքներ… Օրինակ՝ ՊԵԿ-ի նախագահ Անանյանը լավ կլինի մի քանի հավաքարարի հաստիք ավելացնի նույն Նորագավիթի «խոզանոց» մաքսակետի համար, որ տարածքը մաքրելու պարտականությունները վարչապետը չդնի այլ աշխատակիցների վրա…

Հ.Գ. Վաղվանից աշխատանքի գնալուց հետս տանելու եմ մուրճ, ռանդա, մեխ, որ վերանորոգեմ «աշխատասենյակներիս» կահույքը… Մարդ էս, մեկ էլ տեսար դասախոսության կամ սեմինարի ժամանակ լսարան մտնի Նիկոլ Փաշինանը ու զայրանա, թե ինչու են ուսանողները նստած խարխուլ նստարանների վրա, իսկ ես էլ դասախոսությունս մատուցում եմ կոտրված ամբիոնից… Որքան հասկանում եմ, Հայաստանին անհրաժեշտ են ունիվերսալ մասնագետներ…:

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը