Լրահոս

05.04.2019 14:48


Մեղրիի նախկին քաղաքապետին և տեղակալին մեղադրանք է առաջադրվել

Մեղրիի նախկին քաղաքապետին և տեղակալին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Մեղրի համայնքի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել համայնքի նախկին ղեկավարին եւ նրա տեղակալին:

2018 թվականի հուլիսի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունը կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ համայնքի ղեկավարը, ով պաշտոնավարել է 2012 թվականի նոյեմբերից մինչեւ 2016 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր տեղակալի հետ նախնական համաձայնությամբ, դիտավորությամբ կատարել է գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս պատճառել անձանց իրավունքներին, ինչպես նաեւ՝ համայնքի օրինական շահերին:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ պաշտոնավարման ժամանակահատվածում Մեղրի քաղաքային համայնքի ղեկավարը եւ նույն համայնքի ղեկավարի տեղակալ, «Մեղրի» հիմնադրամի տնօրենը նախնական համաձայնությամբ, դիտավորությամբ խախտել են ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի թիվ 1328-Ա որոշմամբ սահմանված՝ Մեղրի քաղաքի ինֆեկցիոն հիվանդանոցի մասնաշենքը եւ դրա օգտագործման ու սպասարկման համար առանձնացված հողամասը եւ Սյունիքի մարզի «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող, չշահագործվող նախկին շենքն ու շինությունները եւ դրանց օգտագործման ու սպասարկման համար առանձնացված հողամասը որպես բնակելի շենք վերակառուցելու եւ 2015 թվականի հունիսի 13-ին Մեղրիի քաղաքային համայնքի Զորավար Անդրանիկի փողոցի N7 բնակելի շենքում բռնկված հրդեհի պատճառով տուժած ընտանիքներին ու Մեղրիի քաղաքապետարանում հաշվառված եւ բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին իրավունքով, անհատույց տրամադրելու եւ դրա հիման վրա կայացված Մեղրիի համայնքի ավագանու համապատասխան որոշումների պահանջները:

Մասնավորապես՝ առանց փաստացի ուսումնասիրելու բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքների հաշվառման գործերի ամբողջական տվյալները, առանց վիճակահանությամբ բնակարանների բաշխման գործընթացի կազմակերպման եւ հանձնաժողովի եզրակացության, անտեսելով բնակարաններն անհատույց տրամադրելու՝ կառավարության վերը նշված որոշման իմպերատիվ պահանջները՝ անհատույց տրամադրվող շինությունները բնակելի տարածքի վերակառուցելու, բնակարան ստացող շահառուների ցուցակում ընդգրկելու եւ բնակմակերես հատկացելու դիմաց, կառավարության որոշմամբ նախատեսված՝ բնակարանի կարիք ունեցող երիտասարդ 8 ընտանիքներից պահանջել են «Մեղրի» հիմնադրամի հաշվին վճարել իրենց կողմից կամայականորեն որոշված 1 քմ-ի դիմաց 26.000-36.000 ՀՀ դրամ գումար, իսկ բնակարանի կարիք չունեցող եւ /կամ/ երիտասարդ չհամարվող ու չամուսնացած 14 անձանց տրամադրել են բնակարաններ:

Բացի այդ, նույն հասցեում գտնվող եւ նույն նպատակով հանձնված 31,3 քմ, 32,8 քմ, 35,5 քմ, 34,1 քմ, 28,8 քմ եւ 31,3 քմ մակերեսով ավտոտնակները եւ նրանց պահպանմանն ու սպասարկմանն ամրակցված հողամասերը համապատասխանաբար 385.000 ՀՀ, 330.000 ՀՀ, 275.000 ՀՀ, 330.000 ՀՀ, 247.500 ՀՀ եւ 385.000 ՀՀ դրամով աճուրդային կարգով վաճառել են թվով 6 անձանց:

Արդյունքում՝ հրդեհի պատճառով տուժած ընտանիքները հրաժարվել են վճարել եւ ստանալ անհատույց կարգով իրենց հասանելիք բնակարանները, իսկ բնակարանի կարիք ունեցող 8 եիտասարդ ընտանիքիներ վճարել են ընդհանուր 17 556 710 ՀՀդրամ գումար՝ իրենց անհատույց կարգով հասանելիք բնակարնները ստանալու համար, ինչպես նաեւ դրա իրավունքը չունեցող թվով 14 ընտանիքներ ստացել են բնակարաններ:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Մեղրի քաղաքային համայնքի նախկին ղեկավարին եւ վերջինիս տեղակալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Որոշում է կայացվել՝ սեփականության իրավունքով նրանց պատկանող գույքի վրա կալանք դնելու մասին:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Այս խորագրի վերջին նյութերը