Կարծիք

07.04.2019 21:58


Պանդորայի արկղը բացել ենք, պետք չէ բացել նաև Սոդոմ-Գոմորի ճանապարհը

Պանդորայի արկղը բացել ենք, պետք չէ բացել նաև Սոդոմ-Գոմորի ճանապարհը

Այս օրերին համացանցում ամենաշատ քննարկվող հարցը ԱԺ-ում տրանսգենդերի ելույթն է: Թեպետ մի առիթով արտահայտել եմ այն կարծիքը, որ նման դրսևորումները մեզանում հոգևորի աննախադեպ նահանջի արդյունք է, այդուհանդերձ, այդ երևույթի հանրային քննարկումների բովանդակային կողմը ցույց է տալիս, որ մեզանում շատերիս մոտ բարոյական նորմերի ազդեցությունը շոշափելի է, և դա ուրախացնող փաստ է:

Սակայն, ըստ իս, հանրային դիսկուրսին բոլորովին այլ որակ են հաղորդում այն մեկնաբանությունները, որոնք փորձում են խնդիրը տեղափոխել իրավունքի կամ ֆորմալ իրավական կարգավորումների հարթություն՝ վկայակոչելով վավերացված ամենատարբեր կոնվենցիաներ կամ համաձայնագրեր: Մինչդեռ ֆորմալ առումով իրավական կարգավորումներից բացի հանրությունը առաջնորդվում է նաև բարոյականությամբ և արժեհամակարգով պայմանավորված սովորույթի ուժով գործող նորմերով և հաճախ դրանց պրիզմայով էլ ընկալում կամ մեկնաբանում է այս կամ իրավական նորմը:

Հարց է առաջանում՝ արդյոք բացառապես օրենքո՞վ է պետք մեզանում արգելել «շնանալը»՝ սեռական հարաբերություններն ընկերոջ կնոջ կամ քրոջ հետ կամ, ասենք, հարազատների միջև (թող ներվի ինձ այս բացախոսությունը): Չէ՞ որ ժողովրդավարական ավանդույթներ չձևավորած այնպիսի հասարակություններում, ինչպիսին մերն է, սովորույթի ուժով ձևավորված հանրային առողջ վարքագծի կանոնները համակարգաստեղծ դերակատարում ունեն և կոչված են առողջացնելու հանրային կյանքը: Մեզանում անհանդուրժելի պետք է լինի այն ազատությունը, որը փորձում են իրականացնել մեր հանրային կյանքի ապաբարոյականացման, մեր սերնդի մեջ «շնանալը» սերմանելու միջոցով: Այդ առումով խորհուրդ կտայի ընթերցել Ալեքսիս Թոքվիլի «Դեմոկրատիան ԱՄՆ-ում» աշխատությունը, որում հանճարեղ պատմաբանն ու փիլիսոփան բացահայտում է, թե հատկապես հյուսիսային նահանգներում հասարակական համակարգերի ձևավորման պատմական գործընթացում, ինչպիսի վճռական դերակատարում է ունեցել հանրային կյանքում մաքրամոլների բարոյական անխախտելի նորմերին հետևելը (այդ գործոնը մեծ ազդեցություն է ունեցել նաև «հյուսիսի և հարավի» միջև քաղաքացիական պատերազմի արդյունքի վրա):

Բոլոր նրանց, ովքեր գտնում են, որ մեր իրականությունում արժեհամակարգի և բարոյական նորմերի կիրառման կոնտեքստում յուրաքանչյուրն ազատ է անել այն, ինչ արգելված չէ օրենքով կամ ազատ է օրենքի որևէ նորմ մեկնաբանել՝ առաջնորդվելով մեզ համար խորթ և օտար բարոյական նորմերով, ուզում եմ ուղղել մեկ հարց:

Եթե մեր Սահմանադրությամբ ամրագրված լիներ, որ ՀՀ-ում ընտանիքը չափահաս անձանց միջև, ընդգծում եմ՝ չափահաս անձանց միջև, ընտանիք կազմելու նպատակով միությունն է, արդյոք դուք միանշանակ կպնդեի՞ք, որ այդ նորմը, ըստ էության, կանաչ լույս է վառում միասեռականների միջև ընտանիք կազմելու և երեխաներ որդեգրելու համար, թե՞, այդուհանդերձ, այդ նորմը կընկալեիք առաջնորդվելով ընտանիքի մասին Ձեր բարոյական արժեհամակարգով:

Իհարկե, մեր Սահմանադրությամբ մենք բացառել ենք ընտանիքի որևէ այլ, մեզ համար խորթ և օտար արժեքային մեկնաբանման հնարավորությունը, սակայն այն բոլորովին չի նվազեցնում հանրային կյանքում առողջ սովորույթի ուժով վարքագծի չգրված կանոններով առաջնորդվելու կարևորությունը: Խնդիրը բացառապես հանրության համար ընդունելի բարոյական բարքերի և սովորույթի ուժեվ չգրված վարքագծի կանոններին է վերաբերում:

Պանդորայի արկղը բացել ենք, պետք չէ բացել նաև Սոդոմ-Գոմորի ճանապարհը: Սա է հարցը:

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը