Կարծիք

06.04.2019 10:00


Էներգետիկայի ոլորտում իրավիճա՞կ է փոխվել

Էներգետիկայի ոլորտում իրավիճա՞կ է փոխվել

Այս շաբաթ տնտեսության մի ոլորտում նույն թեմայի մասին զրույցները կարևորվեցին նախ Եվրոպայում, ապա՝ Հայաստանում: Ցավոք, տնտեսության այս ոլորտը կարելի է որակել «ամենաքաղաքականը»: Խոսքը գազի մասին է: Հայտնի է, որ գազի գինը բորսայական գնանշում չունի: Հետևաբար, մատակարարման գինը կախված է արտահանող և ընդունող երկրների հարաբերություններից:

«Հեռավոր»` 2017թ. ակնհայտ էր, որ գազը եվրոպական շուկայում թանկանում է (ի վերջո, տարվա ընթացքում այն թանկացավ 10 տոկոսի չափով): Մյուս կողմից, աճում էր արևմտյան տնտեսական պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական էներգաբիզնեսում (այդ տարի հասավ 34.2 տոկոսի): Նույն 2017-ի օգոստոսին ԱՄՆ-ը փորձեց հեղուկ գազի առաքումով հակակշռել ռուսական առաջարկը: Լիտվա կատարած ծովային առաքումը հնարավոր է, որ բավարար էր այդ փոքր երկրի տնտեսության համար: Փոխարենը՝ Գերմանիան, ի հակադրություն իր և իր գործընկեր արևմտյան երկրների կողմից կիրառվող տնտեսական պատժամիջոցների, ներքաշվեց ռուսաստանյան նոր` «Հյուսիսային հոսք 2» գազամուղի շինարարության գործընթաց:

Այս շաբաթ ՆԱՏՕ-ական քննարկումներում Ամերիկայի ներկայացուցիչը հայտարարեց, որ անթույլատրելի է համարում Գերմանիայի մասնակցությունը ռուսական «Գազպրոմի» ծրագրերին:

Իսկապես, Եվրոպայի ամենամեծ տնտեսությունն ունեցող երկիրը ոչ մի կերպ չի հրաժարվում գազի մատակարարման ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցելուց: Ամերիկյան կողմի գնահատմամբ՝ Գերմանիայի իշխանությունները սեփական տնտեսությունը դարձնում են պատանդ: Գերմանացիները, բնականաբար, համաձայն չեն: Եվրոպան սովորաբար չի «սիրում» հակադրվել ԱՄՆ-ին: Հատկապես քաղաքական ոլորտում: Բայց տնտեսության մեջ շահի գաղափարը, որպես կանոն, դոմինանտ է: 2018թ. տվյալներով՝ «Գազպրոմի» մասնաբաժինը եվրոպական էներգաբիզնեսում աճեց 2.5 տոկոսով (կազմելով ընդհանուրի 36.7 տոկոսը):

Վերադառնանք մեր իրականություն: 2018-ի ողջ ընթաքում մեզ թվում էր, թե քաղաքական ռևերանսների արդյունքում կհաջողվի ավելի նպաստավոր պայմաններ կնքել «Գազպրոմի» հետ: Ի վերջո, պարզվեց, որ քաղաքական հաշվարկները սխալ էին: Գազի գինը սահմանին թանկացավ 10 տոկոսով: Այդ պահին հիշեցինք, որ ԱՊՀ երկրներից ամենաթանկ գազը ստանում է Հայաստանի և Մոլդովայի բնակչությունը:

Մեր իշխանությունները խոստացան, որ թույլ չեն տա բարձրացնել գազի գինը (նման բան եղել էր տարիներ առաջ: Ի վերջո, բնակչության փոխարեն վճարեց պետությունը` «Գազպրոմ Արմենիայի» իր վերջին մասնաբաժինը զիջելով: Բայց հիմա անցյալի սխալները հիշելը նորաձև է միայն քննադատելու համար: Դաս քաղելը նորաձև չէ):

Մինչ այսօր մեր իշխանությունները թաքցնում էին «Գազպրոմի» հետ բանակցությունների թե՛ թեման, թե՛ ընթացքը: Ու հանկարծ Ռուսաստան-Հայաստան տնտեսական համագործակցության միջկառավարական նիստում մերոնք նոր առաջարկ են արել: Այն պաշտոնապես հնչում է այսպես. «Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը նպատակահարմար է համարում «Գազպրոմի» հետ անցնել հնգամյա համաձայնագրի` գազի գնի ամենամյա սահմանման փոխարեն»:

Մի կողմ թողնենք այս տեքստում դեմքը փրկելու քաղաքական բաղադրիչը: Մի կողմ թողնենք ու զարմանքով արձանագրենք, որ տնտեսական հարցում վերջապես զուտ տնտեսական մոտեցում է ցուցաբերվում: Բնակչության համար իսկապես շատ կարևոր է գազի սակագնի չափը: Բայց այն շատ ավելի կարևոր է տնտեսության համար: Ցանկացած մեծ ու փոքր տնտեսվարող քիչ թե շատ կայուն ու հաշվարկելի վիճակ է ուզում: Արդեն որերորդ ամիսն է՝ աշխարհի բոլոր խաչմերուկներում ու դահլիճներում ներդրողներին հրավերքներ ենք ուղարկում: Այդ հրավերքներն անպատասխան կմնան, քանի դեռ մեր տնտեսական կյանքը կարգավորվում է պահի տակ ծնված որոշումներով: Հետևաբար, մնում է անկանխատեսելի:

Էներգետիկայի ոլորտում, հավանաբար, իրավիճակ է փոխվել: Մասնագիտական մոտեցումները դարձել են ավելի առաջնային, քան քաղաքական ճառերը: Սա շատ ավելի ոգևորիչ կլիներ, եթե չլիներ տնտեսական համագործակցության միջկառավարական նիստի մասին մյուս հաղորդագրությունը. «Հայաստանը ձգտում է մեծացնել ՌԴ պետական վարկի մարման ժամկետները»:

Այդ 270 մլն-անոց վարկի հետ ՌԴ-ն նաև 30 մլն դրամաշնորհ էր տվել: Գումարները հատկացվել էին Հայաստանի ատոմական էլեկտրակայանի շահագործումը երկարաձգելու ծրագրի ֆինանսավորմանը: Հատկացվել էին 15 տարի ժամկետով: Ու հիմա խնդրում ենք երկարաձգել: «Ինչո՞ւ» հարցին պատասխանելը ճաշակի խնդիր է: Հատկապես որ այս օրերին խոսում ենք բյուջեի աննախադեպ մուտքերի մասին:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը