Քաղաքական

02.04.2019 09:41


Արսեն Թորոսյանն Աննա Հակոբյանի քայլն անթույլատրելի է համարում (տեսանյութ)

Արսեն Թորոսյանն Աննա Հակոբյանի քայլն անթույլատրելի է համարում (տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադառնալով «Ժպիտների քաղաք» հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանի առաջարկին՝ ծխախոտ արտադրող ընկերությունների կողմից սոցիալական, առողջապահական որևէ ծրագիր ֆինանսավորելը, հայտարարել է, որ դա անթույլատրելի է համարում։

«Գողից գողոնի մի մասի վերադարձ ակնկալելն էլ կարելի է սոցիալական պատասխանատվության համատեքստում նայել,-հակադարձել է նախարարը՝ արձագանքելով դիտարկմանը, թե դա ներկայացվում է որպես սոցիալական պատասխանատվության հարց,-Համաշխարհային շատ մեծ հակաքաղցկեղային միությունները, օրինակ՝ ամերիկյան հակաքաղկեղային միությունը, հատուկ հայտարարություն ունի, որ որևէ կերպ չի կարելի համագործակցել ծխախոտային ինդուստրիայի հետ, ակնկալել որևէ գումար, որպեսզի չբարձրացնես նրանց դրական վարկանիշը, չնայած նրանք դրական վարկանիշ չունեն էլ, որովհետև նրանց գործունեության արդյունքում ստացած վնասը մարդկային կյանքերի տեսքով է։ Այսինքն՝ դա ինչ-որ վերացական վնաս չէ, դրանք կոնկրետ մարդիկ են, որոնք մահանում են, և ոչ մի կերպ չի կարող կոմպեսացվել իրենց տված x կամ y թվով։ Նույնիսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հատուկ հայտարարություն ունի, որ ուղարկվել է երկրների ղեկավարներին, այդ թվում՝ և մեր երկրի, որով կոչ է անում որևէ կերպ չհամագործակցել ծխախոտային որևէ ինդուստրայի առաջարկած բարեգործական ծրագրերին, որովհետև հիմա ծխախոտային ընկերույթունները նման մարքետինգային քայլեր են անում, ստեղծում են, օրինակ, քաղցկեղի դեմ պայքարի հիմնադրամ, բայց որը ֆինանսավորվում է ծխախոտային ընկերության կողմից, և երկրներին առաջարկում են՝ ուզո՞ւմ եք, գանք ձեր երկրում քաղցկեղի դեմ պայքարենք։ ԱՀԿ-ն խստորեն դատապարտում և երկրներին կոչ է անում երբեք չհամագործակցել նման ընկերությունների հետ։ Բժիշկների միություններ կան աշխարհում, որոնք իրենց շրջանակներից հեռացնում են այն բժիշկներին, որոնք հետազոտական ծրագրեր են անում ծխախոտային ինդուստրիայի կողմից ֆինանսավորվող գումարներով, որ իբր հետազոտեք քաղցկեղը, տեսնենք, թե ինչից է առաջանում և այլն»։

Թորոսյանն ընդգծել է, որ որևէ առողջապահական հարց լուծող կազմակերպություն, լինի պետական, թե մասնավոր, չպետք է համագործակցի որևէ ծխախոտային ընկերության հետ՝ թե՛ ֆինանսական, թե՛ ոչ ֆինանսական առումով։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը