Կարծիք

05.04.2019 13:20


Ի՞նչ հետևանքների կարող է բերել անցումային արդարադատության ինստիտուտի ներդրումը Հայաստանում

Ի՞նչ հետևանքների կարող է բերել անցումային արդարադատության ինստիտուտի ներդրումը Հայաստանում

Ընդհանուր առմամբ, այս գաղափարը նոր չէ. այն կիրառվել է շատ երկրներում: Որոշ դեպքերում դրական դեր է կատարել, որոշներում էլ՝ բացասական: Կփորձենք ներկայացնել, թե որ դեպքերում է անհրաժեշտ եղել կիրառել այն, և որ դեպքերում է իր բացասական ազդեցությունը թողել:

Մենք կփորձենք ներկայկացնել առավելապես խնդրի ոչ թե իրավական, այլ քաղաքական կողմը: Քանզի իրավականը քաղաքական խնդրի տեխնիկական լուծման արդյունքն է, և շատերը, վերլուծելով իրավական կողմը, լավ չեն պատկերացնում, թե ինչ պատճառներով են պայմանավորված եղել նման որոշումները:

Անցումային արդարադատության ինստիտուտի գլխավոր նպատակն է եղել սահուն անցումն ավտորիտար համակարգից դեմոկրատականի: Բացի այդ տարբերակից՝ այս ինստիտուտը կիրառվել է նաև պատերազմից դեպի խաղաղություն անցնելու դեպքում: Առանց այս ինստիտուտի կիրառման՝ այդ անցումները պարզապես անհնար է պատկերացնել: Օրինակ՝ բոսնիական պատերազմից հետո ինչպե՞ս կարող էին լուծվել երեք ազգային համայնքների (սերբական, խորվաթական և մահմեդական) մերձեցման և ինտեգրման մի շարք խնդիրներ: Չէ՞ որ այդ պատերազմի ընթացքում ազգությամբ սերբեր, խորվաթներ և մահմեդականներ սեփականություն էին կորցրել, զոհվել եին բարեկամները, և նույնիսկ հարևանը հարևանին էր սպանել գույքը հափշտակելու նպատակով: Այդ դրվագները զանգվածային բնույթ էին կրել: Եվ, բնականաբար, առանց այդ անցումային արդարադատության ինստիտուտի՝ այդ համայնքների հետագա ինտեգրումը չէր ստացվի:

Նույն վիճակը վաղը կարող է առաջանալ, ասենք, Դոնբասի և Ուկրաինայի հնարավոր ինտեգրման արդյունքում, եթե, իհարկե, խնդիրը դրան հասնի:

Յուրօրինակ անցումային արդարադատության ինստիտուտ ներդրվեց հետպատերազմյան Գերմանիայում: Այս դեպքում արդեն անհրաժեշտություն կար ոչ միայն հրեաներին և այլ ազգի ներկայացուցիչներին «մերձեցնել» գերմանացիների հետ, այլև իրականացնել բուն Գերմանիայում «դենացիֆիկացիայի» քաղաքականություն, քանզի այդ գաղափարը հայտարարվել էր որպես «հանցագործ», որի պատճառով իրականացվել էր հրեաների ցեղասպանություն, ու որն առաջ էր բերել 2-րդ համաշխարհային պատերազմը: Հետագայում Գերմանիայի այդ փորձը տարբեր մոդիֆիկացիաների ձևով կիրառվեց հետպատերազմյան Ճապոնիայում, հետո՝ հետֆրանկիստական Իսպանիայում, հետո՝ հետսալազարական Պորտուգալիայում, և այդպես շարունակ:

ԽՍՀՄ-ի փլուզումն ու անցումային արդարադատության ինստիտուտի կիրառումը

ԽՍՀՄ-ի փլուզումը նոր թափ հաղորդեց այս գաղափարի կիրառման համար Արևելյան Եվրոպայի և Բալթյան երկրներում: Ընդ որում, այստեղ այդ գաղափարի հետ մեկտեղ՝ աշխատում էր նաև աշխարհաքաղաքական գործոնը: Արևմուտքին շահավետ էր, որ այս մեխանիզմների շնորհիվ այդ երկրներն արմատապես տարանջատվեին Մոսկվայից: «Լյուստրացիա», մարդու իրավունքների՝ նախկինում խախտված դեպքերի դատապարտում, նախկինում՝ կոմունիստների կառավարման ժամանակ կորցրած գույքի և սեփականության վերականգնում: Ահա այն նպատակները, որոնք հետապնդվում էին անցումային արդարադատության ինստիտուտի ներդրման միջոցով:

Ինչո՞ւ այս ամենը չկիրառվեց հետկոմունիստկան Ուկրաինայում, Բելառուսում, Վրաստանում, Հայաստանում և միջինասիական երկրներում, պատճառն առավել քան հասկանալի էր: Այս երկրներն ավելի շատ էին ինտեգրված Ռուսաստանին, և բացի այդ, այս երկրներում կոմունիստական կարգերը հաստատված էին արդեն ավելի քան 70 տարի: Իսկ դա էական նշանակություն ուներ:

Անկասկած, Արևելյան Եվրոպայի՝ բոլոր վերը նշված ու Բալթյան երկրներում ներդրված այս ինստիտուտը հիմնականում դրական արդյունք տվեց: Նախ՝ այն նպատակ էր հետապնդում առավելապես համախմբել հանրության ու վերնախավերի այն շերտերին, որոնք կոմունիզմի տարիներին գտնվում էին հակամարտող դիրքերում: Պետք է արձանագրել՝ այդ նպատակը իրականացվեց հաջողությամբ, երբ կոմունիզմի փլուզումից կարճ ժամանակ անց կարոտախտի ալիքի վրա իշխանության էին վերադառնում նախկին կոմունիստական վերնախավերից բաղկացած քաղաքական ուժերն ու հոսանքները: Լիտվայում դա նախկին կոմունիստ Բրազաուսկասի կուսակցությունն էր, Լեհաստանում՝ Կվասնևսկու ուժը, և այդպես շարունակ: Ավելին, «լյուստրացիայի» միջոցով հանրության մեջ վերացան ատելությունն ու կասկածը, անվստահությունն ու անցյալի հանդեպ վախը: Սա չափազանց դրական երևույթ էր այդ երկրների համար:

Չափազանց կարևոր էր նաև այն հանգամանքը, որ Արևմուտքի ճնշմամբ՝ այդ երկրներում չանցկացվեց «վհուկների որս», նախկին թալանչիների հետապնդում չիրականացավ՝ բացառությամբ առանձին եզակի դեպքերի: Չափազանց կարևոր էր, որ այդ հեղափոխություններն իրենց «թավշյա» բովանդակությունը պահպանեին: Բոլորն էլ հասկանում էին, որ նախկին կոմունիստական իշխանություններն իրենց կուտակած ֆինանսական ռեսուրսներով ստանում էին առավելություն ապագա լիբերալ տնտեսության կայացման մեջ, սակայն դա էր այն գինը, որ այդ անցումը կրեր «թավշյա» բնույթ: Մանավանդ որ զարգացած Արևմուտքի երկրներում էլ, այսպես կոչված, սկզբնական կապիտալի կուտակումը, մեղմ ասած, անհարթ չի անցել: Միացյալ Նահանգներն ընդհանրապես անցել է սևամորթներին Աֆրիկայից որպես «ապրանք» ներկրման և հետագայում նրանց ստրկացման ճանապարհով: Իսկ այդ ամենից ստացած կապիտալի սկզբնական կուտակումը հաստատ հանրային մեծ լեգիտիմության գործոն չէր կարող դառնալ:

Իսկ հիմա փորձենք կարճ ներկայացնել մի շարք երկրներում այդ ինստիտուտի ներդրման արդյունքները:

Ի՞նչ ցույց տվեց վրացական փորձը

2003-ի «վարդերի հեղափոխությունից» հետո Սահակաշվիլու իշխանությունը մասնակի ներդրեց այդ ինստիտուտը, մասնավորապես դատաիրավական համակարգում: Միանգամից ներդրվեց նոր դատավորների համակարգ, և այդ բարեփոխմանն աջակցում էին ԵՄ-ն և մի շարք արևմտյան հիմնադրամներ: Կարճ ժամանակ անց այդ համակարգի ստորին օղակներում վերացավ կոռուպցիան, սակայն վերին օղակներում մնաց: Հետագայում դա անվանեցին, այսպես կոչված «էլիտար կոռուպցիա»: Սկզբում թվում էր, թե «նոր անկախ համակարգը» կարող է «նոր դեմոկրատական Վրաստանի» հենքը դառնալ, սակայն պարզվեց ճիշտ հակառակը: Առանց ավելորդ անցումային արդարադատության գործիքների՝ այդ նոր համակարգը դարձավ ավելի տոտալիտար, քան նախկինում էր: Սահակաշվիի կառավարման ընթացքում, պաշտոնական տվյալներով, բանտերում հայտնվեց ավելի քան 200 000 քաղաքացի: Սա աննախադեպ էր մի երկրի համար, որտեղ ապրում էր մոտ 4 000 000 մարդ: Ավելին, բանտերում հայտնվեցին ոչ միայն քաղաքական գործիչներ, այլև երկրի բիզնես վերնախավի մեծ մասը:

Երկրի քաղաքական և տնտեսական կայունությունն ապահովում էր 9 տարվա ընթացքում ավելի քան 4 մլրդ 650 մլն ուղղակի օգնությունը՝ չհաշված վարկերը՝ ՄԱՀ–ի, ՀԲ-ի և այլ կառույցների գծով: Սակայն այդ օգնությունն էլ յուրօրինակ դժբախտության դեր կատարեց վրացական բիզնեսի համար: Բանն այն է, որ Սահակաշվիլին և նրա թիմն այդ ուղղակի օգնությունը համարում էին իրենց արժանիքը, և ուրեմն, երբ ֆինանսական այդ հոսքերն իրականացվում էին տարատեսակ տենդերների միջոցով բիզնեսների մեջ, ապա իշխող վերնախավը համարում էր, որ իրենց լուման այդ օգնության մեջ մեծ է, սակայն դրանից օգտվում էին «անշնորհակալ գործարարները»: Ահա թե ինչու նրանց հետագա կուլակաթափության գործընթացը համարում էին յուրօրինակ «արդարության վերականգնում»: Արդյունքում՝ երկրում ֆորմալ տեսանկյունից բիզնեսի պայմանները բավականին բարվոք էին, սակայն ոչ ոք չուներ երաշխիք, որ ինչ–որ ժամանակ անց չէր հայտնվելու մեկուսարանում:

Բերենք չոր փաստեր. Սահակաշվիլիի կառավարման տարիներին կուլակաթափվեց ավելի քան 36 հազար ընկերություն:

Իսկ Սահակաշվիլիի՝ իշխանությունից հեռանալուց հետո այդ գործարարներից իր իրավունքները գույքի և սեփականությամբ հանդեպ կարողացավ վերականգնել ընդամենը 11 հազարը:

Հենց այսօրվա Վրաստանում է իրականացվում յուրօրինակ «անցումային արդարադատություն»: Երկրում չկա քաղբանտարկյալ, փոխարենը՝ Սահակաշվիլիի կողմնակիցներից թվով 45–ը դատապարտվել է և իր պատիժն է կրում կալանավայրերում: Այդ թվում Սահակաշվիլիի ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին և Թբիլիսիի նախկին քաղաքապետ Ուգուլավան: Իսկ Սահակաշվիլին, ինչպես հայտնի է, գտնվում է ֆորմալ տեսանկյունից փախուստի մեջ:

Ամփոփելով վրացական փորձը՝ կարող ենք պնդել, որ այն գրեթե ամբողջովին ձախողվեց: Իսկ ավելի քան 4,65 մլրդ դոլարի օգնությունը ոչ արդյունավետ օգտագործվեց: Բերենք ընդամենը մեկ փաստ. դեպի ծով ելքը և տարանցիկ դերն օգտագործող, 4 մլն բնակիչ և փայլուն բնակլիմայական պայմաններ ունեցող Վրաստանի ՀՆԱ-ն կազմում է ընդամենը 16 մլրդ դոլար: Իսկ մեկ շնչին ՀՆԱ-ի ցուցանիշը կազմում է ընդամենը 4200 դոլար: Ինչ վերաբերում է ոստիկանության և այլ ծառայությունների բարեփոխումներին, ապա դրանք իրոք կատարվեցին, սակայն ոչ մի կապ չունեն անցումային արդարադատության ինստիտուտի ներդրման հետ:

Ուկրաինայի փորձը

Ուկրաինայում 2014-ից հետո փորձեցին կիրառել անցումային արդարադատության ինստիտուտի որոշ էլեմենտներ, որպեսզի հետ բերեն Յանուկովիչի կողմից թալանված սեփականություններն ու ակտիվները, սակայն դրա արդյունքում ստացան ընդամենը Յանուկովիչին պատկանող «Մեժիգորյեն», իսկ նրա սառեցված ակտիվները դրսի բանկերում այդպես էլ չստացան, դրանք կրկին ապասառեցվեցին, և դա՝ նույնիսկ Արևմուտք-Ռուսաստան հակամարտության պայմաններում: Արդյունքում՝ Պորոշենկոյի կառավարման ընթացքում կոռուպցիան ոչ թե վերացավ, այլ ավելի բարձր մակարդակի վրա հայտնվեց: Եվ դա նույնիսկ այն պայմաններում, երբ երկրում գործում է Պորոշենկոյից, Գրոյսմանից ու Ավակովից անկախ հակակոռուպցիոն մի մարմին, որը գտնվում է ամերիկացիների ուղղակի վերահսկողության տակ: Ընդամենը 1,5 ամիս առաջ Պորոշենկոյի իշխանությունը փաստացի խոստովանեց, որ նույնիսկ այդ անցումային արդարադատության տարրերը մեծ վնաս հասցրին երկրի ներդրումային մթնոլորտին, և դրանք վերացվեցին: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Ուկրաինայում նույնպես այդ ինստիտուտը, բացի վնասից, ոչ մի օգուտ չտվեց:

Եգիպտոս

Նման փորձը Եգիպտոսում «Մահմեդական եղբայրների» առաջնորդ Մուրսիի կառավարման ընթացքում այնպիսի բացասական էֆեկտ ունեցավ երկրի տնտեսության վրա, որ այդ երկրում ընդամենը մեկ տարի անց զինվորական հեղաշրջում եղավ, որը ողջունվեց Եգիպտոսի բնակչության մեծ մասի կողմից: Իսկ Մուբարաքի հաշիվներն էլ արևմտյան բանկերում, որոնք սառեցվել էին Մուրսիի խնդրանքով, կրկին ապասառեցվեցին: Դա այն ազդակն էր, որ «Եգիպտոսում այլևս ոչ մի պարագայում բիզնեսին չեն ճնշի»: Եվ այդ ազդակն ուղղված էր դրսի ներդրողներին:

Իտալիա

Իտալիայում մաֆիայի դեմ պայքարն ակտիվացավ սկսած 1982 թվականից, երբ ընդունվեցին մի շարք խստացումներ, սակայն գործնականում, բացի հաշիվների սառեցման գործընթացներից, ոչ մի արտադատական գործողություններ չկատարվեցին, քանզի լավ էին հասկանում, որ դրանից կտուժի ողջ տնտեսական համակարգը: Այդ երկրում բոլորը գիտեին, թե ովքեր են մաֆիոզները, ովքեր են նրանց աջակցում օրենսդիր, գործադիր և տեղական մարմիններում: Ավելին, մաֆիոզները իրենց պահում էին լկտի և սանձարձակ: Սակայն նույնիսկ այդ պայմաններում իտալական հանրությունը հասկանում էր, որ արտադատական ձևով մաֆիայի վերացումը կարող է բերել տնտեսության փլուզման: Եվ հանուն մի քանի մաֆիոզների՝ չարժե երկիրը ցնցել: Հետագան ցույց տվեց, որ այդ մոտեցումը ճիշտ էր: Այսօր Իտալիայում երկարատև թերապևտիկ միջոցառումների արդյունքում մաֆիան գրեթե վերացման եզրին է կանգնած:

Այլ երկրներ

Հարավաֆրիկյան Հանրապետությունում և հատկապես Հարավային Ռոդեզիայում «անցումային արդարադատության» ինստիտուտի կիրառման արդյունքում այդ երկրները կանգնած են կատաստրոֆաների առջև:

Նախկին Հարավային Ռոդեզիայում, օրինակ, երբեմնի ծաղկուն տնտեսությունը այսօր գտնվում է փլուզման մեջ: Մարդիկ սովի են մատնված:

Նույն պատկերը եղավ Մարկոսի՝ երկրից հեռացումից հետո Ֆիլիպիններում: Նրան մեղադրում էին գրեթե բոլոր մեղքերի մեջ, սակայն ոչ մի լուրջ խախտում այդպես էլ չկարողացան ապացուցել: Նրա անձնական հաշիվները շվեյցարական բանկերում սառեցումից հետո որոշ ժամանակ անց կրկիրն ապասառեցվեցին: Սակայն այդ սկանդալների արդյունքում երկրի բիզնես միջավայրը կտրուկ վատթարացավ և նույնիսկ այն աստիճանի, որ Մարկոսի մահից հետո, երբ նրա կինը՝ Իմելդան, վերադառնում էր հայրենիք, օդանավակայանից դեպի քաղաք նրան դիմավորողների քանակը հասնում էր... 1 մլն մարդու: Իսկ հաջորդ տարվա ընտրություններում Իմելդային տվեցին ավելի քան 4 մլն ձայն: Հավելենք, որ այդ կինը ոչ մի փորձ չուներ երկիր կառավարելու գործում: Պարզապես մարդիկ իրենց հիշողության և անհաջող էքսպերիմենտների պատճառով էին հիշել Մարկոսի կնոջը:

Ի՞նչ անցումային արդարադատություն են առաջարկում Հայաստանին և ինչո՞ւ

Հասկանալի պատճառով Հայաստանում այն անցումային արդարադատությունը, որը կիրառվեց Արևելյան Եվրոպայում կամ Բալթյան երկրներում, արդեն ուշացած է: Վրացական կամ ուկրաինական փորձերը ձախողված են: Երկրում տասնյակ հազարավոր սպանություններ չեն գրանցվել: Հարյուր հազարներով մարդիկ բանտերով չեն անցել:

Անշուշտ, մեզ մոտ եղել են քաղբանտարկյալներ ողջ 28 տարիների ընթացքում, սակայն դա այն մասշտաբի չի եղել, որ դրա համար երկիրը մեծ ցնցումների տանենք:

Մեր երկրում այդպես էլ չհաստատվեց ազնիվ դեմոկրատական և արդար ընտրություններ անցկացնելու ինստիտուտը, որի արդյունքում չունեցանք նաև կայացած քաղաքական համակարգ: Սակայն դա մեկ այլ, ավելի կարևոր, չլուծված խնդրի հետևանք է: Երկրում սկզբնական կապիտալի կուտակումը և դրա արդյունքում ձևավորված բիզնես խավը լայն հանրային լեգիտիմություն Հայաստանում չունեն: Արդյունքում՝ պերմանենտ վտանգի տակ է գտնվում նաև երկրում սեփականության ինստիտուտը: Սակայն դրանից չի բխում, որ նրանք պիտի կուլակաթափվեն: Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է կիրառել այնպիսի մեխանիզմներ, որոնց արդյունքում չենք փլուզի երկրի տնտեսական համակարգը: Դրա համար անհրաժեշտ է ոչ թե պոպուլիստական, այլ լուրջ մոտեցում իշխանության կողմից:

Շատ երկրներ այս խնդիրը կարողացել են լուծել առանց մեծ ցնցումների: Օրինակ՝ արժե ուսումնասիրել, մասնավորապես, նաև հարավկորեական, թայվանական, իսրայելական փորձերը, երբ պետության նպատակային քաղաքականության արդյունքում երկրի օլիգարխիկ համակարգը կարճ ժամանակահատվածում «լեգիտիմացվում է» հանրության կողմից: Ընդ որում, ոչ մի բռնի գործողություն այդ օլիգարխների հանդեպ չի իրականացվում: Ավելին, այսօր, օրինակ, հարավկորեացիները կամ իսրայելցիները հպարտանում են իրենց այդ նախկին օլիգարխներով, քանզի նրանք դարձել են աշխարհահռչակ բրենդների ստեղծողներ: Ինչպես նրանք կարողացան լուծել այդ խնդիրները՝ առանձին խոսակցության թեմա է:

Պարզ է մեկ բան, որ ի տարբերություն այլ երկրների՝ մենք, բացի ամեն ինչից, նաև լուրջ անվտանգության խնդիր ունենք: Մենք չունենք ելք դեպի ծով, մեր չորս հարևաններից երկուսի հետ ունենք փակ սահմաններ, չլուծված ղարաբաղյան խնդիր: Մենք արտաքին ներդրումների համար գրավիչ երկիր չենք բոլոր առումներով: Այս ամենը հաշվի առնելով՝ ցանկացած սխալ քայլ կարող է ճակատագրական լինել մեր համար, ընդ որում՝ ոչ միայն տնտեսական և սոցիալական, այլև ավտանգության առումով:

Սա՛ է իրականությունը:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը