Կարծիք

04.04.2019 08:44


Նման օրենսդրական կարգավորմամբ՝ Կառավարությունը խրախուսում է անպարտաճանաչ ընկերություններին

Նման օրենսդրական կարգավորմամբ՝ Կառավարությունը խրախուսում է անպարտաճանաչ ընկերություններին

Երեկ հեռուստընկերությունները նորությունների լրահոսում անդրադառնում էին Ֆիննախի պետական գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի ասուլիսին և հատկապես ասուլիսի այն հատվածին, որը վերաբերվում էր պետական գնումների մասնակիցներին օրենքով ներկայացվող պահանջների մեղմացմանը:

Պարզվում է, որ նախարարությունը առաջարկում է պետական գնումների մասնակցության հայտ ներկայաղնողների նկատմամբ փոխել գործող օրենքում առկա պահանջները՝ համոզված լինելով, որ այդ փոփոխությամբ կպարզեցվի գնումների գործընթացը՝ այն զերծ պահելով ավելորդ վարչարարությունից և կընդլայնվի գնումների պոտենցյալ մասնակիցների շրջանակը: Թվում է՝ դրվատանքի արժանի նպատակ է: Սակայն ի՞նչ միջոցով են առաջարկում լուծել այդ խնդիրը:

Առաջարկվում է օրենքով ամրագրել, որ այլևս ուշադրություն չի դարձվի այն հանգամանքին, որ հայտատուն՝ հայտ ներկայացնելու պահին, պետական բյուջեի նկատմամբ ունի չմարված պարտավորություն և այդ հանգամանքը հիմք չի ընդունվի հայտը մերժելու համար: Փոխարենը հնարավորություն կտրվի ընկերությանը ստանձնել պարտավորություն ժամանակի ընթացքում բյուջեի հանդեպ իր պարտքը մարելու համար: Այսինքն ստացվում է, որ թեպետ ըկերությունն ունակ չէ իր տնտեսական գործունեությունը կազմակերպել արդյունավետ և այդ պատճառով գոյացրել է պարտքեր բյուջեի հանդեպ, բայց պետությունը, չգիտես ինչու, նրան վստահում է իր կարիքների համար գնումներ կատարելու գործառույթը: Պարզ է չէ, որ նման ընկերությունը պետական բյուջեի գումարները, որոնք նա կստանա գնումների համար, նախ և առաջ, կուղղի իր պարտքերի մարմանը, առավել ևս, որ, եթե չեմ սխալվում, առաջարկվում է նաև նման դեպքերում այդ ընկերության հաշիվները ազատել կալանքից:

Մի կողմ թողնենք, որ հաշվի վրա կալանք սահմանելը կամ այն կալանքից ազատելը օրենքով առանձին իրավական կարգավորում ունեցող պրոցեդուրա է, առանց այդ հանգամանքի էլ նախարարության մոտեցումը առնվազն տարակուանք է առաջացնում:

Բանն այն է, որ այդ առաջարկն ակնհայտ կոռուպցիոն ռիսկեր պարունակելուց զատ, վտանգում է պետական ֆինանսների արդյունավետ օգտագործումը: Ավելին՝ նման օրենսդրական կարգավորմամբ՝ Կառավարությունը խրախուսում է անպարտաճանաչ ընկերություններին:

Համանման, այսինքն վիճելի, մոտեցում է նախատեսվում նաև այն դեպքում, երբ հայտատու ընկերությունը ունի ժամկետանց, չմարված վարկային պարտավորություններ առևտրային բանկի հանդեպ:Կասկածից վեր է, որ այս դեպքում պետական բյուջեի գումարը առաջին հերթին կուղղվի բանկի առջև տվյալ ընկերության վարկային պարտավորության մարմանը: Թե հետո ի՞նչ կլինի պետական գնմումների հետ՝ Աստված գիտի: Այսինքն նախատեսվում է բյուջեի միջոցներն ուղղակիորեն օգտագործել առևտրային բանկերի ֆինանսական վիճակը բարելավելու համար:

Դժավար է պատկերացնել, որ մի Կառավարություն, որը կոռուպցիայի դեմ պայքարը հայտարարել է իր քաղաքական առաջնահերթությունը և հայտարարում է, որ մեզանում վերացվել է համակարգված կոռուպցիան, պատրաստում է առաջարկ, որով պետական գնումների ոլորտում նպաստում է համակարգային կոռոուպցիայի օրենսդրական հիմքերի ձևավորմանը:

Այս փաստը մեկ անգամ ևս ապացուցում է, որ կառավարության որոշ օղակներում կոռուպցիայի դեմ պայքարը հասկանում են բացառապես այս կամ այն տեղեկատվության հիման վրա այս կամ այն պաշտոնյայի կողմից չարաշահումները բացահայտեկու և պատժելու մեջ: Մինչդեռ մենք բազմաթիվ անգամ ասել ենք, որ համակարգային կոռուպցիան հաղթելու համար, պատժի անխուսափելիությունը արմատավորելուն զուգահեռ, պետք է օրենսդրության մեջ վերացնել կոռուպցիայի դրսևորման համակարգային ցանկացած հնարավորություն: Վերը նկարագրվածը ճիշտ հակառակ մոտեցում է :

Հուսով եմ, որ ֆինանսների նախարարությունը ուշադրության կարժանացնի իմ այս մտահոգությունները:

Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը