Կարծիք

25.03.2019 17:20


«1-ին տիկնոջ» դերը քաղաքականության մեջ (լուսանկարներ)

«1-ին տիկնոջ» դերը քաղաքականության մեջ (լուսանկարներ)

Պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Պատմությունից, հետևաբար, պետք է դասեր քաղել:

Ռուսաստանի վերջին կայսր Նիկոլայ II–ին գահընկեց անելու գործում շատ մեծ նշանակություն ունեցան բամբասանքները նրա ընտանիքի և, մասնավորապես, կնոջ մասին:

Բամբասանքները տարբեր էին՝ իբր, Ալեքսանդրա Ֆյոդորովնան մսխում էր պետական փողերը, ինտիմ կապերի մեջ էր Գրիգորի Ռասպուտինի հետ, և ամենակարևորը՝ իբր, նա Գերմանական կայսրության գործակալն էր և պատերազմի տարիներին տեղեկություններ էր հաղորդում Վիլհելմ Երկրորդին:

Բանը հասավ այնտեղ, որ 1916 թ. նոյեմբերի 22-ին ռուսական Դուման հատուկ պահանջ ներկայացրեց, որը հետևյալ կերպ էր ձևակերպված՝ «Անպատասխանատու մութ ուժերի ազդեցությունը պետք է չեղարկվի»:

Հեղափոխությունից հետո պարզ դարձավ, որ կայսեր կինը ոչ միայն չէր մսխել պետական փողերը, այլ կայսերական ընտանիքի միջոցներով հոսպիտալ էր հիմնել, որտեղ աշխատում էին և՛ ինքը, և՛ Նիկոլայ Երկրորդի դուստրերը:

Ռասպուտինի հետ ոչ մի ինտիմ կապ չկար. նա պարզապես օգնում էր կայսեր հիվանդ երեխային, բայց քանի որ երեխայի հիվանդության մասին հանրությանը չէին պատմել, դա տարբեր ասեկոսեների առիթ տվեց: Եվ ամենակարևորը՝ Ալեքսանդրա Ֆյոդորովնան Գերմանական կայսրության գործակալը չէր, այլ ընդհակառակը՝ իր և իր ընտանիքի ուժերի ներածին չափով փորձում էր նպաստել Ռուսաստանի և Անտանտի հաղթանակին: Բայց, ինչևէ, մեր այս պատմության մեջ կինը շատ բացասական դեր խաղաց, իսկ ռուսական հասարակությունը չդիմացավ գայթակղությանը և ամբողջ ուժով լծվեց թագավորական ընտանիքի դեմ պայքարին, որի ճակատագիրը բոլորիս հայտնի է:

Ասածս այն է, որ ղեկավարի կնոջ շուրջ ասեկոսեները միշտ կարող են լուրջ քաղաքական հետևանքներ ունենալ:

Սրա հետ մեկտեղ՝ կային իրական այլ խնդիրներ, որոնց համար Ալեքսանդրա Ֆյոդորովնան և իր ամուսինը պետք է պատժվեին: Նա չափազանց մեծ ազդեցություն ուներ ամուսնու վրա, հատկապես կադրային նշանակումներում:

1905 թվականի հեղափոխությունից հետո Ալեքսանդրա Ֆյոդորովնան իր նամակներում նաև նշում էր, որ, փաստորեն, իր ամուսնու իշխանությունն այնքան հզոր չէր, ինչպես ինքը կարծում էր, և այս իրավիճակում նա պետք է հոգ տանի ոչ միայն իրենց հիվանդ տղայի՝ Ալեքսեյի մասին, այլ նաև ամուսնու՝ Նիկոլայի։ Իսկ դա հնարավոր էր անել միայն սեփական ազդեցությունը իշխանական համակարգում ավելացնելու շնորհիվ։

Մեկ այլ օրինակ. Ռասպուտինին ֆինանսապես օգնելու համար Ալեքսանդրա Ֆյոդորովնան կարող էր նամակներ ուղարկել բանկիրներին և նախարարներին, որպեսզի վերջիններս փող տան Ռասպուտինին, ինչի մասին գրում էր, մասնավորապես, այդ տարիներին Ֆրանսիայի դեսպանը Ռուսաստանում՝ Մորիս Պոլեոլոգը:

Ազգությամբ գերմանացի Ալեքսանդրա Ֆյոդորովնան աջակցում էր նրան, որ գերմանացի գործարարները և ֆինանսիստները ստանան տնտեսական առավելություններ: Այս ամենի համար է, որ կայսեր կինը պետք է պատասխանատվության ենթարկվեր:

Հետագայում պատմաբանները եկան այն եզրահանգման, որ բամբասանքների պատճառներից մեկը փակ իշխանական համակարգն էր, երբ ցանկացած նշանակում, ցանկացած որոշում ընդունվում էր փակ դռների հետևում, համապատասխանեցվում էր կոնկրետ ընտանիքի շահերին և ցանկություններին, իսկ ցանկությունն անհաղորդ էր մնում:

Հետևաբար, մի կողմից մենք ունենք կեղծ բամբասանքներ, մյուս կողմից՝ իրական գործողություններ, բայց երկուսն էլ բացասական են բնութագրում կնոջ դերը կոնկրետ այս պատմության մեջ, հատկապես երբ ամուսինը՝ Նիկոլայ II–ը, թույլ մարդ էր:

Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը