Քաղաքական

27.03.2019 09:49


«Բաքուն մտադիր է ուժով «վերադարձնել» Ղարաբաղը». Վլադիմիր Եվսեև

«Բաքուն մտադիր է ուժով «վերադարձնել» Ղարաբաղը». Վլադիմիր Եվսեև

Հայտնի է դարձել, որ Վիեննայում մարտի 29-ին կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը, որն անցկացվելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

Մեկնաբանելով առաջիկայում կայանալիք հանդիպումը՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը կարծիք է հայտնել, որ այդ հանդիպումից պետք չէ ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցություններում բեկումնային առաջընթաց ակնկալել, քանի որ հակամարտությունը կողմերի միջև չի թուլացել:

Սակայն քաղաքագետի դիտարկումներով՝ Բաքվի քաղաքականությունը ներկա պահին առավել սադրիչ է դարձել, ինչը հաստատում են վերջերս տեղի ունեցող իրադարձությունները: Ինչ վերաբերում է Ղարաբաղում լարվածության թուլացմանը, փորձագետի կարծիքով՝ դա ժամանակավոր բնույթ է կրում, և ադրբեջանական կողմն ուղղակի սպասում է, որ կրկնեն 2016 թվականի դեպքերը:

«Որոշակի անորոշություն կա Երևանի և Ստեփանակերտի միջև: Եվ այն պայմանը, որ Ստեփանակերտին պետք է հրավիրել բանակցությունների սեղանի շուրջ, անիրականանալի է Բաքվի կոշտ դիրքորոշման պատճառով: Դա կարելի է նաև ընկալել որպես Ղարաբաղի պաշտպանության համար պատասխանատվության անցումը Ստեփանակերտին:

Սրան պետք է գումարել նաև Ադրբեջանի և Թուրքիայի ակտիվությունը Նախիջևանում՝ բանակային համալիրի ստեղծումը, երկաթուղու կառուցումը, ազատ առևտրի գոտու ստեղծումը և հայտարարությունները, որ այդ կողմից կարող է փակվել երթևեկությունը դեպի Արցախի Հանրապետություն: Այսինքն՝ այս ամենն, ինչ տեղի է ունենում, ինձ հիմք չի տալիս խոսելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորման մասին: Խոսել առաջընթացի մասին որոշակի կապի ստեղծման հիման վրա լուրջ չէ»,-ասել է Եվսեևը РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում:

Ռուս փորձագետն ընդգծել է, որ Բաքուն ընդհանրապես չի փոխել իր դիրքորոշումը Ղարաբաղը բանակցային գործընթացին ներգրավելու հարցում: «Բաքուն մտադիր է ուժով «վերադարձնել» Լեռնային Ղարաբաղը: Ոչ թե անվտանգության գոտիները, այլ ողջ Լեռնային Ղարաբաղը, ինչը կհանգեցնի ողջ հայության հեռացմանն այնտեղից: Բաքվի համար իրադարձությունների նման զարգացումն է ընդունելի համարվում, ինչն անընդունելի է Արցախում բնակվողների համար: Ինչո՞վ է պայմանավորվում առաջընթացը: Մի քանի շրջանների հանձնումո՞վ: Նույնիսկ մեկ շրջանի հանձնումը կհանգեցնի ողջ Ղարաբաղի կորստին»,-շեշտել է փորձագետը:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը