Կարծիք

31.03.2019 10:15


Հեղափոխությունը՝ ջրբաժանին

Հեղափոխությունը՝ ջրբաժանին

Երեւի բոլորս էլ հասկանում ենք, որ օպերային վեճն ի վերջո հանգում է սկզբունքային երկու դիրքորոշման անզիջում պայքարին։ Արվեստագետը լավ արդյունք է տվել, շատ լավ արդյունք՝ սա, ի դեպ, հիմնականում չի հերքվում։ Կա՛մ ես ընդունում եմ այդ լավ արդյունքը՝ անկախ ամեն ինչից, եւ ասում եմ՝ ապրես, շարունակիր, որովհետեւ մեր հանրության համար հիմա ամենակարեւորը՝ լավ արդյունքն է... Կա՛մ էլի ընդունում եմ, բայց պնդում եմ, որ այդ լավ արդյունքը որոշակի կանոնների խախտման հետեւանքով է ստացվել, կներես, էլ չեմ ուզում խախտումով ստացված նման լավ արդյունք՝ հեռացիր, որովհետեւ մեր հասարակության համար ամենակարեւորը ոչ թե լավ արդյունքն է, այլ այն, որ այդ լավ արդյունքը ստացված լինի առանց որեւէ խախտումների...

Հենց այդ պատճառով էլ համոզված եմ՝ Օպերայի հարցում Թավշյա հեղափոխությունը առաջին անգամ հայտնվել է ջրբաժանին՝ ընդունե՞լ չինովնիկական ուղին, որովհետեւ հեղափոխության մասնակիցների մի զգալի մասը, կներեք, չինովնիկ է դարձել, թե՞ շարժվել ստեղծագործական ուղիով, որովհետեւ հեղափոխություններն ու չինովնիկներն անցողիկ են, օրենքները՝ ցանկացած պահի փոփոխության ենթարկվող, իսկ մշակույթն այնուամենայնիվ՝ հավերժ է...

***

Տո գեներալների մի զգալի մասը հայերեն չգիտեր՝ հաղթեցինք... Որեւէ մեկը հիմա լրջորեն պնդո՞ւմ է, որ հայերեն չիմանալը լավ է... Էս ինչ հողմաղացների դեմ եք պայքարում...

Բայց ախր հեղափոխություն ենք ուզում իրականացնել՝ տնտեսական, մշակութային, ներգրավելով լավագույններին... Իսկ աշխարհի հայտնի տնտեսագետների գերակշիռ մասը հայերեն գրեթե չգիտի... Չգիտեր Աղանբեկյանը, չգիտի Աչեմօղլուն... Էս մարդն էլ չգիտի... Միգուցե մի քիչ հանդուրժող լինենք... Միգուցե եթե տաղանդավոր լինենք, մեր նկատմամբ էլ ուրիշ տեղ հանդուրժող կլինեն...

Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը