Քաղաքական

06.04.2019 09:50


21-րդ դարում ռեպրեսիվ մեթոդներով ֆեյքերի դեմ պայքարելն ընդունելի չէ. Աշոտ Մելիքյան

21-րդ դարում ռեպրեսիվ մեթոդներով ֆեյքերի դեմ պայքարելն ընդունելի չէ. Աշոտ Մելիքյան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանի կարծիքով` ուժային կառույցներին չի կարելի խառնել ֆեյքերի դեմ պայքարի գործընթացին կամ նրանց հայեցողությանը թողնել՝ որ մանիպուլյացիան է քրեորեն պատժելի, որը՝ ոչ։ Այստեղ սուբյեկտիվիզմի լայն հնարավորություններ կան։

«Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավարն անիրականանալի գնահատեց վարչապետի՝ ֆեյքերի դեմ պայքարելու հարցով ԱԱԾ տնօրենին տված հանձնարարականը, քանի որ օրենքը ֆեյքերի դեմ պայքարի որևէ կարգավորում չի նախատեսում։

«Պետք է հաշվի առնել, որ իրավիճակը բավականին լուրջ է, ավելին՝ տագնապային։ Իշխանություններն ինչ-որ քայլեր կարող են ձեռնարկել, բայց միայն այն դեպքում, եթե խոսքը ազգային կամ ռասսայական խտրականություն, պատերազմ քարոզելու կամ անկարգություններ հրահրելու մասին է։ Այս առումով օրենսդրությունը կարգավորումներ և քրեական պատասխանատվություն ենթադրում է։ Եթե մանիպուլյացիաներն այլ տիպի գործողությունների վերաբերեն, ապա կարգավորում կա, և ԱԱԾ-ին դրա համար որևէ ցուցում պետք չէր տալ»,-ասաց Աշոտ Մելիքյանը։ Վերջինս համոզված է՝ իշխանությունը բավականաչափ հնարավորություն ունի, որպեսզի խելացի ինֆորմացիոն քաղաքականություն վարի։

«Կառավարությունը մանիպուլյացիային և ֆեյքերին հակազդելու բավականին հզոր հնարավորություններ ունի։ Գիտենք, որ կառավարությունն ունի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի հարցերով զբաղվող ՊՈԱԿ, բոլոր նախարարություններն ունեն մամուլի խոսնակներ, հասարակայնության հետ կապերի բաժիններ ու վարչություններ։ Հենց իրենք պետք է ակտիվացնեն իրենց աշխատանքը»։

«Փաստինֆո»-ի հարցին, արդյոք մտավախություն չկա՞, որ կարող է գրաքննություն սահմանվել, ԱԱԾ-ն կսկսվի նաեւ վերահսկողություն սահմանել մամուլի նկատմամբ, Աշոտ Մելիքյանը պատասխանեց․ «Այս տեսանկյունից կարծում եմ ՝ հասարակությունն էլ, որն ազատության հմայքն արդեն զգացել է, թույլ չի տա՝ մանիպուլյացիաների պայքարի անվան տակ որևէ կերպ սահմանափակվի իր ազատությունը։ 21-րդ դարում մանիպուլյացիաների և ֆեյքերի դեմ ռեպրեսիվ մեթոդներով պայքարելն ընդունելի չէ»։

Այս խորագրի վերջին նյութերը