Քաղաքական

05.04.2019 14:28


«Հիմա կարո՞ղ է՝ էստեղ քուչի բազար սկսեք». Փաշինյանը՝ Գյումրիի քաղաքապետին (տեսանյութ)

«Հիմա կարո՞ղ է՝ էստեղ քուչի բազար սկսեք». Փաշինյանը՝ Գյումրիի քաղաքապետին (տեսանյութ)

Մի ժամանակ մարդիկ բողոքում էին, որ Գյումրիում չեն կառուցում, հիմա բողոքում են, որ կառուցում են: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, Գյումրի կատարած աշխատանքային այցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով փաստին, որ ամիսներ շարունակ շինարարություն է ընթանում, ու մարդիկ քայլելու համար մայթ անգամ չունեն:

«Շինարարական կուլտուրան պետք է բերել նոր մակարդակի, էստեղ քաղաքական բանավեճի խնդիր չէ»,-ասաց նա:

Փաշինյանը հանձնարարեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին հրավիրել ճարտարապետներին ու խնդիր դնել, որ եթե որեւէ տեղ շինարարություն է արվում, դա չի նշանակում, որ կյանքը պետք է կանգ առնի:

Բալասանյանն անընդհատ պնդում էր, որ կառուցում են, լավ ճանապարհներ են ունենալու: Փաշինյանն էլ նշեց, որ եթե բանը հասել է իր Գյումրի գալուն, նշանակում է՝ իրեն էլ պետք է հասած լիներ խնդիրը, եւ պետք է լուծում տրված լիներ:

Ներկաներից մեկը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը, նկատեց. «Սա դեռ փառք է», ինչը առաջ բերեց Սամվել Բալասանյանի դժգոհությունը, եւ վարչապետի ներկայությամբ նրանք սկսեցին վիճել՝ իրար անվանելով՝ «կլյաուզնիկ»:

Վարչապետը ստիպված էր ձայնը բարձրացնել. «Էդպես չեղավ, հետո իրար հետ կպարզաբանեք: Հիմա կարո՞ղ է՝ էստեղ քուչի բազար սկսեք: Մի հատ հանգստացեք, այ քեզ բան»:

Հիշեցնենք, Սարիկ Մինասյանը մինչեւ պատգամավոր ընտրվելը 2013-2017թթ. աշխատել է Գյումրու քաղաքապետարանում՝ բյուջեի եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի պետ։ Այնուհետ 2018թ. մարտից Սոցիալական ապահովության ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետն էր: Նա բավականին սերտ հարաբերություններ ուներ Սամվել Բալասանյանի հետ: 2016թ. Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ եւս Սարիկ Մինասյանը շատ ակտիվ աշխատել է Սամվել Բալասանյանի շուրջ ձեւավորված դաշինքի համար:

Աղբյուրը՝ news.am



Այս խորագրի վերջին նյութերը