Լրահոս

05.04.2019 15:45


Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի՞

Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի՞

«Թող քրեական գործ հարուցեն և ինձ տանեն դատեն», - Գյումրիում ասյպես է արձագանքել Փաշինյանը՝ ի պատասխան ՄԻՊ-ի դիտարկմանը, որ վարչապետը քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ցուցումներ տալու լիազորություն չունի։

Հիշեցնենք՝ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ իր անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իր մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով։ «Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի և մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության: Սա նոր Հայաստան է, և վարչապետի որևէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ», - նշել է նա։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՄԻՊ Արման Թաթոյանն արձագանքել էր, որ միայն Քրեական դատավարության օրենսգիրքն է սահմանում, թե ով ինչ ցուցումներ կարող է տալ քրեական գործ հարուցելու համար:

Ի դեպ հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը, նախքան վարչապետ դառնալը՝ 2018 թվականի ապրիլի 30-ին հայտարարել էր. «Ես կարող եմ երաշխավորել, որ իշխանության տարանջատման սկզբունքը կպահպանվի։ Ես չեմ պատրաստվում ՀՀ վարչապետի կարգավիճակում լինել և՛ վարչապետ, և՛ դատախազ, և՛ դատավոր, և՛ քննիչ։ Հակառակ դեպքում մենք կընկնենք մի դաշտ, երբ մի կետից որոշվում է՝ ով է մեղավոր, ով՝ անմեղ»։

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ վարչապետի ցուցումով հարուցված քրեական գործով նախաքննությունն իրականացվում է ԱԱԾ վարույթում։

Աղբյուրը` «Փաստինֆո»

Այս խորագրի վերջին նյութերը