Ինչո՞ւ է Փաշինյանը խտրական վերաբերմունք ցուցաբերում Ամուլսարի հանքի թեմայով (տեսանյութ)
Լիդիան Արմենիան հայտարարել է արբիտրաժ գնալու հավանականության մասին: Ընկերությունը նաև հայտարարություն տարածեց, որտեղ կառավարությանը մեղադրեց խտրական վերաբերմունքի մեջ: Ամուլսարի ճանապարհները փակ են, ու կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ պետք է իրականացնել միջազգային փորձաքննություն, ու դրա արդյունքներից պարզ կդառնա՝ ճանապարհները բացվում են, թե ոչ: Սա, ըստ էության, Լիդիանի օրինական թույլտվությունների չեղարկում է՝ առանց որևէ օրինական հիմքի:
Լիդիանը, ի լուր աշխարհի, հայտարարեց, որ ոչ մի այլ ընկերության առաջ Հայաստանում նման պահանջներ չեն դրվել: Նման խտրականությունը միջազգային արբիտրաժում Հայաստանին կարող է արժենալ մի քանի միլիարդ դոլար: Եվ ահա, բնապահպանության նախարարը, թերևս հասկանալով վտանգը, ասում է, թե այս փորձաքննությունը Լիդիանի կամ Ամուլսարի փորձաքննությունը չէ: Քննչական մարմինն է հրավիրել փորձաքննությունը, և գործը ոչ թե Լիդիանի, այլ Բնապահպանության նախարարության դեմ է։
Ամիսներ առաջ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը բոլորովին այլ բան էր ասում՝ հակասելով իր այսօրվա ասածին։
Նախարարն իբրև թե անկախ քննչական գործողության մասին մի քանի ամիս առաջ խոսում էր ՄԵՆՔ-ով: Հիմա արձագանքելով Լիդիանի հայտարարությանը՝ Էրիկ Գրիգորյանը ասում է, թե այդ փորձաքննությունն իրականացնում է քննչական մարմինը Բնապահպանության նախարարությունը ստուգելու համար: Բայց մի քանի ամիս առաջ նախարարը այդ փորձաքննության մասին խոսում էր այնպես, կարծես հենց ինքն է դա իրականացնում:
Հիմա Էրիկ Գրիգորյանը, արձագանքելով Լիդիանի հայտարարությանը, որ ընկերության հանդեպ իրականացվում է խտրական ևս մեկ՝ երրորդ աուդիտ, ասում է, թե դա երրորդ աուդիտ չէ, ու ոչ թե ընկերության, այլ Բնապահպանության նախարարության դեմ է: Նա հակասում է ոչ միայն իր, այլև վարչապետի՝ ավելի վաղ արած բազմաթիվ հայտարարություններին:
Այսինքն, վարչապետը հայտարարում էր, որ այս միջազգային փորձաքննությունը հենց կառավարության նախաձեռնությունն է, և հենց Լիդիանի դեմ, քանի որ տեսչական մարմինը այնտեղ վերջնական ստուգում չի կարողացել իրականացնել, ու հիմա ևս մեկ փորձաքննության կարիք կա: Չնայած նույն տեսչական մարմինը ստուգումներ է անում այլ հանքերում, բայց միջազգային փորձաքննության կարիք կա միայն Ամուլսարում: Խտրականությունն ակնհայտ է, ու ակնհայտ է նաև, որ Էրիկ Գրիգորյանի ասածը 2019-ի մարտին հակասում է նրան, ինչ ասում էր վարչապետը 2018-ի սեպտեմբերին:
Սեպտեմբերին վարչապետի արած ևս մեկ հայտարարություն խտրականության լուրջ ապացույց կարող է դառնալ:
Վարչապետը, փաստորեն, հայտարարել է, որ եթե Լիդիանի ղեկավարությունը Ջերմուկում կայացած խայտառակ հանդիպման ժամանակ համաձայներ, որ իր ճանապարհները պետք է որոշ ժամանակ ապօրինի փակ մնան, ոչ մի միջազգայն փորձաքննության կարիք չէր լինի: Բայց քանի որ ընկերությունը չի համաձայնել ապօրինության շարունակմանը, կառավարությունը ստիպված գնացել է ԱՅԼ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ, նշանակել է միջազգային աուդիտ: Ընդ որում, ոչ թե, իբր, անկախ քննչական մարմինը՝ իբր, անկախ հետաքննության շրջանակներում, այլ հենց կառավարությունը ու հենց Լիդիանի դեմ: Դե, իսկ այն ընկերությունը, որը ընտրվել է փորձաքննության համար, դժվար է միջազգային հեղիանակավոր համարել: Բեյրութում ստեղծված կազմակերպություն է, որը հանքարդյունաբերության ոլորտում, դատելով կայքից, նույնիսկ փորձ չունի: Բայց դա առանձին թեմա է:
Եվ վերջապես, Էրիկ Գրիգորյանի ևս մեկ հայտարարություն։
Նույն փորձագիտական ՊՈԱԿ-ը, որն ըստ Էրիկ Գրիգորյանի՝ չունի բավարար գիտելիքներ, փորձաքննել և փորձաքննում է նաև այլ հանքերը: Ինչո՞ւ, ուրեմն, մյուս հանքերը կարող են աշխատել բավարար գիտելիքներ չունեցող փորձագիտական ՊՈԱԿ-ի տված եզրակացությամբ, իսկ Ամուլսարի համար միջազգային փորձաքննություն է պետք: Եվ սա այն դեպքում, երբ Ամուլսարը Հայաստանի միակ հանքն է, որն անցել է միջազգային աուդիտ ու ունի բնապահպանական ստանդարտներ պարտադրող լրջագույն բաժնետերեր:
Կառավարությունը Ամուլսարի գործով այնքան անփույթ, իրարամերժ ու, ըստ էության, օրինականության շրջանակներից դուրս հայտարարություններ է արել ու անում, որ խտրական վերաբերմունքի, ապօրինության ու անհավասար մրցակցային պայմանների մասին միջազգային արբիտրաժի գործը կարող է կազմել նույնիսկ անփորձ երեխան, ուր մնաց՝ արևմտյան փաստաբանները: Սա արդեն Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու խնդիրն է: Որովհետև խփելու է ու արդեն խփում է յուրաքանչյուր հայաստանցու գրպանին:
Լավագույն բանը, որ կարող է անել կառավարությունը, սխալները շտկելն ու երկրի խոշորագույն ներդրողի հանդեպ այս ակնհայտ հետապնդումը վերացնելն է: Դա է բխում պետության շահերից, եթե, իհարկե, պետության շահն առաջնային է:
Ինչո՞ւ է Փաշինյանը խտրական վերաբերմունք ցուցաբերում Ամուլսարի հանքի թեմայով (տեսանյութ)