Մեկնաբանություն

29.03.2019 20:00


Արթուր Դավթյանը սրբագրում է Նիկոլ Փաշինյանին ու «կռուտիտ» լինում 1996-ի ընտրությունների պահով (տեսանյութ)

Արթուր Դավթյանը սրբագրում է Նիկոլ Փաշինյանին ու «կռուտիտ» լինում 1996-ի ընտրությունների պահով (տեսանյութ)

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն իր տեսակով տխրահռչակ Վիշինսկուն է նման:

Վիշինսկին բոլշևիկյան իշխանության այն դատախազն էր, որը ցարական Ռուսաստանում էլ էր դատախազ աշխատում ու Լենինին կալանավորելու որոշում էր կայացրել: Բոլշևիկյան հեղափոխությունից հետո նա դարձավ բոլշևիկների դատախազն ու հետապնդում էր բոլոր նրանց, որոնց մասով ցուցում էր ստանում բոլշևիկյան իշխանությունից:

Դավթյանն էլ է նույն բանն արել: Նա մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրան կալանավորելու միջնորդությամբ էր մտել ԱԺ: Իշխանափոխությունից հետո նա դարձավ «թունդ հեղափոխական» և «թավշյա»: Այժմ Դավթյանը կատարում է Փաշինյանի հրահանգները՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդում իրականացնելով:

Ի դեպ, պատասխանելով լրագրողների՝ «Մարտի 1»-ի հետ կապված հարցին, Դավթյանը փորձել է սրբագրել Նիկոլ Փաշինյանին:

Ինչպես հայտնի է, Փաշինյանը հայտարարել էր, որ «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտված է: Դավթյանը խուսափեց նման ձևակերպումից ու տվեց այլ մեկնաբանություն:

«Նիկոլ Փաշինյանը քրեադատավարական գործընթացի սուբյեկտ չէ: Նիկոլ Փաշինյանի գնահատականը բերել-կապել քրեական գործի դատավարական ընթացքի հետ, ճիշտ չէ: Երբ որ երկրի դատախազից, քննիչից կլսեք այդպիսի բաներ, ուրեմն էդ դեպքում դուք կկարողանաք ներկայացնել ձեր հակափաստարկները»,- փաստացի հերքելով ու սրբագրելով Փաշինյանին՝ հայտարարել է Դավթյանը:

Դավթյանը, փաստորեն, ակամայից ընդունել է, որ Փաշինյանը անհիմն ու պոպուլիստական հայտարարություն է արել «Մարտի 1»-ի մասով:

Ինչ վերաբերում է 1996-ի նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած սահմանադրական կարգի տապալմանն ու այդ հարցով քրեական գործ հարուցելուն, ապա Դավթյանը հայտարարում է, որ եթե լինեն ի հայտ եկած նոր հանգամանքներ, ապա իրենք միայն դրանից հետո վարույթ կսկսեն: Սա արդեն դեմագոգիա է և փարիսեցիություն, քանզի 96-ի մասով բազմաթիվ հանգամանքներ կան, որոնք քննության առարկա չեն դարձել նախկինում: Հետևաբար երևան եկած նոր հանգամանքերի մասին խոսելը, մեղմ ասած, «կռուտիտ» է: Հնում այդ հանգամանքները քննության առարկա չեն դարձել և իրավական գնահատականի չեն արժանացել: Ի՞նչ նոր հանգամանքների մասին է խոսքը: Համ էլ՝ «Մարտի 1»-ի գործով այդ ի՞նչ նոր հանգամանքներ էին ի հայտ եկել, որ գործը վերաբացվեց: Ընդ որում՝ 10 զոհերի պահով կա զրո առաջընթաց:

Եթե Սիլվա Վահան Շիրխանյանի մուտիլովչիկական նամակի հետքերով 1998-ի ընտրություններին վերբերող նյութեր են պատրաստվում, ապա իրավապահ համակարգը պարզապես պարտավոր է և՛ ԱՄՆ պետքարտուղարության գնահատականների, և՛ բազմաթիվ վկայությունների, այդ թվում՝ լևոնական իշխանության ներկայացուցիչների հայտնած, և՛ տեղեկատվական դաշտը հեղեղած բռնությունների ու ընտրակեղծիքների փաստերի հիմա վրա 1996-ի նախագահական ընտրություններին հաջորդած սահմանադրական կարգի տապալման մասով գործ հարուցել: Այլապես ևս մեկ անգամ կապացուցվի, որ գործող իշխանությունները պարզապես սևեռված են Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ ու նրա դեմ քաղաքական վենդետտա է կիրառվում:

Եվ վերջում: Վիշինսկի-Դավթյանը պետք է իմանա, որ քաղաքական իրավիճակի անխուսափելի փոփոխության դեպքում ինքը կոնկրետ պատասխան պետք է տա, թե ինչո՞ւ «Մարտի 1»-ի գործով ի հայտ չեկած նոր հանգամանքների դեպքում քաղաքական հրահանգով բացել է 2008-ի թեման, իսկ ահա 1996-ի մասով կոծկել է հանցագործությունները և գործ չի հարուցել:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը