Կարծիք

10.04.2019 10:00


Տարածաշրջանի գինովցած թվերը

Տարածաշրջանի գինովցած թվերը

Գինեգործությունը մեր տարածաշրջանում տնտեսության ավանդական ճյուղ է: Ուստի հետաքրքիր է համեմատել, թե ինչ քանակությամբ գինի է արտադրվում տարածաշրջանի երկրներում: Եվ, որ ավելի կարևոր է, համադրել արտահանումների ծավալները:

Որքան էլ տարօրինակ լինի, Հայաստանը Վրաստանից և Ադրբեջանից նկատելիորեն քիչ է գինի արտադրում: Պաշտոնական տվյալներով՝ 2018թ.–ն մեր գինեգործության համար հաջող տարի չես համարի: Նախ՝ արտադրվել է մոտ 8,8 մլն լիտր գինի: Իսկ արտահանումների ծավալը 10.3 տոկոսով կրճատվել է:

2008թ. հայտնի «հնգօրյա» պատերազմից հետո Ռուսաստանը մի քանի տարի փակեց իր շուկան վրացական գինիների համար: Այդ պահին հույս կար, որ մեր գինիներն ինչ–որ չափով կարող են օգտվել իրավիճակից և հաստատվել ռուսաստանյան շուկայում: 2007թ. Վրաստանից ՌԴ էր արտահանվել 100 մլն դոլարը գերազանցող գինի: Չստացվեց: Արգելքը հանելու հենց հաջորդ տարին վրացական գինիները կրկին հատեցին 100 մլն դոլարի չափաբաժինը: Անցած տարի Վրաստանն արտահանել է 86.2 մլն շիշ գինի` 2017-ի 76.7 մլն-ի համեմատ: Արտահանումների դիմաց Վրաստանը 2017-ին «ստացել է» 170 մլն դոլար: Իսկ 2018-ին` 203 մլն դոլար: Ընդ որում, վրացական վիճակագիրները նշում են, որ արտահանումների հիմնական շուկան Ռուսաստանն է (ընդհանուրի 62.3 տոկոսը), ապա՝ Ուկրաինան (12.4 տոկոս), Չինաստանը (8.1): Ահա այսպիսին է վրացական գինեգործության արտահանման հիմնական պատկերը:

Ադրբեջանի պարագայում մասշտաբներն, իհարկե, այլ են: 2018թ. այս երկրում արտադրվել է 14 մլն շիշ գինի, որից արտահանվել է 5 մլն-ն: Կրկին արտահանման հիմնական ուղղությունը Ռուսաստանն է (85 տոկոս), ապա՝ Չինաստանը (7 տոկոս): Արձանագրեք, որ Չինաստանը 2017-ից հետո մեր տարածաշրջանի գինեգործների համար բավական խոստումնալից սպառման շուկա է դառնում:

Հայաստանի պարագայում էլ վրացական 200 մլն դոլարը գերազանցող արտահանումն անհասանելի երազանք է: Աղյուսակից կարելի է նկատել, որ արտահանման ռեկորդային ցուցանիշ արձանագրվել է 2017-ին` 10 մլն 794 հազար դոլարի չափով: Բայց 2018-ի այն նվազել է՝ դառնալով մոտ 9.5 մլն դոլար: Աղյուսակից պարզ նկատելի է, որ արտահանման տեմպերը բավական անկանոն են: Օրինակ՝ 2014թ. գրանցված աճին 2015-ին կտրուկ անկում է հաջորդում: 2016–ին նորից թռիչքաձև աճ կա:

Եթե հաշվի առնենք, որ մեր գինիների հիմնական շուկան էլ Ռուսաստանն է, ապա դժվար է հիմնավոր բացատրություն գտնել, թե ինչու է սպառումն այդքան կտրուկ տարբերություններ արձանագրում: Այսպես, 2018-ի 10 տոկոսը գերազանցող անկումը «համահունչ» է ռուսաստանյան շուկայի տվյալների հետ: 2017-ին ՌԴ արտահանման ծավալը 83 տոկոս էր, իսկ 2018-ին այն նվազել է՝ 79.6 տոկոս: Ընդ որում, անկումն ավելի մեծ կլիներ, եթե 2018-ին 1 մլն շիշ նռան գինի չարտահանվեր Չինաստան:

Արձանագրենք, որ խաղողի գինի այս երկիր արտահանելու հարցում զիջում ենք մեր հարևաններին: Դիտարկենք նաև ներկրված գինու ծավալները: Վերջին 10 տարում 1-ից համարյա 2 մլն գինի ենք ներմուծում տարեկան: Անցած տարվա տվյալներով՝ արտահանման ծավալի 16 տոկոսի չափով գինի է ներմուծվել: Ընդ որում, ներմուծումների դեպքում ավելի մեծ քանակով երկրներ են արձանագրվում, քան արտահանումների: Ներմուծումների 1.5 մլն–ն գերազանցող ծավալում գինիների 30 տոկոսը ներկրվում է Իսպանիայից, 25 տոկոսը՝ Իտալիայից, 16 տոկոսը՝ Ֆրանսիայից: Ցուցակում կա ևս 10 երկիր: Տարօրինակ է, բայց մենք գինի ներմուծում ենք Բելառուսից, Գերմանիայից, Ավստրալիայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Նկատենք նաև մեկ տարօրինակ փաստ: Գինիների մեր ներմուծման ծավալում վրացական գինիների մասնաբաժինը անցած տարի կազմել է ընդամենը 3.7 տոկոս: Շատ է սա, թե քիչ, կարելի է դիտարկել համեմատության մեջ. 2018-ին Գերմանիայից ավելի շատ գինի է ներմուծվել (ընդհանուրի 4 տոկոսը):

Մեկնաբանել պետք չէ։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը