Կարծիք

09.04.2019 12:55


«Թավշյա հեղափոխությունից» մինչև փախուստ երկրից

«Թավշյա հեղափոխությունից» մինչև փախուստ երկրից

Նա շոումեն էր ու էքսցենտրիկ։

Նա նախկին իշխանությունների հետ էր ու համարվում էր երկրի ղեկավարի «մարդը»։ Հետո որոշեց «հայրասպանություն» գործել ու հեղափոխություն անել։ «Թավշյա հեղափոխություն»։ Մի քիչ էլ՝ «գունավոր»։

Նա հեղափոխության պիկի ժամանակ սիրո և հանդուրժողականության խորհրդանիշով մտավ խորհրդարան ու բղավեց։ Բղավեց մայրենի, բայց ոչ քաղաքակիրթ լեզվով։ Նրա բղավոցները տեղավորվում էին «Հանգի՛ստ նստեք տեղներդ» տրամաբանության մեջ։

Իշխանության գալուց հետո նա սիրում էր տեսախցիկների առաջ պոպուլիզմով զբաղվել։ Օրինակ՝ գնում էր մաքսատուն ու չափում, թե ինչքան կտևի մաքսազերծումը։ Աշխատանքից ազատում էր մարդկանց և «օն լայն» բարեփոխումներ անում։ Նա ժողովրդավարական ֆասադ էր ստեղծել, բայց բռնատիրություն էր կառուցում։

Ժողովուրդը սկզբում նրան շատ էր սիրում։ Իսկ նա սիրում էր իշխանությունը։ Ժամանակի ընթացքում ժողովուրդը նրանից զզվեց, իսկ նա է՛լ ավելի սիրեց իշխանությունը։ Ու հենց այդ իշխանությունը պահելու համար «անցումային արդարադատություն» արեց ու մեղավորության կանխավարկած կիրառեց։ Անունը դրեց «նախորդ հանցավոր ռեժիմի դեմ պայքար», բայց իրականում սկսեց հանցավոր ձևով քանդել տնտեսությունը, սեփական կապիտալը կուտակել և, ի վերջո, այնքան թուլացրեց երկիրը, որ տարածքներ կորցրեց։

Երբ համբերության բաժակը լցվեց, ժողովուրդը ոտքի կանգնեց ու քշեց նրան իշխանությունից։ Նա փախավ երկրից, իսկ նրա ընկերները հայտնվեցին բանտում բարեփոխումների ու հակակոռուպցիոն պայքարի անվան տակ թալան անելու և այլ հանցագործություններ կատարելու համար։

Նրա անունն էր Միխայիլ Սահակաշվիլի։

Հ.Գ.։ Ի դեպ, մեկ այլ «թավշյա հեղափոխական» Կերենսկին նույնպես փախել է երկրից։ Ասում են՝ կանացի շորերով։ Որպեսզի չճանաչեն։ Տեսնես՝ հիմա ինչպե՞ս է լինելու։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը