Կարծիք

27.03.2019 10:26


Անհավատալի և անչափելի մակրոտնտեսություն

Անհավատալի և անչափելի մակրոտնտեսություն

«Հավատում եմ, որովհետև անհեթեթ է»: Տերտուլյանոսի այս հայտարարությունը հստակ սահմանազատեց կրոնական աստվածաբանությունը արիստոտելյան տրամաբանությունից: Այդ պահից բոլոր մտածողների համար պարզ գծագրվեց, որ հավատքի խնդիրը տրամաբանական փաստարկներով չէ, որ պիտի քննարկվի: Բայց որևէ մեկի մտքով չէր անցնի, որ այս խնդրի առաջ կկանգնի նաև մեր տնտեսական վիճակագրությունը: Ավելի ճիշտ` այն մարդը, ով կփորձի տնտեսական վիճակագրությունից բան հասկանալ:

Չի կարելի ասել, թե վիճակագրությունն ալարկոտ ամփոփեց տարվա առաջին երկու ամսվա սոցիալ–տնտեսական վիճակը բնութագրող հիմնական ցուցանիշները: Պարզվեց, որ փետրվարը հունվարից էապես չի տարբերվում: Մակրոտնտեսական այն ցուցանիշները, որոնք բարձր էին կամ աճել էին հունվարին, շարունակում են բարձր մնալ կամ աճել: Իսկ չաճող ոլորտները, բնավորությունները չփոխած, շարունակում են չաճել:

Արդեն կայացած փաստ է տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշով հպարտանալը: Այս անգամ խոսքը 6.5 տոկոսի մասին է: Նույնքան կայացած ավանդություն է որպես հիմնավորում բերել արդյունաբերության համեստ աճը (այս անգամ խոսքը հսկա` 1.9–տոկոսանոց առաջընթացի մասին է): Ապա, որպես երկրորդ փաստարկ, բերել շինարարության աճը (այս անգամ խոսքը 21.6–տոկոսանոց առաջընթացի մասին է): Վերջին փաստարկն առանց առևտրի ծավալների ծառայությունների ծավալի աճն է (այս անգամ խոսքը 17.5–տոկոսանոց առաջընթացի մասին է):

Ծառայությունները ոլորտ չեն, այլ գանձ: Ինչ ուզես՝ կարելի է պնդել, որովհետև ստուգման որևէ համակարգ չկա: Բայց մյուս ոլորտներն իրենց մակրոտնտեսական ցուցանիշներով դավաճանանար (կամ քանի որ հավատքի թեմայից սկսեցինք` սավուղաբար) շարունակում են մնալ պարզ տրամաբանության շրջանակներում: Մնում են` թույլ չտալով վիճակագրական սխրանքներ գործել սոցիալ-տնտեսական ցուցանիշների ոլորտում:

Այսպես, առաջին երկու ամսին էլեկտրաէներգիայի արտադրությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 21.6 տոկոսով: Բայց անկախ այս փաստից՝ տնտեսության մյուս հատվածներն աճել են: Արդյունաբերությունը (որ համարյա 2 տոկոսով աճել է) ներառում է նույն էներգետիկան: Արդյունաբերության կառուցվածքում այն վերջին տարիներին 15.5-20 տոկոս է կազմել: Բայց հանուն մակրոտնտեսական ցուցանիշների՝ տարանջատվել է:

Փաստորեն, մեր տնտեսությունն աճում է առանց էլեկտրաէներգիայի: «Ինչպե՞ս է դա հնարավոր» կանտյան հարցը մեր վիճակագիրները շրջանցում են: Բոլոր նրանց համար, ովքեր կենթադրեն, որ աճը կարող է պայմանավորված լինել վերականգնվող էլեկտրաէներգիայի հաշվին, պարզապես կարելի է հետևյալ երկու թվերը հրապարակել: Պաշտոնապես ամփոփված վերջին՝ 2017թ տվյալներով՝ Հայաստանում արտադրվել է մոտ 7 մլրդ 763 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: «Այլընտրանքային աղբյուր» կոչված արևային-հողմային կայանների արտադրանքը կազմել է ընդամենը 2.5 մլն կՎտ/ժ, այսինքն՝ մեկ տոկոսից այնքան փոքր, որ մաթեմատիկայում հաշվվում է 10-ի մինուս աստիճաններով` զրոներն իրար հետևից շարելու տարածքը խնայելու նպատակով:

Որտեղ և որ ոլորտներում է դրսևորվել տնտեսական ակտիվությունը՝ իր 6.5–տոկոսանոց «բնութագրով», շատ ավելի բարդ կլինի հայտնաբերելը, եթե դիտարկենք արտաքին ապրանքաշրջանառության ոլորտը: Մեր երկրից արտահանումների ծավալը, նախորդ տարվա համեմատ, կրճատվել է 11.6 տոկոսով: Արտահանման ծավալների այս անկումը պիտի որ տագնապ հնչեցնելու և լուրջ քննարկումների առիթ դառնար: Բայց շատ ավելի հեշտ է ձևացնել, որ ամեն ինչ լավ է, հասկանալի ու վերահսկելի: Արտահանմանը զուգընթաց՝ շարունակել է կրճատվել նաև ներմուծումը: Ճիշտ է, ոչ երկնիշ, բայց բավական պատկառելի` 5,6 տոկոսով:

Նուրբ և համարյա զգացմունքային երանգ կա այն փաստի մեջ, որ արտաքին ապրանքաշրջանառությունը կրճատվել է, իսկ ներքին առևտուրը` ոչ: Ավելին, այն երկնիշ է աճել` 13.1 տոկոսով: Հիմա ընդունված չէ խոսել ստվերային տնտեսության մասին: Հետևաբար, պետք է հավատալ թվերին ու ասել, որ ներքին առևտրի աճը հնարավոր է եղել աշնանը ներկրած և արտադրած ապրանքների հաշվին: Հատկապես որ գիտենք` Տերտուլյանոսից հետո հավատքի պարագայում տրամաբանությունը փաստարկ չէ: Ոչինչ, որ աստվածաբանը պնդում էր բոլորովին այլ ոլորտ նկատի ունենալ: Մեզանից ոմանք մեր վիճակագրությանն են հավատում:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը