Լրահոս

04.04.2019 11:30


Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների՝ ՀՀ պետական սահմանով մաքսանենգության դեպք

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների՝ ՀՀ պետական սահմանով մաքսանենգության դեպք

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ նյութերի՝ ՀՀ պետական սահմանով մաքսանենգության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել:

Նախնական տվյալներով՝ 2019թ. մարտի 30-ին` ժամը 17:40-ին, Կապան քաղաքի բնակիչը՝ ծնված 1961 թվականին, զուգագուլպաների արանքում տեղավորելու եղանակով պահել, փոխադրել և «Ագարակ» հսկիչ անցագրային կետով ՀՀ պետական սահմանով ապօրինի տեղափոխել է անհայտ անձից ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով` 27 գրամ ընդհանուր քաշով 180 հաբ «Pregabalin 150» տեսակի, 9 գրամ ընդհանուր քաշով 60 հաբ «Pregasol 150», «Pregabalin» տեսակի և 2 գրամ ընդհանուր քաշով 10 հաբ «Tramadol» տեսակի թմրամիջոցներ:

Դեպքի առթիվ 2019թ. մարտի 30-ին ոստիկանության Կապանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում:

Քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 57-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 3-րդ:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննութունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը