Լրահոս

26.03.2019 13:53


ԵԽԽՎ համազեկուցողները ողջունում են Հայաստանում սպասվող բարեփոխումները

ԵԽԽՎ համազեկուցողները ողջունում են Հայաստանում սպասվող բարեփոխումները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողները Հայաստան կատարած այցի արդյունքներով հայտարարել են, որ երկրի իշխանությունները հիանալի հասկանում են հանրության ակնկալիքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ԵԽԽՎ պաշտոնական կայքը, Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) և Անդրեյ Շիրցելին (Սլովենիա) հույս են հայտնել, որ Հայաստանում սպասվող բարեփոխումները կհանգեցնեն հստակ և զգալի արդյունքների:

Համազեկուցողները ողջունել են Ազգային ժողովին ինստիտուցիոնալ համակարգում կենտրոնական դեր հատկացնելու խորհրդարանականների պատրաստակամությունը, ինչպես նաև իշխանության ճյուղերը տարանջատելու գործադիրի ցանկությունը: «Հայաստանում «ուղղաձիգ իշխանության» ավանդույթը հնացած է, և կարելի է միայն ողջունել ուժերի իրավական հավասարակշռություն ստեղծելու ցանկացած պատրաստակամություն»,-ասել են համազեկուցողները՝ ընդգծելով, որ դա կարող է նպաստել Հայաստանում ժողովրդավարական մշակույթի արմատավորմանը՝ հիմնված բազմակարծության և հանդուրժողականության վրա:

Հայաստանում ունեցած հանդիպումների ընթացքում համազեկուցողները տեղեկացվել են, որ իշխանությունների մոտ տեղի են ունեցել տրամադրության և վերաբերմունքի ակնհայտ փոփոխություններ մի շարք ուղղությունների նկատմամբ, ինչպիսիք են գենդերային հավասարությունը, կոռուպցիայի դեմ պայքարը: Նրանք նաև տեղեկացվել են, որ կոռուպցիայի դեմ պայքարի առաջին արդյունքներն արդեն առկա են: «Մենք ողջունում ենք պատրաստվող բարեփոխումների մեծ մասը, որոնք վերաբերվում են դատական իշխանության անկախությանը, նոր քրեական քաղաքականության ընդունմանը, կոռուպցիայի և խտրականության դեմ պայքարի ինստիտուտների ստեղծմանը»,- ասել են համազեկուցողները:

Նշվում է, որ համազեկուցողները ուշադրությամբ հետևելու են վերը նշված բարեփոխումների իրականացման ընթացքին: Նրանք Հայաստանի իշխանություններին կոչ են արել օգտագործել հանրային լայն աջակցությունը, որպեսզի ակտիվացնեն ջանքերը սոցիալական բարեփոխումներ իրականացնելու հարցում՝ ներառյալ բոլոր հայերի համար սոցիալական ծառայությունների բարելավումը:

Համազեկուցողները բարձր են գնահատել այն հասունությունը, որը դրսևորել են Հայաստանի քաղաքական ուժերն ու հայ ժողովուրդը խաղաղ հեղափոխության ընթացքը կառավարելու և դրան հաջորդած քաղաքական անցումը իրականացնելու հարցում: «Այդ անցումն ավարտվել է 2018 թվականի դեկտեմբերին կայացած ընտրություններով, որոնք բոլոր միջազգային դիտորդները և Հայաստանի քաղաքական գործիչների ճնշող մեծամասնությունը, ում հետ մենք հանդիպել ենք, համարել են արդար և արդար»,-նշել են նրանք:

Նրանք հավելել են, որ Հայաստանում իրականացվելիք փոփոխությունները խորն են: «Եվրոպայի խորհուրդը և նրա խորհրդարանական վեհաժողովը հայ ժողովրդի և նրա ներկայացուցիչների տրամադրության տակ են՝ այդ փոփոխությունները նախապատրաստելու և կյանքի կոչելու հարցում»,-եզրափակել են համազեկուցողները:

Այս խորագրի վերջին նյութերը