Կարծիք

29.03.2019 14:00


Մտորումներ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գաղափարի շուրջ

Մտորումներ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու գաղափարի շուրջ

Հողատուները, իրենց տեսակետը հիմնավորելու համար, հայտարարում են նաև, որ Հայաստանը մինչև չկարգավորի իր հարաբերությունները Թուրքիայի հետ, չհաստատի դիվանագիտական հարաբերություններ ու չունենա բաց սահման, երբեք դուրս չի գա մեկուսացումից ու չի կարողանա կայանալ որպես անկախ պետություն: Ինչ խոսք, իհարկե, Հայաստանը վաղ թե ուշ պիտի Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատի և բաց սահման ու տնտեսական նորմալ փոխգործակցություն ունենա վերջինիս հետ: Բայց ամենասկզբունքային հարցը այստեղ այն է, թե երբ պիտի դա արվի. արդյոք շտապողականությունը արդարացվա՞ծ է:

Կա մի շատ կարևոր հանգամանք. թուրքերը, ավելի ճիշտ՝ Թուրքիայի այսօրվա ղեկավարները, Հայաստանի հետ հարաբերությունների վերականգնումը կապում են Արցախի հարցի հետ և ուլտիմատիվ կերպով պայման են դնում հայկական կողմի առաջ, որպեսզի վերջինս Արցախում տարածքներ զիջի:

Ինչո՞ւ չեմ ուզում նշել, որ դա ամբողջ թուրք ժողովրդի պահանջն է, այլ նրանց այսօրվա իշխանություններինը, որովհետև եթե, օրինակ, այդ երկրում 2016 թ․-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձը հասներ իր նպատակին, ու Թուրքիայում Էրդողանը իր շրջապատով իշխանությունից հեռացվեր, ապա շատ հնարավոր է, որ Թուրքիայի նոր իշխանությունները, որոնք պարտադիր կերպով ավելի լիբերալ ուղղվածություն կունենային, Հայաստանի հետ հարաբերություններ կհաստատեին՝ առանց այն կապելով Արցախի հարցի հետ: Իհարկե, այդ նորերը Արցախի հարցում հայամետ չէին լինի, միևնույնն է, կպնդեին ադրբեջանական կողմի փաստարկների վրա, կպաշտպանեին Արցախը Ադրբեջանի իրավասության տակ վերադառնալու գաղափարը, բայց, մյուս կողմից, դա չէին դարձնի նախապայման և Հայաստանի հետ հարաբերություններ կհաստատեին, որի արդյունքում նաև սահմանը կբացվեր, իսկ մեզ համար դա ամենակարևորն է:

Հիմա Թուրքիայում ամեն ինչ տանում է նրան, որ էրդողանական ավտորիտարիզմն ու հարևանների նկատմամբ որդեգրած ագրեսիվ արտաքին քաղաքական կուրսը Էրդողանի հետ էլ կավարտվի, ու մոտ ապագայում իմ՝ վերը նշած ուժերը, միևնույնն է, իշխանության են գալու, թուրքական հասարակության ուղիղ կեսը և ամենակարևորը՝ իսթեբլիշմենթի մի մասը, որը բավականին հզոր է, դա է ուզում, ու դա կլինի:

Պետք չէ մտածել, որ եթե թուրքական քաղաքական դաշտում այսօրվա դրությամբ գործող հիմնական կուսակցությունների մոտ այդ մոտեցումները չկան, ուրեմն Էրդողանական ժամանակաշրջանից հետո այդ իմաստով ամեն ինչ նույնն է մնալու: Ո՛չ, Էրդողանը երկիրը կառավարում է ավտորիտար մեթոդներով, իսկ ինչպես գիտենք, ամեն մի ավտորիտար ղեկավարի հեռանալու հետ պատմության գիրկն է անցնում նաև այն քաղաքական համակարգը, որը գործում է տվյալ ղեկավարի կառավարման ժամանակահատվածում՝ սկսած դիմությունից մինչև ընդդիմություն, այնպես որ, էրդողանական կառավարման շրջանի ավարտից հետո պիտի սպասենք Թուրքիայի քաղաքական կյանքում լուրջ վերաձևումների: Այդ երկիրը կգնա դեմոկրատացման ճանապարհով, ու թուրքական հասարակությունը կսկսի ավելի հանդուրժող դիրքորոշում որդեգրել հայության և Հայաստանի հանդեպ:

Կարճ ասած, մի բան ականջներիս օղ պիտի անենք, այն է՝ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու առումով շտապել հարկավոր չէ, ներկա պահին, հանուն այդ հարաբերությունների հաստատման, պետք չէ, որ մենք գնանք շատ ցավոտ ու ահավոր վտանգներ պարունակող զիջումների արցախյան ճակատում. պիտի հասկանանք, որ հանուն դրա հողեր հանձնելու գաղափարը կատարյալ հիմարություն է, ուղղակի հարկավոր է ևս մի քանի տարի ձգել ստատուս քվոն, 25 տարի կարողացել ենք ձգել, հարկավոր է ևս մի 5 տարի (առավելագույնը) էլ ձգել, որից հետո հենց իրենք թուրքերը կնախաձեռնեն մեզ հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու գործընթացը:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը