Քաղաքական

02.04.2019 11:07


«Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտոնից». Փաշինյան (տեսանյութ)

«Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտոնից». Փաշինյան (տեսանյութ)

Դավիթ Տոնոյանի հայտարարության շուրջ աղմուկն անիմաստ է, որովհետեւ, եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից: NEWS.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դավիթ Տոնոյանն ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է հաղթել այդ պատերազմում: Եթե հանկարծ պաշտպանության նախարարը որեւէ այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի: Սա որեւէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է խաղաղ կարգավորման կարեւորությունը»:

Հարցին, թե այդ հայտարարությունը համաձայնեցվա՞ծ է եղել վարչապետի հետ, Փաշինյանը պատասխանեց. «Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման եւ ենթակայության ներքո»։

Փաշինյանն անդրադարձել է նաեւ բանակցային գործընթացին՝ նշելով. «Բանակցային խաղաղ գործընթացը պետք է շարունակվի, բայց պետք է հասկանանք նաև, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, մենք՝ որպես պետություն և ժողովուրդ, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր հետեւյալը.

«Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձեւաչափը ես վերաձեւակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց: Ոչ մի բան չի զիջվելու: Հնարավոր են կոմպրոմիսներ»: Նա նաեւ հավելել էր, որ Հայաստանը ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները. «Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք: Ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»:

Այս խորագրի վերջին նյութերը