Կարծիք

08.04.2019 16:50


«Հանուն ոչնչի» տված կյանքերն ու «օկուպացված» տարածքները

«Հանուն ոչնչի» տված կյանքերն  ու «օկուպացված» տարածքները

Հայ հասարակությունը, ի թիվս այլ յուրահատկությունների, ունի մեկը, որն արժանի է առանձնակի ուշադրության: Այն է՝ իրական խնդիրները չտեսնելու ունակությունը: Անցյալ շաբաթ հպարտ քաղաքացիներից մինչև արտասահմանում բնակվող և լատինատառ տառերով «NIKOL MENQ QEZ HET ENQ» ստատուս գրողները խոսում էին տրանսգենդերի ելույթի մասին, չնայած որ ուշադրությանն արժանի ավելի կարևոր իրադարձություններ էին տեղի ունեցել: Մասնավորապես, անցյալ շաբաթվա գլխավոր նյուզմեյքերներից մեկը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն էր, ով սկզբից օդանավում մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց, մասնավորապես այն, որ վերջին շրջանում ինչ հայի հետ էլ հանդիպի, բոլորն ասում են, որ իրենք ծնունդով Իջևանից են: Դժվար է պատկերացնել, որ Մամեդյարովը հասարակ մահկանացու հայերի հետ է:

Կարելի է ենթադրել, որ, այսպես ասած, հայկական նոր քաղաքական վերնախավի հետ շփումներն են, որ Մամեդյարովին նման կարծիք կազմելու հնարավորություն են տվել: Հիմա կարող ենք պատկերացնել, թե ինչ քծնողական մթնոլորտ է տիրում հայկական քաղաքական վերնախավում: Բայց է՛լ ավելի կարևոր էր Էլմար Մամեդյարովի մեկ այլ հայտարարությունը, մեջբերենք. «Այս պահին գնդակը գտնվում է հայերի դաշտում: Իրենք պետք է կարողանան համոզել իրենց ժողովրդին, որ խաղաղությունը անհրաժեշտ է: Իրենք ժամանակ առ ժամանակ ասում են՝ վայ, իսկ դուք գիտեք՝ Ղարաբաղում այնպիսի դժվար մարդիկ են ապրում: Պարոնա՛յք, բայց դա մեր խնդիրը չէ. դա ձե՛ր խնդիրն է»:

Դիվանագիտական լեզվից թարգմանած՝ ստացվում է, որ խոսակցություն է եղել կողմերի միջև, որը հանգել է նրան, որ, փաստորեն, հայկական կողմը իր դիրքորոշմամբ դեմ չէ տարածքների հանձնմանը, բայց, ահա, «չար, նախանձ ու խաղաղություն չուզող ղարաբաղցիները» թույլ չեն տալիս դա անել: Միգուցե սա շատ նուրբ խա՞ղ է հայրենի իշխանությունների կողմից, իսկ միգուցե Մամեդյարովը պարզապես բացո՞ւմ է խաղաքարտերը և ներկայացնում այն ամենը, ինչի մասին «չբանակցությունների ժամանակ» ժողովրդի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է «կիրթ մարդու տպավորություն թողած» Իլհամ Ալիևի հետ: Չգիտեմ, դժվար է ենթադրություններ անել՝ հենվելով միայն Մամեդյարովի խոսքերի վրա, սակայն խնդիրն այն է, որ նախ հայկական կողմը հոդաբաշխ մեկնաբանություններ չի տալիս բանակցային գործընթացի վերաբերյալ, դրան էլ գումարած՝ չի հերքում Մամեդյարովի այս խոսքերը:

Ամփոփելով՝ կարելի է նշել, որ մի կողմից մենք ունենք թշնամի, որն ամենօրյա ռեժիմով պատրաստվում է պատերազմի, մյուս կողմից՝ իշխանություն, որի ղեկավարը մինչև հիմա չի կողմնորոշվել՝ ազատագրված տարածքներն ինչպես անվանել՝ «ազատագրվա՞ծ», թե՞ «օկուպացված», երկրի ներսում հանրությանը բաժանել է սևերի ու սպիտակների, իսկ երկրից դուրս իր թշնամի պետության ղեկավարին համարում է կիրթ անձնավորություն։ Եթե սրան էլ գումարենք, որ ժողովրդի վարչապետի կինն էլ համարում է, որ «մեր հազարավոր զինվորներն Արցախում իրենց կյանքը տվել են հանուն ոչնչի», կարող ենք եզրակացնել, որ ոչ միայն մեր հասարակությունը չի կարողանում կարևորը երկրորդականից տարանջատել, այլ նաև երկրի նոր ղեկավարությունն այնքան էլ լավ չի պատկերացնում՝ ինչ ասել են պետություն, անվտանգություն, պետական շահ, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն:

Պետությունը ոչ միայն կրկեսի է վերածվել, այլև բոլորիս համար վտանգավոր կրկեսի:

Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը