Լրահոս

29.03.2019 19:26


Լարված ու պայթունավտանգ իրավիճակ Դիլիջանում․ մարդիկ փակել են ճանապարհը

Լարված ու պայթունավտանգ իրավիճակ Դիլիջանում․ մարդիկ փակել են ճանապարհը

SHAMSHYAN.com-ը հայտնում է, որ այսօր, մարտի 29-ին լարված ու պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել Տավուշի մարզում։ Առավոտյան ժամը 9։00-ից Դիլիջան քաղաքի 300-ից ավելի բնակիչներ ի նշան բողոքի՝ բեռնատարներով փակել են գլխավոր ճանապարհը։ Երթևեկությունը կաթվածահար է եղել, խցանումն էլ հասում է մի քանի կիլոմետրի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհը փակած բնակիչերը ասում էին․ «Մենք պահանջում ենք՝ արդարություն։ Համբերության բաժակն արդեն լցվել է։ Ամիսներ շարունակ Դիլիջանի բնակիչ Դավիթ Հակոբյանը անհիմն մեղադրվում է ծանր հանցագործության մեջ, ու այդ ծանր հանցագործությունը նրա վրա թխել են Դիլիջանի ոստիկանները, քննիչներն ու Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության քննիչ տխրահռչակ Արման Կարապետյանը։ Էս գործը դեռ սկզբից էլ պարզ էր, որ այն ոտից գլուխ սարքել են։ Իրենց բացահայտման ցուցանիշներն ապահովելու նպատակով քրեական գործի հերն անիծել են։ Չգիտեմ որտեղից փակ վկաներ են բերել ու դրա հիման վրա փորձում են անմեղ տեղը մարդուն 9 տարի փակեն։ Առաջին փակ վկան դատարանում ասում է, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել, ճնշման տակ է թղթեր ստորագրել։ Իսկ 2-րդ փակ վկան էլ դատարանում չկարողացավ հստակ պատասխաններ տալ, ու նրա տված պատասխաններից պարզ դարձավ, որ հարուցված քրեական գործը բացահայտման տեսանկյունից փուչիկ է։ Իսկ էդ փուչիկը փչել են տխրահռչակ քննիչ Ա․ Կարապետյանը և ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, դատավորներ՝ Հ․ Ասատրյանը, Ս․ Ավետիսյանը, Ե․ Դանիելյանը, Ա․ Պողոսյանը և Ս․ Օհանյանը, ովքեր ցուցաբերել են ոչ պրոֆեսիոնալ մոտեցում։ Վստահ ենք, որ եթե այդ մասին տեղեկանա մեր կողմից շատ սիրված ու ընդունելի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կհանձնարարի օբյեկտիվ դատաքննություն անցկացնեն ու իրականությունը ջրի երես դուրս կգա»։

Այս խորագրի վերջին նյութերը