Քաղաքական

02.04.2019 18:06


Տրանսպորտի նախկին փոխնախարար Արթուր Առաքելյանին մեղադրանք չի առաջադրվել

Տրանսպորտի նախկին փոխնախարար Արթուր Առաքելյանին մեղադրանք չի առաջադրվել

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության ներդրումային գործընթացում արձանագրված չարաշահումներին տրանսպորտի եւ կապի նախարարի նախկին տեղակալ Արթուր Առաքելյանի հնարավոր առնչության վերաբերյալ գործը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վ. Հովհաննիսյանը։

«Փաստինֆո»-ն փորձել էր պարզել՝ արդյոք նախաքննությամբ հիմնավորվե՞լ է Կոնցեսիոն պայմանագրով նախատեսված ներդրումային պարտավորությունները կատարելու ընթացքում 428 միլիոն դրամի հափշտակությունը, արդյո՞ք Ա. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել թե՞ որոշում է կայացվել նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ Հետաքրքրվել էինք նաեւ՝ ՀՔԾ վարույթում քննվող գործով կա՞ն այլ կասկածյալներ կամ մեղադրյալներ, եւ արդյո՞ք ՀՔԾ-ն նշանակել է ստուգում, փորձաքննություն՝ ճշտելու կատարված հափշտակության իրական չափը։

ՀՔԾ-ից ստացված պատասխանում մասնավորապես ասվում է. «Հիշատակված քրեական գործի նախաքննության կատարումը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին։ Ձեզ հետաքրքրող տեղեկությունը ստանալու համար առաջարկվում է դիմել ՀՀ քննչական կոմիտե»։

Քննչական կոմիտեից արդեն տեղեկացանք, որ նախկին պաշտոնատար անձի առնչության վերաբերյալ գործն իրենց է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազի հատուկ հանձնարարականով: Առաքելյանին մեղադրանք չի առաջադրվել . կոմիտեի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանի խոսքով` Արթուր Առաքելյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է: Նշենք, որ դեպքի առնչությամբ ՔԿ-ի վարույթում մինչ այս քննվող գործով նոր տեղեկություններ դեռեւս չկան։

Այս խորագրի վերջին նյութերը