Քաղաքական

08.04.2019 12:15


«Սպայկա»-ի աշխատակիցները դադարեցրին բողոքի այսօրվա գործողությունը. ակցիան շարունակական է լինելու (լրացված, տեսանյութ)

«Սպայկա»-ի աշխատակիցները դադարեցրին բողոքի այսօրվա գործողությունը. ակցիան շարունակական է լինելու (լրացված, տեսանյութ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել ՊԵԿ քննչական վարչության քննիչի միջնորդությունը եւ 2 ամսով կալանավորել «Սպայկա» ՍՊ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։

NEWS.am-ի թղթակիցը դատարանից հայտնում է, որ զուգահեռ՝ դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ընկերության մոտ 500 աշխատակից: Նրանցից ոմանք հուզվել են, լաց են լինում: Նրանք հայտարարում են, որ չեն հեռանա դատարանի բակից, մինչեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չգա: Ակցիայի մասնակիցները վանկարկում են՝ «Պահանջում ենք Նիկոլին»:

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեկան գործի շրջանակներում 2019թ. ապրիլի 4-ին Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը) հատկանիշներով։

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ:

***

Ի նշան բողոքի՝ «Սպայկայի» աշխատակիցները փակել էին Երևանի Տիգրան Մեծ պողոտան:

Ցուցարարները մասնավորապես շրջափակել էին այն ավտոմեքենան, որով Ղազարյանին դատարանից տեղափոխում են կալանավայր։ Ոստիկաններին հաջողվել է բացել ճանապարհը: Սկսվել է քաշքշուկ ցուցարարների ու ոստիկանության միջև։

***

Բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցները Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտից քայլերթով շարժվեցին դեպի Կառավարության շենք:

«Մենք այստեղ դադարեցնում ենք մեր բողոքի ակցիան ու կշարժվենք Կառավարության շենքի մոտ, որպեսզի այնտեղ շարունակենք մեր բողոքը ներկայացնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրի դիմաց հայտարարեց «Սպայկա» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը:

Ընկերության աշխատակիցները դեպի Կառավարության շենք գնացին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ: Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
***

«Սպայկա» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման դեմ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկին ոստիկանությունը բերման է ենթարկել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

«Մեկ հոգի բերվել է ոստիկանություն՝ վարչական իրավախախտումների օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար: Համապատասխան գործողություններն իրականացնելուց և արձանագրություն կազմելուց հետո նրան ազատ կարձակեն»,- նշեցին ոստիկանությունից:

***

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող «Սպայկա» ընկերության աշխատակիցներին մոտեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նաիրի Սարգսյանը «Սպայկա» ընկերության աշխատակիցներին խնդրեց հստակեցնել վարչապետից իրենց ակնկալիքները՝ շեշտելով, որ վարչապետը բազմիցս ասել է, որ քրեական գործերի ընթացին երբեք չի խառնվելու, և, բնականաբար, այս գործը բացառություն չի կարող լինել:

«Եթե կա այլ բան, որ ակնկալում եք վարչապետից, ես պատրաստ եմ փոխանցել»,- ասաց Նաիրի Սահակյանը:

«Սպայկա» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանն ընդգծեց, որ իրենց համար առաջնային խնդիր է, որպեսզի իրավական բոլոր պահանջներին համապատասխան «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորումը րոպե առաջ չեղյալ հայտարարվի:

«Միգուցե ես իրավաբանորեն ճիշտ չարտահայտվեմ, բայց մենք ենթադրում ենք, որ դա հնարավոր է պաշտոնատար անձանց կողմից անձնական երաշխիքի միջոցով: Եվ մենք պահանջում ենք պարոն վարչապետի անձնական երաշխիքը, որպեսզի պարոն Ղազարյանը կալանքից ազատվի: Մենք ոչ մեկի չենք հավատում, մենք իրեն ենք հավատում և խնդրում ենք՝ իր անձնական երաշխիքով դատարանը թող չեղյալ հայտարարի կալանքի որոշումը: Մենք միջամտություն չենք ուզում, նոր Հայաստանում կառավարության կողմից չի էլ կարող լինել միջամտություն դատական իշխանության գործերին, մենք դա չենք պահանջում»,- ասաց Բաղդասարյանը:

ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հարցրեց՝ չե՞ն կարծում, որ վարչապետի կողմից նման միջնորդությունը կհանդիսանա ազդեցություն քրեական գործի վրա, ինչին ի պատասխան՝ «Սպայկա» ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը պատասխանեց.

«Ո՛չ, ի՞նչ տարբերություն՝ այդ միջնորդությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի՞ն, թե՞ վարչապետը, եթե դատական իշխանության վրա ազդեցություն չկա: Մենք ընդամենը ուզում ենք, որ Դավիթ Ղազարյանը օրենքի շրջանակներում, առանց որևէ ազդեցության հետաքննության վրա, մեկ րոպե առաջ ազատ արձակվի: Մենք ուզում ենք մեկ րոպե առաջ անձնական երաշխավորությամբ նրան ազատ արձակել»:

Նաիրի Սարգսյանն ընդգծեց, որ ինքը փոխանցեց վարչապետի տեսակետը, որ նա չի կարող միջամտել որևէ քրեական գործի ընթացքին, և այս գործը բացառություն չէ:

«Ես ձեր պահանջը բառացի կփոխանցեմ վարչապետին»,- ասաց Սարգսյանը:

Կարեն Բաղդասարյանն էլ ի պատասխան նշեց, որ իրենց կարծիքով այն, ինչ իրենք ցանկանում են, իրականանալի է:

«Մենք փոխանցեցինք մեր ուզածը և կսպասենք պատասխանի»,- նշեց նա:

***

«Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման դեմ բողոքի ակցիան, որը շարունակվում էր Կառավարության շենքի դիմաց, ավարտվեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բողոքի ակցիա իրականացնող անձինք որոշում կայացրին վերադառնալ իրենց տները կամ աշխատանքի վայր: Ակցիաները շարունակական են լինելու, սակայն մանրամասներ չհայտնվեցին, թե ինչպես և որտեղ է իրականացվելու հերթական ակցիան:

«Ադմինիստրացիայի աշխատակիցներին խնդրում եմ գալ աշխատավայր, իսկ ջերմոցների աշխատակիցներին՝ գնալ տուն, հանգստանալ, ուժ հավաքել: Մենք այժմ իրավունք չունենք էմոցիաներով շարժվել»,- նշեց Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ հետագա քայլերի մասին իրենք հավելյալ կտեղեկացնեն:

Այս խորագրի վերջին նյութերը