Մեկնաբանություն

06.04.2019 16:51


«Քուչի կռվի» վերածված քաղաքականություն  (տեսանյութ)

«Քուչի կռվի» վերածված քաղաքականություն  (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գյումրի՝ հընթացս գովազդելով գնացքի սրահն ու սանհանգույցը:

Գյումրիում նրա ներկայությամբ միջադեպ տեղի ունեցավ: Ու երևի այդ միջադեպն ազդեց նրա պոետիկ տրամադրության վրա, ու հայ ժողովուրդը զրկվեց հերթական հրաշք-բանաստեղծությունից:

Բանն այն է, որ փողոցում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ լեզվակռվի մեջ մտան Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը և ինչ-որ մեկը: Այս ամենը տեղի ունեցավ «ժողովրդի վարչապետի» ներկայությամբ: Փաշինյանը ստիպված էր միջամտել:

«Էէէ, չեղավ, կարողա՝ հիմա քուչի կռիվ սկսեք: Մի հատ հանգստացե՛ք, այ քեզ բա՜ն: Իմ ներկայությամբ էդպես բաներ եք անո՞ւմ»,- կողմերին դիմելով՝ հայտարարեց բարկացած Փաշինյանը:

Փաշինյանի իշխանության գալը և հատկապես նրա վարչապետական շրջանն աչքի են ընկել քուչի կռիվ հիշեցնող գործընթացներով: Եվ ուրեմն, ինչո՞ւ է զարմանում ու բարկանում Փաշինյանը, երբ իր ներկայությամբ քուչի մակարդակի լեզվակռիվ են սկսում չինովնիկները:

Օրերս Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ քուչի կռվին ներհատուկ բառապաշարով հանդես եկավ՝ սպառնալով այլոց ծնոտներին ֆիզիկական ազդեցություն գործադրել: Մինչ այդ եղել էին «ասֆալտին փռելն» ու «պատերին ծեփելը»:

Ի դեպ, երբ ծնոտի կամ «չանի» մասով նախաձեռնությամբ էր հանդես գալիս Թոխմախի Մհերը, ապա դա համարվում էր սխալ, իսկ ահա «ժողովրդի վարչապետի» դեպքում նորմալ է համարվում, և մեր առաջադեմ ու սարսափելի իրավապաշտպանական «կռուգը» ծպտուն չի հանում: Իրոք որ, մեր երկրում իրավիճակ է փոխվել: Ինչևէ:

Երբ Փաշինյանը մի կողմից «կռուտոյ տղա» է խաղում ու «գողական գնում», իսկ մյուս կողմից՝ «գործ տվողի» դերում հանդես գալիս, ապա բնական է, որ այդ պայմաններում «բազառը» դառնում է մեր քաղաքական կյանքի անբաժան մասը:

«Բազառ» է ամենուրեք: Դատավորներին հաթաթա տալուց մինչև «հեռախոսային արդարադատություն», փող խլելուց մինչև աշխատող կրճատելը, ՀՔԾ-ին հրահանգ տալուց մինչև բանտում գտնվող մարդուն գաղտնի նկարելը:

Փաշինյանի վարչապետությամբ «քֆուրը» և «քուչի կռիվը» մուտք գործեցին պետական կառավարման ոլորտ: Փաստարկի բացակայության վկայություն հայհոյանքը դարձավ իշխանությունների բառապաշարի անբաժան ուղեկիցը:

«Քֆուրն» ու «քուչի կռիվը» քաղաքականության մեջ լեգիտիմացվել են: Չկայացած մարդիկ ու ամբողջ կյանքում «մամայի կամ ինժեներ բալա» եղածները հայտնվել են իշխանության մեջ ու ինքնահաստատվում են «քֆուր» տալով: Դա իրենց ենթագիտակացական մղումն է՝ մինչիշխանական ժամանակահատվածում ձևավորված բարդույթներից ձերբազատվելու նպատակով:

«Քուչի կռիվը» հիմա խաղի կանոն է դարձել: Ու սրանք այդ կանոնի ապագա զոհերն են լինելու: Քանզի ամբոխը սիրում է կուռքեր ստեղծել, բայց հաճույքով տապալում է իր իսկ ստեղծած կուռքերին: Ու այդ ժամանակ վայն եկել է ու տարել քայլարածներին:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը