Քաղաքական

04.04.2019 15:32


Արթուր Վանեցյանը՝ իր մորն աշխատանքից ազատելու մասին (տեսանյութ)

Արթուր Վանեցյանը՝ իր մորն աշխատանքից ազատելու մասին (տեսանյութ)

Վարչապետի որոշումներն առհասարակ չեն քննարկվում, այլ պետք է կատարվեն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով իր մորը՝ Մարգարիտ Ազարյանին վարչապետի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից ազատելու Նիկոլ Փաշինյանի որոշման պատճառներին։

Լրագրողների դիտարկմանը, որ կան կարծիքներ, որ դա քայլ էր՝ ուղղված Արթուր Վանեցյանի դեմ, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Որոշման մեջ պարզ գրված է՝ իր դիմումի համաձայն»։

Դիտարկմանը, որ վարչապետի խոսնակն այլ մեկնաբանություն էր տվել, Վանեցյանը պատասխանեց. «Վարչապետի խոսնակի մեկնաբանությունը մեկնաբանելու ցանկություն չունեմ. ինչ ասվել է՝ ասվել է։ Մի՛ անձնավորեք այս գործընթացը։ Իմ մայրն աշխատել է պետական համակարգում երկար տարիներ, երբ ես դպրոցական եմ եղել, շարունակել է աշխատել, երբ ես ԱԱԾ տնօրեն եմ աշխատել, իմ և մորս աշխատանքն իրար մի՛ կապեք, այդ թեման փակեք»։

Նշենք, որ ավելի վաղ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով մեկ օրում վարչապետի աշխատակազմի երեք պաշտոնյաներին ազատելու Փաշինյանի որոշմանը, NEWS.am-ին ասել էր. «Երեք պաշտոնյաներն էլ ազատվել են վարչապետի հանձնարարականը պատշաճ չկատարելու պատճառով»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 2–ին Ալեքսանդր Մխիթարյանն ազատվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից, Արթուր Սարգսյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից, Մարգարիտ Ազարյանը՝ աշխատակազմի կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից:

Անդրադառնալով կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականին՝ կոշտ հակահարված տալ սոցցանցերում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անող ֆեյք օգտատերերին՝ Վանեցյանն ասել է՝ ֆեյքերի դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ և մտածված։

«Եթե գրառումների մեջ, կլինի ֆեյք, թե սովորական անձ, չկա հանցակազմ, իրավապահ մարմինները որևէ գործողություն իրականացնելու առիթ չունեն։ Եթե կա հանցակազմ, ԱԱԾ–ն և մյուս իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել և իրականացնել համապատասխան միջոցառումներ, որպեսզի կանխեն և բացահայտեն այդ հանցագործությունը։ Որևէ դեպքում չի վնասվելու խոսքի ազատությունը»,– ասաց Վանեցյանը։

Հարցին, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը՝ մանիպուլյացիաներ ասելով, Վանեցյանը պատասխանեց. «Արտահայտությունները, գրառումները որ արվում են, կամ թեմաները, որ տարածվում են սոցիալական ցանցերում անանուն օգտատերերի կողմից, կարող են հասարակության շրջանում բերել այնպիսի տրամադրությունների, որոնք կարող են հանգեցնել ինչ–ինչ հետևանքների»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության ապրիլի 4–ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսում սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, ինչն դա ազգային անվտանգության խնդիր է: Նա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարական էր տվել. «Ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ: Ընդհուպ սոցիալական ցանցերում կան այսպես ասած ընդհուպ հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ, այսպես ասած, նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին, ցույց տալու համար, թե դա մեր հեղափոխության հետ կապ ունի: Այս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան: Կարծում եմ՝ ՀՀ օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է, իհարկե, որեւէ ձեւով կասկածի տակ չդնելով խոսքի եւ արտահայտվելու ազատության իրավունքը: Սա կարմիր գիծ է, որ մենք չենք կարող անցնել»։



Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը