Կարծիք

26.03.2019 17:05


Կոսմոպոլիտիզմը հայ իրականության մեջ 100 տարի առաջ և հիմա

Կոսմոպոլիտիզմը հայ իրականության մեջ 100 տարի առաջ և հիմա

Ես բազմիցս նշել եմ, որ կոսմոպոլիտիզմը կեղծ կատեգորիա է. այդ գաղափարախոսությունը ստեղծվել է կայսրությունների կողմից սեփական համահարթեցնող մամլիչի տակ կայսերահպատակ անցեղ ու անհայրենիք մարդու տեսակ ստեղծելու նպատակով (բայց, այնուամենայնիվ, տարբեր կայսրություններ տարբեր տեսակներ են ստեղծել, որոնք նույնպես մեկը մյուսի նկատմամբ անտագոնիկ են): Մենք պիտի հասկանանք, որ մարդիկ պարտադիր կերպով տեսակների են բաժանվում` ելնելով լեզվական ու մշակութային այլևայլ տարբերություններից ու անգամ տնտեսական կորպորատիվ շահերից:

Մարդը մշակութային էակ է ու անպայման ինչ-որ մշակույթի կրողը պիտի լինի, եթե ինքը հրաժարվում է իր ազգային մշակույթից, ուրեմն պարտադիր կերպով պիտի կրողը դառնա մեկ այլ ազգի մշակույթի: Եվ չնայած որ ցանկացած կայացած մշակույթ կրում է իր մեջ համամարդկային բոլոր արժեքները, այնուամենայնիվ, անցկացնելով այդ արժեքները իր սեփական պրիզմայի միջով՝ ձևավորում է բարոյականության, գեղագիտության և աշխարհընկալման սեփական մոդելը:

Բոլորս պիտի քաջ գիտակցենք, որ աշխարհը միշտ բաժանված է լինելու տարբեր քաղաքացիություն տրամադրող ու տարբեր մշակույթներ կրող սեկտորների մեջ, որոնք մեկը մյուսի նկատմամբ պարտադիր կերպով ունենալու են որոշակի անտագոնիզմ, և դա է մարդկային հասարակության առաջընթացի գրավականը, առանց տեսակների միջև ընթացող այդ պայքարի ու կոնկուրենցիայի` մարդկային քաղաքակրթությունը կդադարի գոյություն ունենալուց: Հետևաբար, ցանկացած խոսակցություն մեկ տիպի մարդ ստեղծելու մասին, որը կապրի առանց սահմանների աշխարհում, առանց կոնֆլիկտների ու առանց թշնամանքի, ուղղակի հակագիտական բարբաջանք է, և ուրիշ ոչինչ: Իրականում չկան աշխարհի քաղաքացիներ ու երբեք էլ չեն լինի:

Ինչևէ, ինչո՞ւ եմ այս ամենի մասին գրում, բանն այն է, որ մեզանում բազմացել է կիսագրագետ քաղքենիների մի տեսակ, հատկապես ջահելների մեջ, որոնք, իրենց աղքատիկ հոգեկերտվածքին համահունչ, կապկելով որոշ օտար պոստմոդեռնիստական կայսերապաշտական պրոպագանդիստների` սիրում են կոսմոպոլիտիզմ ու ապազգայնություն քարոզել, այն համարելով նոր ժամանակներին համահունչ իդեոլոգիա (հիշենք, որ նույնպիսի կեցվածք ունեին հայ բոլշևիկները Առաջին Հանրապետության ու դրան հաջորդող տարիներին, որի արդյունքում մենք կորցրեցինք մեր հայրենիքի մեծ մասը, ու մեր ազգը այնպիսի տառապանքների միջով անցավ, որի հետևանքներն առ այսօր չենք հաղթահարել ու չենք էլ հաղթահարի, քանի որ, ի դեմս նորօրյա այս բոլշևիկների՝ մենք այսօր նորից նույն ջարդած տաշտակի առջև ենք կանգնել):

Մեր երիտքաղքենիների սերունդն այնքան է հետ ընկել ամեն ինչից, որ նույնիսկ տեղյակ էլ չէ, որ, օրինակ, Եվրոպայում (որին հաճախ հղում են անում) այդ իրենց պաշտելի կոսմոպոլիտիզմի վրա հիմնված ձախ կամ ուլտրալիբերալիզմը (փսևդոլիբերալիզմ) արդեն զիջում է իր դիրքերը, ու այնտեղ որոշ ուժեր կամաց-կամաց նորից սեփական տեսակը պահպանելու իդեոլոգիան տրենդ են դարձնում, քանի որ Աֆրիկայից ու ասիական շատ երկրներից Եվրոպայում մասսայաբար բնակություն հաստատող մահմեդականները օգնեցին շատ ու շատ եվրոպացիների հասկանալ, որ եթե ոչ իրենք, ապա իրենց երեխաները կարող են դառնալ ազգային փոքրամասնություն ապագա մահմեդական Եվրոպայում, ինչպես, օրինակ, ժամանակին քրիստոնյա ղպտիները դարձան փոքրամասնություն սեփական երկրում` Եգիպտոսում:

Կարճ ասած՝ կոսմոպոլիտիզմդ ավարտվում է այնտեղ, որտեղ որ սեփական արժեհամակարգ ու կենսակերպ պարտադրողից վերածվում ես այլ արժեհամակարգ ու կենսակերպ պարտադրաբար ընդունողի, այդ ժամանակ մոռանում ես ապազգայնությունը դրոշակ դարձնող բոլոր զառանցանքները և սկսում ես պայքարել սեփական տեսակդ փրկելու համար:

Երբեմն պատմական զուգահեռներ անցկացնելով՝ այնպիսի տպավորություն ենք ստանում, որ կարծես թե անցյալը վերադարձել է. օրինակ՝ ինչպես 100 տարի առաջ հայ բոլշևիկները, ինտերնացիոնալիզմի (կոսմոպոլիտիզմի տարատեսակ) հովերով տարված, աշխատում էին անցեղ ու անհայրենիք մարդու տեսակ ստեղծելու ուղղությամբ, հիմա էլ նույն բանը անում են մեր երիտկոսմոպոլիտները, որոնք մարդկանց ուղեղների մեջ մտցնում են այնպիսի կեղծ գաղափարներ, համաձայն որոնց՝ մեր տեսակը պահպանելու ուղղությամբ նախանձախնդիր լինելը հետամնացություն է, և որ մենք սպառողի հոգեբանություն կերտող արժեհամակարգից զատ, ուրիշ ոչ մի արժեհամակարգ չպիտի ընդունենք, այսինքն՝ մենք չպիտի ունենանք էլիտա (քանի որ էլիտան սպառողից զատ նաև արարող է, և իդեալներ գեներացնող է) և դադարենք ինքնաբավ ազգ լինելուց, որի հետևանքը այն է լինելու, որ լավագույն դեպքում ուծացվելու ենք (եթե ֆիզիկապես չբնաջնջվենք), ու արդյունքում դադարելու ենք որպես տեսակ գոյություն ունենալուց:

Մերօրյա այս հողատուները նույն երգն են երգում, ինչ որ 100 տարի առաջ հայ բոլշևիկները, որոնք քարոզում էին, որ համաշխարհային հեղափոխությունը կհաղթի, ու չեն լինի սահմաններ և տարբեր ազգություններ, որ բոլորը կապրեն անհոգ կյանքով գալիք կոմունիզմի դարաշրջանում, այնպես որ, պետք չէ Կարսի, Իգդիրի և Արդահանի համար պայքարել, պետք չէ Նախիջևանի ու Ղարաբաղի համար պայքարել, որ նացիոնալիզմը պիտի արմատախիլ արվի մեր ուղեղներից, ու ինտերնացիոնալիզմը իր վերջնական հաղթանակը պիտի տանի, և էլի շատ ու շատ այս կարգի ապուշություններ:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը