Մեկնաբանություն

04.04.2019 13:10


Նիկոլ Փաշինյանի «պոլիփետիզմը»

Նիկոլ Փաշինյանի «պոլիփետիզմը»

Թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքն «իզմեր» չունի, սակայն իրականում նա բազմաթիվ «իզմերի» հետևորդ է։

Այդ «իզմերից» մեկը պատկերավոր կարելի է կոչել «պոլիփետիզմ»։ Դա ՀՀՇ–ական ժամանակներից եկած «իզմ» է, ըստ որի՝ կադրային քաղաքականությունը պետք է իրականացնել բացառապես սեփական «կռուգից», ու պաշտոնների պետք է նշանակել ԽԾԲ (խնամի, ծանոթ, բարեկամ) սկզբունքով։ Կապ չուներ, որ պաշտոնի նշանակվողը, որպես կանոն, չէր ունենում մասնագիտական ու մարդկային համապատասխան որակներ։ Ասում էին՝ թող պոլի «փեդ» (փայտ) լինի, միայն թե ՀՀՇ–ից լինի։

Փաշինյանը ՀՀՇ–ական միջավայրի ծնունդ է։ Իր լրագրողական ու քաղաքական տեսակը ձևավորվել է այդ միջավայրում, և նա «պոլիփետիզմի» հետևորդ է։

Ուշադրություն դարձրեք նրա բոլոր կադրային նշանակումներին։ Կա՛մ քայլարած են, կա՛մ ծանոթ, կա՛մ բարեկամ։ Անգամ տնեցիներն են ներգրավվել պետական ինստիտուտներ։ Ու գրեթե բոլոր դեպքերում կա պրոֆեսիոնալիզմի պակաս, իսկ շատ դեպքերում՝ ակնհայտ դեբիլիզմ է։ Իսկ այն դեպքերում, երբ կադրը որոշակի մասնագիտական հատկանիշ ունի, ապա դա զուգորդվում է տվյալ կադրի ՔՊ–ական կամ սորոսական լինելու հետ։

Նկատենք, որ «պոլիփետիզմի» շրջանակներում են կադրերը հեռացվում պետական պաշտոններից (բոլոր օղակներում) կամ համալրում պետական պաշտոնյաների ցանկը։ «Պոլիփետիզմի» վերջին զոհերից է Օպերայի տնօրեն Օրբելյանը, իսկ շահողներից՝ Արա Շիրինյանը։ Վերջինս դարձել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ։ Շիրինյանն իրականում նշանակվեց «վերևից», այլ ոչ թե ընտրվեց։ Կար 23 թեկնածու։ Նրանց մեջ շատերն էին արժանի, այդ թվում՝ Շիրինյանը, բայց 23–ից միայն ՔՊ–ական ու սորոսական Շիրինյանը դարձավ խորհրդի նախագահ։ Դարձավ, որպեսզի հաջորդ օրը Հանրային ռադիոյում կյանքի կոչի «պոլիփետիզմը»՝ իրենց «կռուգի» մարդուն օրենքի խախտմամբ խցկելով ցուցակ ու «հաղթեցնելով» մրցույթում։

Ռադիոյի տնօրեն նշանակվեց (այո՛, նշանակվեց, ոչ թե ընտրվեց) Գարեգին Խումարյանը, ով բացի նիկոլական արեալի մարդու համբավ ունեցողից՝ նաև ամերիկյան «շպիոնի» ու սորոսականի ընկալում ունի՝ «ծռական» շեղումներով։

Հանրային ռադիոյում տեղի ունեցածի վերաբերյալ մանրամասն գրել է լրագրողական աշխատանքի և Հանրայինում «Ռադիոլուրի» ղեկավարի՝ տարիների փորձ ունեցող Հռիփսիմե Առաքելյանը։ Նա շատ մանրամասն ներկայացրել է կեղծ մրցույթի, ապօրինության ու «պոլիփետիզմի» դրսևորման մասին առանձին վերցրած մեկ կառույցում։

Ռադիոյի նախկին տնօրենին շվոնդերական մեխանիզմով հեռացրեցին ու նորին նշանակեցին նույն մեխանիզմով։ Շարիկովների ու Շվոնդերների իշխանությունից այլ բան չէր էլ սպասվում։

Ի դեպ, Առաքելյանի ներկայացրած պատկերը միայն ռադիոյում չէ։ Ամենուրեք է։ Քայլարածները դեռ շատ ավերածություններ ու ապօրինություններ են անելու։ Հպարտ քաղաքացու անունից, բնականաբար։ Անտաղանդ բանաստեղծությունների ներքո։

Ինչպես ասում են, գըմփ–գըմփ–հո՛ւ։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը