Կարծիք

09.04.2019 15:50


Սեռական փոքրամասնությունների որոշ ներկայացուցիչներ հեռու պիտի մնան․․․

Սեռական փոքրամասնությունների որոշ ներկայացուցիչներ հեռու պիտի մնան․․․

Տրանսգենդերների ու մյուս տիպի սեռական փոքրամասնությունների հետ կապված ժամանակ առ ժամանակ սրացումները ոչ այլ ինչ են, եթե ոչ մեր հասարակությանը նետված պրովոկացիոն խայծեր: Հատուկ քաղաքականություն է տարվում մեզանում մի կողմից հոմոֆոբիան խորացնելու, իսկ մյուս կողմից էլ դրա արդյունքում «տուժածների» ու դրա դեմը «հերոսաբար» պայքարողների կաստա ստեղծելու ուղղությամբ: Այս ամենը արվում է, որպեսզի մարդկանց մեջ ձևավորվի կարծրատիպ, համաձայն որի՝ մեր ազգային մշակույթն ատելություն սերմանող մշակույթ է, որ այն հոմոֆոբ է ու այլատյաց: Սա շատ վտանգավոր երևույթ է, քանի որ շատերը իսկապես սկսում են հավատալ դրան, և ոչ միայն հայության ներսում, այլև ամբողջ աշխարհում, ու դրա նպատակն է առավելագույնս վարկաբեկել հայ ժողովրդին ու հայոց մշակույթը՝ այն որակելով որպես հակատոլերանտ, որն այնքան հետ է մնացել քաղաքակրթությունից, որ թքած ունի մարդկանց իրավունքների և ժողովրդավարության ավանդույթների վրա:

Այս խնդիրն արհեստականորեն ուռճացնելով՝ մեր նոր կառավարությունը կարողանում է հասարակության մեջ նաև այս ճակատում ներքին բևեռվածություն ստեղծել ու մեկը մյուսին բացարձակապես չհանդուրժող տեսակետների բախում ապահովել: Իրենք առանց այն էլ մեր թույլ ու ջլատված հասարակությունն ավելի ջլատելու և ավելի խոցելի դարձնելու խնդիր են լուծում: Փոխանակ ազգը կոնսոլիդացնելու ուղղությամբ շարժվեն՝ շարժվում են բոլորովին հակառակ ուղղությամբ՝ ազգը բաժանելով մեկը մյուսին չհանդուրժող սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների, եկեղեցին ատողների ու այն դանցից պաշտպանողների, հոմոֆոբների ու հոմոսիրահարների:

Ելնելով այս ամենից՝ մեր սիրելի հայրենակիցներին ուղղակի կոչ եմ անում կուլ չտալ այս խայծը, ուղղակի աշխատեք չնկատել սեռական փոքրամասնությունների հետ կապված ցանկացած հիստերիկ ճվճվոց, դա ծուղակ է, որտեղից դուրս պրծնելը շատ դժվար կլինի: Նույնիսկ այն հոմոսեքսուալները, որոնք ներքաշված են քաղաքական այս կեղտոտ խաղ, մի որոշ ժամանակ անց կհասկանան, որ իրենց ուղղակի օգտագործել են:

Մեր հասարակության ու պետության առջև շատ ավելի լուրջ խնդիրներ կան ծառացած, որոնք իսկապես ազգովի քննարկելու և լուծումներ գտնելու անհրաժեշտություն ունեն, իսկ սեռական փոքրամասնությունների որոշ ներկայացուցիչներ ինչքան որ հեռու մնան իրենց սպեցիֆիկ խնդիրները կեղտոտ քաղաքական ինտրիգներին ծառայեցնելու պրակտիկայից, այնքան իրենց իսկ համար ավելի լավ կլինի, քանի որ նման բաներն ավելի են նպաստում հասարակության մեջ իրական հոմոֆոբիայի ու անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը:

Եկեք չմոռանանք վերջապես, որ սեռական փոքրամասնությունները Հայաստանում իրենց այնքան էլ վատ չեն զգում. եթե այդպես չլիներ նրանք չէին մտնի ոստիկանական բաժանմունք ու այնտեղ առանց վախենալու չէին հարձակվի ոստիկանների վրա կամ, ասենք, ընդունելության չէին արժանանա նախարարների մոտ, կամ ելույթներ չէին ունենա ԱԺ-ում և այլն. սրանք բաներ են, որոնք հասու չեն մեր շարքային քաղաքացիներին, իսկ իրենց համար, փաստորեն, ամեն տեղ կանաչ լույս է վառվում: Այնպես որ, սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները մեր երկրում, կարելի է ասել, ինչ–որ իմաստով նույնիսկ արտոնյալ են, և ոչ թե հակառակը: Չմոռանանք, որ նրանցից շատերը, առանց վախենալու, բացեիբաց մարմնավաճառությամբ են զբաղվում այն դեպքում, երբ Հայաստանում մարմնավաճառությունն օրենքով արգելված է:

Մարդու իրավունքների տեսանկյունից արտոնյալ խմբերի գոյությունն անթույլատրելի է, մարդիկ, անկախ իրենց սեռական պատկանելությունից, սեռային կողմնորոշումներից, ազգությունից, քաղաքացիությունից, մաշկի գույնից ու կրոնական պատկանելությունից, պիտի իրավահավասար լինեն, և չնայած որ ժողովրդավարությունը մեծամասնության իշխանությունն է, սակայն պարտադիր պայմանով, որ այդ մեծամասնությունը կհարգի ու կընդունի փոքրամասնությունների իրավունքները, բայց մյուս կողմից էլ փոքրամասնությունները չպիտի իրենց համար արտոնյալ իրավունքներ պահանջեն և սեփական ագրեսիվությամբ ու, ներսում և դրսում եղած ինչ-ինչ ուժերի հովանավորությամբ, փորձեն հասնել դրան, դա դեմ է մարդկանց իրավունքներին ու ազատություններին, և մենք ամեն բան պիտի անենք, որպեսզի Հայաստանում դա տեղի չունենա:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը