Մեկնաբանություն

01.04.2019 13:45


Փաշինյանը պատժո՞ւմ է Թորոսյանին

Փաշինյանը պատժո՞ւմ է Թորոսյանին

Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ իր վարչապետությունից հետո կոռուպցիան Հայաստանում վերացել է։ Դա, իհարկե, այդպես չէ։ Մեղմ ասած, այդպես չէ։ Միայն «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծախսերը (պաշտոնական և ոչ պաշտոնական) արդեն ողջամիտ կասկածներ են առաջացնում կոռուպցիայի ու պաշտոնական դիրքի չարաշահման, ինչպես նաև հովանավորչության թեմաներով։ Ինչևէ։

Որքան շատ է խոսում «ժողովրդի վարչապետը» կոռուպցիայի վերացման մասին, այնքան շատ են «թավշյա» թիմի ներկայացուցիչները հայտնվում կոռուպցիոն սկանդալի մեջ։

Դեռ չի մարել «թավշյա» քայլիստ Դավիթ Սանասարյանի գլխավորած կանտոռայի կոռուպցիոն պատմության թեմայով խոսակցությունը, արդեն նոր պատմություն է ի հայտ գալիս մեկ այլ քայլարածական կադրի մասով։

ԱԱԾ–ն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ կաշառակերության մեղադրանքով ձերբակալվել է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը։ Մյուս Արսենը՝ նախարար Թորոսյանը, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ դրսում է ու տեղյակ չէ մանրամասներին։

ԱԱԾ–ն այս թեմայով հաղորդագրություն էր տարածել, որտեղ, մասնավորապես, նշված էր հետևյալը. «Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ բժշկական հաստատության տնօրենը նպատակ է ունեցել ապահովել Առողջապահության նախարարության կողմից բուժհաստատություններին տրամադրվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող փոխնախարարի հովանավորչությունը և նրա հետ ձևավորել իր համար բարենպաստ աշխատանքային պայմաններ: Վերաբաշխման արդյունքում պետպատվերի շրջանակներում տարբեր ծրագրերով հատկացվելիք գումարներով կազմակերպության ֆինանսավորման պակասը լրացնելու համար 2019 թվականի մարտի 30-ին առողջապահության նախարարի տեղակալին վերջինիս աշխատասենյակում որպես կաշառք անձամբ տվել է առանձնապես խոշոր չափերով գումար, որի փոխանցումն իրականացվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով»։

Այն, որ կոռուպցիա Փաշինյանի վարչապետության ժամանակ կա, և այն չէր կարող վերանալ հանրահավաքային հայտարարությամբ, պարզ էր ուղեղ ունեցող յուրաքանչյուր մարդու համար։ Հիմա պարզապես քարոզչական փուչիկ է պայթում։ Ուշագրավ է, որ այդ փուչիկները պայթեցնում է իշխանության ներսում առանձին բևեռ դառնալու հայտ ներկայացնող Արթուր Վանեցյանի գլխավորած կառույցը։ Այսինքն՝ հետիշխանափոխական շրջանում փոխնախարար նշանակվածին ձերբակալելով՝ ԱԱԾ–ն քար է նետում Փաշինյանի «բոստանը», «փչացնում» է քայլարածներին ու դրանով փորձում հանրության ողջամիտ հատվածի համակրանքին արժանանալ։

Կա նաև երկրորդ վարկածը, ըստ որի՝ Առողջապահության նախարարության հետ կապված կոռուպցիոն այս սկանդալը կառավարության նիստի ժամանակ Փաշինյան–Թորոսյան լեզվակռվի հետևանք է։ Վերջինս ծխախոտի հարկման թեմայով քննարկման ժամանակ բավական «դուխով» հակադարձում էր «ժողովրդի վարչապետին» ու հունից հանեց նրան։ Թորոսյանի հակադարձումը լրջորեն վնասեց Փաշինյանի «վոժդական» իմիջին, քանզի դա որոշակիորեն դելեգիտիմացնում էր նրան հանրության «հպարտ» հատվածի մոտ՝ «Տեսա՞ր ոնց էր Նիկոլի խոսքին «աբառոտկա» ֆռում Արսենը» խոսակցությունների շրջանակներում։

Փաշինյանն ակնհայտորեն նյարդայնացել էր արսենթորոսյանական հարվածներից։ Ու կա տեսակետ, որ հենց Փաշինյանի հրահանգով է ԱԱԾ–ն ձերբակալել կաշառակեր փոխնախարարին, որպեսզի «փչացնի» Թորոսյանին։

Թե իրականում որ տարբերակի՝ Վանեցյանի սեփական խաղի՞, թե՞ Արսեն Թորոսյանին պատժելու համար Նիկոլից իջեցրած հրահանգի հետ գործ ունենք, իրենք կիմանան։ Ամեն դեպքում, ակնհայտ է, որ հերթական քարոզչական փուչիկն է պայթում։ Կոռուպցիան ոչ միայն չի վերացել, այլ որևէ քայլ չի արվել հակակոռուպցիոն պայքարին ինստիտուցիոնալ տեսք տալու համար։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հետ տեղի ունեցածն ասվածի վառ ապացույցներից է։

Ի դեպ, հակակոռուպցիոն որևէ քայլ այս իշխանությունը չի արել, թեև աղմուկի պակաս այս թեմայով չկա։ Նախկինում անընդհատ խոսում էին բյուջեի թալանի մասին, բայց թալանի որևէ դեպք չկա հայտնաբերված։ Դա նշանակում է, որ կա՛մ նախկինում ստել են, կա՛մ հիմա իրենք են թալանում, ու դրա համար էլ ծպտուն չկա։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը