Կարծիք

02.04.2019 17:40


Ծաղկավաճառ տատիկներին հալածելու փոխարեն իսկական հանցագործներին փնտրեք

Ծաղկավաճառ տատիկներին հալածելու փոխարեն իսկական հանցագործներին փնտրեք

Այսօր առավոտյան Եռաբլուր այցելելուց առաջ որոշեցի ծաղիկներ գնել, ինչպես միշտ եմ անում: Եվ քանի որ սովորաբար ծաղիկներ և ամեն մանրուք աշխատում եմ գնել պապիկ-տատիկներից՝ նրանց նյութական վիճակը փոքր-ինչ թեթևացնելու համար, այս անգամ էլ մոտեցա մի ծաղկավաճառ տարեց կնոջ: Դեռ նոր էի ընտրել ինձ դուր եկած ծաղիկները, երբ մի քանի երիտասարդ ոստիկան մոտեցան ու բառիս բուն իմաստով հարձակվեցին այդ կնոջ վրա՝ մուննաթ գալով, թե առանց համապատասխան թույլտվության՝ ինքն ինչու է առևտուր անում փողոցում: Տատիկը խնդրեց մեկ րոպե գոնե սպասել, մինչ ինձ կճանապարհի, բայց ոստիկաններն էլ ավելի ամբարտավան կեցվածքով շարունակեցին լեզվակռիվը: Եվ ես դարձյալ ականատես եղա, թե ինչպես ՆՈՐ Հայաստանում հասարակ մարդու շահերը ոտնատակ են լինում թաղային ոստիկանի, չինովնիկի, պաշտոնյայի ցինիկ վերաբերմունքի տակ:

Հիմա ինձ կհակադարձեն նիկոլապաշտները՝ հնչեցնելով, թե բա՝ Սերժի ժամանակ նման բաներ չկայի՞ն: Կային, այդ պատճառով Սերժի ժամանակ էլ եմ ընդդիմադիր եղել: Կային, այդ պատճառով հազարավոր դժգոհ մարդիկ 2018-ին դուրս ելան փողոց, և տեղի ունեցավ այսպես կոչված հեղափոխությունը:

Այսօր ինչո՞ւ պետք է պատմությունը կրկնվի: Ինչո՞ւ պետք է մարդկանց արհամարհանքով ու ցինիզմով վերաբերվեն, ցինիզմ, որը Սերժից հետո վերանալու փոխարեն մի բան էլ ավելացել է, կրկնապատկվել է: Ինչու պետք է ոստիկանը անցանկալի ուժերի կամ անցանկալի մարդկանց դեմ ուղղված գործիք կամ պատժիչ ապարատ լինի:

Ի դեպ, հենց այդ ժամին, երբ ոստիկանները նեղացնում էին անօգնական վաճառական կնոջը, Եռաբլուրում թալանում ու ջարդուխուրդ էին անում ապրիլյան պատերազմի մասնակից, կապիտան Ուրֆանյանի հարազատների մեքենան:

Դուք ինչո՞վ եք զբաղված, հայրենի՛ ոստիկաններ, արդյոք միայն ընդդիմադիր կամ ձեր լեզվով ասած՝ հակահեղափոխական զանգվածի՞ն եք հսկում: Մեկ-մեկ էլ իսկական հանցագործների բռնեք, հավատացեք, դա է ձեր իսկական գործը:

Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը