Կարծիք

30.03.2019 10:25


Ամուսնալուծվող Հայաստան

Ամուսնալուծվող Հայաստան

Վրացական կայքերում մի տեղեկատվություն կար: Պարզվում է՝ երկու տարով ավելացել է առաջնածին վրացուհիների տարիքը:

Վաղուց մեր երկրում ծնունդների և ընտանեկան տվյալների մասին տեղեկատվություն-հրապարակում չէի հանդիպել: Մինչդեռ պաշտոնական վիճակագրությունը, բնականաբար, մշակում և հրապարակում է նման տեղեկատվություն: Այն միանգամայն արժանահավատ է, որովհետև հիմքում ամուսնությունների, ծնունդների առիթով տրվող վկայականների պարզ հաշվառումն է: Օրինակ՝ կարելի է տեսնել, թե որ թվականին քանի ամուսնություն և, բնականաբար, քանի ամուսնալուծություն է գրանցվել, որքան երեխա է ծնվել:

Անկախության սկզբում ծնունդների քանակի կտրուկ անկումը 2000-ականների սկզբում աճ արձանագրեց: Այն տևական ժամանակ գերազանցում էր տարեկան 40 հազարից բարձր ցուցանիշը: 2014թ., օրինակ, ծնվել է 41 700 երեխա: 2015-ին` 43 հազա, 16-ին` 41.4 հազար, 2017-ին 40.3 հազար: Եվ հանկարծ 2018-ին առաջին անգամ ծնունդների քանակը նվազում է 40 հազարի ցուցանիշից: Ընդ որում, էական է նվազում` 2018-ին ծնվել է 37 հազար 500 երեխա:

Դժվար է պնդել, որ արձանագրվածը սոցիալ–տնտեսական պայմանների կտրուկ փոփոխության հետևանք է: Նույնքան դժվար է այն բացատրել ժողովրդագրական այլ ցուցանիշներով: Ճիշտ է` 2016թ. առաջին անգամ մեր երկրի բնակչությունը պակասեց երեք միլիոնից: Բայց հետագա երեք տարում բնակչությունը նվազեց 39 հազարով (2018թ. պաշտոնական տվյալներով՝ մեր երկրում ապրում է 2 մլն 972 հազար մարդ): Ժողովրդագրական այս ցուցանիշը միայնակ չէր կարող դառնալ ծնունդների անկման պատճառ արձանագրվածի չափով: Հետևաբար, կարելի է ենթադրել, որ մեր կյանքում ընթանում են որոշակի գործընթացներ, որոնք հիմնականում աննկատ են մնում: Առողջապահության ոլորտի մասնագետ չլինելով՝ հարցն այդ տեսանկյունից չեմ կարող քննարկել: Փոխարենը՝ կարող եմ առաջարկել ուշադրություն դարձնել հետևյալ վիճակագրության վրա:

Կայուն ընտանեկան հարաբերությունները գնահատողների համար այս տեղեկատվություն-տվյալները կարող են սառը ցնցուղ ընկալվել: 2000-ականների սկզբում ևս ամուսնալուծությունների բարձր ցուցանիշ էր արձանագրվում: Խոսքը երկնիշ թվի մասին է: Բայց գրանցվող ամուսնությունների համեմատ՝ ամուսնալուծություններն ընդամենը 10-12 տոկոս էին: Հիմա կարող եք համեմատել տվյալները: Վերջին 10 տարում գրանցված 180 հազար 375 ամուսնության դիմաց գրանցվել է 34 հազար 805 ամուսնալուծություն: Այս տվյալները հասարակական քննարկման մասշտաբի երբեք չեն բարձրացվել: Միշտ էլ շատ հեշտ է ազգային ու հասարակական բացասական երևույթները ստորադասել անհատ մարդու իրավունքներին: Ստորադասել ու խրոխտ, ժամանակակից բառապաշարով ասած, գրանտային ճառեր արտասանել: Դրանց համար, հավանաբար, վճարում են:

2015թ-ին ամուսնալուծությունների քանակն առաջին անգամ գերազանցեց 20 տոկոսի ցուցանիշը: Պատկերավոր ասած, 2015-ին առաջին անգամ ամուսնալուծվեց հինգ ընտանիքից մեկը: Բայց գործընթացը շարունակում էր: Հաջորդ թվականի ցուցանիշն արդեն 24 տոկոս էր: Հաջորդ` 2017թ. կտրուկ պակասեց գրանցվող ամուսնությունների քանակը` մոտ 9.3 տոկոսով: Նախորդ տասնամյակի համեմատ, երբ տարեկան առնվազն 18 հազարից ավելի ամուսնություն էր գրանցվում, 2017-ին գրանցվեց 15 հազար 214 ամուսնություն: Ամուսնալուծությունների քանակը 3 հազար 940 էր: Այս պարագայում արդեն խոսքն այն մասին է, որ Հայաստանում ամուսնալուծվում է առնվազն չորս ընտանիքից մեկը: Այ սա արդեն բնակչության ու ծնունդների կրճատման լուրջ բացատրություն-փաստարկ է: Այն առայժմ ո՛չ պաշտոնական, ո՛չ հասարակական քննարկման չի արժանանում:

Աղյուսակ․ ամուսնությունների և ամուսնալուծությունների քանակը

Տարի Ամուսնություն Ամուսնալուծություն
2008 18,463 3,031
2009 18,773 2,829
2010 17,984 2,997
2011 19,706 3,188
2012 19,063 3,250
2013 18,363 3,756
2014 18,912 4,496
2015 17,603 3,670
2016 16,294 3,648
2017 15,214 3,940

Գծապատկեր․ Ամուսնալուծություն/ ամուսնություն հարաբերակցությունը, (%)

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը