Կարծիք

28.03.2019 14:21


Գոլանի բարձունքների խնդիրը պետք չէ համեմատել Ղարաբաղի հետ. կարող է նույնիսկ վտանգավոր լինել

Գոլանի բարձունքների խնդիրը պետք չէ համեմատել Ղարաբաղի հետ. կարող է նույնիսկ վտանգավոր լինել

Թրամփի վերջին որոշումը՝ Գոլանի բարձունքները որպես Իսրայելի անբաժանելի մաս ճանաչելու վերաբերյալ, իսկական ցնցում առաջացրեց ոչ միայն աշխարհում, այլև Հայաստանում: Սակայն եթե աշխարհը Թրամփի այս որոշումը չընդունեց, ապա Հայաստանում բոլորը հերթ կանգնած սկսեցին այս խնդիրը համեմատել Ղարաբաղի հետ՝ այն համարելով մեզ համար շահեկան օրինակ բանակցային գործընթացում օգտագործելու համար:

Եվ ամենահետաքրքիրն այն էր, որ բոլոր դատողությունները շատ նման էին իրար և ոգևորիչ բնույթ ունեին, կարծես Թրամփը ոչ թե Գոլանը, այլ հենց Ղարաբաղն էր ճանաչել որպես Հայաստանի անքակտելի մաս:

Այս հարցը ջրի երես բերեց նաև մեկ այլ խնդիր: Տպավորությունն այն է, որ մեր հանրության զգալի մասի մոտ այդքան էլ լավ պատկերացում չկա, թե ինչ վիճակ է Գոլանի խնդրի շուրջ, և ինչ է քննարկվում ղարաբաղյան խնդրի շուրջ: Հակառակ դեպքում ոչ մեկի մտքով չէր անցնի Գոլանի հարցը համեմատել ղարաբաղյան խնդրի հետ: Ավելին՝ նույնիսկ որոշ մասով այդ համեմատությունը կարող է վնասել մեզ: Փորձենք այս թեզն ավելի մանրամասնել:

Ո՞րն է Գոլանի հարցի էությունը

Գոլանի բարձունքները մինչև 1967 թվականը պատկանել են Սիրիային և, ՄԱԿ-ի կողմից հաստատված, այդ երկրի անքակտելի մասն են համարվում մինչ այսօր: 1967 թվականի պատերազմի արդյունքում դրանք Իսրայելը նվաճեց զուտ անվտանգության տեսանկյունից, քանզի այդ բարձունքներից Սիրիան կարողանում էր գնդակոծել Իսրայելի տարածքի ուղիղ կեսը:

Հետագայում այն իր երկրորդ նշանակությունն ունեցավ, քանզի այդ բարձունքներին անմիջապես սահմանակից է նաև, այսպես կոչված, Գալիլեյան լիճը (հրեաները նաև ծով են անվանում), որը նաև Իսրայելի՝ որպես պետության խմելու քաղցրահամ ջրի գլխավոր պաշարներից է համարվում:

Կարելի է ասել, որ սկսած 1967 թվականից՝ այսինքն՝ 52 տարի, այս տարածքը դե յուրե պատկանել է Սիրիային, սակայն դե ֆակտո գտնվել է Իսրայելի տիրապետության տակ: Դիվանագիտական տեսանկյունից Իսրայելն այս բարձունքները համարել է «անվտանգության գոտի» և հրաժարվում էր հետ վերադարձնել Սիրիային զուտ անվտանգության տեսանկյունից:

«Եթե Դամասկոսը ճանաչի Իսրայել պետությունը, հաստատի նրա հետ դիվանագիտական հարաբերություններ, հրաժարվի իր տարածքում պահել պաղեստինցի ապստամբներին, ապա Թել-Ավիվը պատրաստ կլինի քննարկել Գոլանի բարձունքների վերադարձը»,- միշտ նշում էին Իսրայելում այս խնդրի լուծման վերաբերյալ: Սակայն Սիրիան Պաղեստինի հարցում միշտ կոշտ դիրքորոշում ուներ, և դրա համար էլ Գոլանի բարձունքների հարցը մնում էր չլուծված՝ ի տարբերություն Սինայան թերակղզու, որն Իսրայելը վերադարձրեց Եգիպտոսին՝ վերը նշված երեք պայմանները կատարելու դիմաց:

Մինչդեռ Ղարաբաղը մեզ համար անվտանգության գոտի չէ, որ ինչ–ինչ հանգամանքներից ելնելով՝ կարելի էր վերադարձնել Ադրբեջանին: Եվ այդ իմաստով այս երկու խնդիրներն իրար հետ համեմատելը ոչ միայն սխալ է, այլև վտանգավոր: Անգրագիտությունը տնտեսության մեջ կարող է վատ հետևանքների բերել, իսկ դիվանագիտության մեջ կարող է ճակատագրական լինել:

Ինչո՞ւ հենց այս պահին Թրամփը որոշեց ճանաչել Գոլանը՝ որպես Իսրայելի անքակտելի մաս

Բանն այն է, որ Գոլանի բարձունքների իսրայելական գրավումից հետո անցել է 52 տարի: Սիրիան՝ իր կոշտ դիրքորոշմամբ, փաստացի կոշտացրեց նաև Իսրայելի դիրքորոշումը: Այդ խնդիրը փաստացի սառեցվեց և մտավ, այսպես կոչված, «չլուծվող խնդիրների» շարք, որից հետո Իսրայելում սերունդներ փոխվեցին, Գոլանը դարձավ Իսրայելի անքակտելի մաս տնտեսապես, սոցիալապես և ամենակարևորը՝ հոգեբանական տեսանկյունից: Արդյունքում՝ իսրայելական քաղաքական նոր սերունդը ներքուստ որոշեց, որ այդ բարձունքները որևէ պայմանով չպիտի հանձնել Սիրիային: Բայց որպեսզի դա իրականություն դառնար, Իսրայելն այս սառը պատերազմում Սիրիայի դեմ պիտի հաղթանակ տաներ:

52 տարի անց Իսրայելը հզոր երկիր է դարձել՝ իր 300 մլրդ դոլարանոց ՀՆԱ-ով, իսկ իր կենսամակարդակով 24-րդն է աշխարհում՝ 35 000 դոլար մեկ շնչին: Բացի այդ, Իսրայելն այսօր ժամանակակից զարգացած և դեմոկրատական պետություն է, ունի հզոր բանակ, միջուկային զենք և 8 մլն-անոց բնակչություն:

Համեմատենք այս ամենը Սիրիայի հետ: Քանդված երկիր, պառակտված բնակչություն, ամբողջովին կազմալուծված տնտեսություն և արաբական երկրների մեծ մասի հետ վատ հարաբերություններ ունեցող Բաշար Ասադի ռեժիմ: Մի՞թե պարզ չէ, որ այս պայմաններում իսրայելցիները պիտի հիմար լինեն, որ այս խնդիրը չփորձեն լուծել նաև դիվանագիտական ճակատում:

Թրամփի այս որոշումն իսկապես պատմական նշանակություն ունի հրեաների համար: Թեև պարզ է, որ մոտ ժամանակներս աշխարհը չի ընդունի Թրամփի որոշումը, սակայն հրեաները հույս ունեն, որ ևս 52 տարի անց այս խնդիրը կճանաչեն նաև Բրյուսելում, Մոսկվայում և Կահիրեում: Մանավանդ որ Իսրայելի համար Սիրիան այլևս լուրջ հակառակորդ չի համարվում:

Իսկ հիմա այս խնդիրը փորձենք համեմատել Ղարաբաղի հետ

Ի տարբերություն Գոլանի բարձունքների՝ Ղարաբաղի մասով միջազգային հանրությունը տեսականորեն պատրաստ է նախկին ԼՂԻՄ-ի տարածքն ապագայում տեսնել Ադրբեջանի կազմից դուրս: Այստեղ 7 ազատագրված տարածքների հարցն է, որ բոլորը դիտարկում են որպես Ադրբեջանին վերադարձնելու պարտադիր պայման: Այսինքն, Գոլանը համեմատել ընդհանուր Ղարաբաղի հետ պարզ անգրագիտություն է. այն պետք է համեմատել ազատագրված տարածքների հետ:

Բայց որպեսզի մենք այդ խնդիրը լուծենք մեր ուզած ձևով, պիտի կատարենք հետևյալ պայմանները, որոնք լուծեցին հրեաները:

Առաջին

Բանակցություններով պիտի ժամանակ շահենք և հզորանանք, ինպես Իսրայելը, որպեսզի 52 տարի անց մեկ այլ ամերիկացի կամ ռուս «Թրամփ» ճանաչի ազատագրված 5 կամ 7 շրջանները՝ որպես Ղարաբաղի կամ Հայաստանի անքակտելի մաս:

Երկրորդ

Ադրբեջանը, ներկայիս Սիրիայի նման, պիտի դառնա թույլ կիսապետություն։

Երրորդ

Հայաստանը նույնպես պետք է ունենա համաչափ մեծ ՀՆԱ, բնակչության բարձր կենսամակարդակ, իսկ բնակչության թիվն էլ առնվազն կրկնապատկվի: Միջուկային զենք ունենալն էլ հաստատ մեզ չի խանգարի, մանավանդ որ դրա բոլոր նախադրյալները կարող ենք ունենալ:

Միմիայն այս պատմական պայմանները կատարելուց հետո կարող ենք լուրջ մտածել, որ Ղարաբաղի խնդիրը կարող ենք լուծել հայանպաստ տարբերակով: Հրեաները իրենց պատմական այս խնդիրը փառքով են լուծել, և դա կարող է օրինակ ծառայել մեզ համար, այլ ոչ թե Թրամփի որոշումը, որից մեր հանրության զգալի մասը ոգևորված է:

Պետք է միշտ հիշենք, որ հարուստ և ուժեղ երկիրը կարող է լուրջ դիվանագիտական հաղթանակներ գրանցել, իսկ թույլ, պառակտված երկիրը՝ ոչ: Եվ ուրեմն, պարզունակ, պոպուլիստական թեզերն այսօր մեզ ավելի կխանգարեն, քան կօգնեն:

Այնպես որ, Թրամփի որոշումից ոգևորվելը ավելի շատ հիշեցնում է մեր «հին, բարի և, միաժամանակ, վտանգավոր ավանդույթները», որտեղ մենք անկեղծորեն հավատում էինք, որ դիվանագիտական ճակատում «թղթե շերեփով» կարող ենք լուրջ արդյունք արձանագրել:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը