Քաղաքական

30.03.2019 08:37


Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել հեղափոխություն. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել հեղափոխություն. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ այսօր Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը:

«Դրական եմ գնահատում այսօրվա հանդիպումը: Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, հեղափոխություն, ինչ-որ դարակազմիկ շրջադարձ կամ իրադարձություն, բայց շատ կարևոր է, որ սկսվել է մի պրոցես, որը մեզ հնարավորություն է տալիս խոսել օրակարգերի, պատկերացումների, խնդիրների մասին, խոսել այն գործընթացի մասին, ինչի մասին ես առիթ ունեցա հայտարարել Ստեփանակերտում իմ ասուլիսի ընթացքում»,-Վիեննայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հույս հայտնեց, որ նախագահ Ալիևն էլ հանդիպումը կգնահատի դրական: Փաշինյանը նշեց, որ երբ ինքը ասում է, որ հանդիպում, չի նշանակում ինչ-որ մեկի հաղթանակ կամ պարտություն: «Մինչև հիմա ընդունված է եղել նման տրամաբանությամբ մոտենալ, փորձել գալ այն եզրակացության, թե ով հաղթեց, ով պարտվեց: Այս խոսակցության կարևոր առանձնահատկությունն այն է, որ խնդիր չի դրվում դուրս գալ ու հայտարարել, որ ես հաղթեցի, մյուսը պարտվեց:

Սկսել է խոսակցություն, կողմերից յուրաքանչյուրն ունի իր պատկերացումները: Կոնֆլիկտն ունի խորը արմատներ: Մենք հասկանում ենք, որ պարզ իրավիճակի հետ գործ չունենք: Սա շատ լուրջ խնդիր է, շատ խորը պրոբլեմ է: Ես կարևոր եմ համարում, որ լինի մթնոլորտ, որ մենք կարողանանք բարձրաձայնել, թե ինչ ենք մտածում՝ կարո՞ղ ենք արդյոք խոսել, արձանագրել, որ խոսելու մեջ ոչ մի վնասակար բան չկա, կարո՞ղ ենք խոսել այնպես, որ հիմքում չլինի իրար վնասելը, կարո՞ղ ենք արդյոք ջանքեր գործադրել, որ շփման գծում լինի կայուն իրավիճակ, կարո՞ղ ենք սկսել խոսակցություն, որ շփման գծում գտնվող գյուղերի մարդիկ ապրեն բնականոն կարգով, զբաղվեն իրենց աշխատանքով՝ առանց մտածելու, որ դիպուկահարները իրենց կոչնչացնեն»,-մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ պետք է հասկանալ՝ ինչն է տրամաբանական դիմացինի դիրքորոշման մեջ, ինչը՝ ոչ և հակառակը: «Չգիտեմ՝ ինչ գնահատական ունի նախագահ Ալիևը, հույս ունեմ, որ մեր գնահատականները առնվազն տեսանելիորեն չեն տարբերվի»,-ասաց նա:

Փաշինյանը խոսեց նաև հայաստանյան իրադարձությունների մասին: Վարչապետը նշեց, որ Հայաստանը ժողովրդական ու ժողովրդավարական պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին՝ նշելով, որ երկրում տեղի ունեցած փոփոխությունների առանցքային իմաստը մթնոլորտն ու սերն են, որ կա «մեր միջև, ոչ թե կառավարության ու ժողովրդի, այլ՝ մեր միջև, հայ ժողովրդի միջև, հպարտ քաղաքացիների միջև»:

«Երկար ժամանակ քննարկել ենք՝ ինչքան կարևոր է իշխանության լեգիտիմությունը: Որպես ընդդիմադիր և որպես լրագրող՝ ես խոսել եմ այդ մասին և հիմա զգում եմ, թե ինչքան կարևոր է դա: Այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում, մեզ բերելու են իրական քաղաքական, տնտեսական հաղթանակների: Երևում են տնտեսական ցուցանիշներ, միջազգային վարկանիշային կազմակերպություններ կանխատեսում են այդ ցուցանիշները, և մենք իրար հետ հաջողելու ենք տնտեսական հեղափոխության գործընթացում»,-ասաց նա:

Ըստ նրա այս հեղափոխությունը շատ կարևոր էր. «Կարևոր էր աչքերի ու հայացքների հեղափոխությունը, այն հեղափոխությունը, որը տեղի ունեցավ մեր հայացքներում, այն, որ մենք իրար աչքերում կարդում ենք փոխադարձ սեր, փոխադարձ հարգանք, պատրաստակամություն՝ լինել իրար հետ»:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը