Հարցազրույց

10.02.2011 14:25


Հմայակ Հովհաննիսյան

Հմայակ Հովհաննիսյան

Հարցազրույց քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ

-Ձեր կարծիքով՝ իշխանական կոալիցիան մինչև ԱԺ հաջորդ ընտրություններ կպահպանվի, թե՞ ոչ։

-Եթե հաշվի առնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ըստ էության, միանգամայն անընդունելի պահանջներ են ներկայացվում, փորձ է արվում այդ պահանջների բավարարմանը ԲՀԿ-ին դրդելու միջոցով նախօրոք կանխորոշել խորհրդարանական ընտրությունների արդյունքները և բացառել խորհրդարանական ըտնրությունների ընթացքում մրցակցությունն ընդհնարապես և քանի որ բացահայտ է, որ ԲՀԿ-ն չի՛ կարող այդ պահանջները բավարարել, որովհետև դա ինքնասպանությանը հավասար քայլ կլինի, ուստի կարելի է կանխատեսել, որ կոալիցիան կարող է (եթե, իհարկե, ՀՀԿ-ն չհրաժարվի այդ միանգամայն անընդունելի հարցադրումներից և պահանջներից) արդեն մինչև խորհրդարանական ընտրությունները կազմալուծվել։ Այսինքն եթե հաշվի առնենք, որ այս կոալիցիայի առանցքում կան երկու ուժեր՝ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն (ես ՕԵԿ-ին գործող կուսակցություն չեմ համարում), ապա կոալիցիան, ըստ էության, կլուծարվի։

-Իսկ եթե «Բարգավաճ Հայաստանը» դուրս գա կոալիցիայից, ապա ո՞վ ավելի շահեկան վիճակում կհայտնվի՝ Գագիկ Ծառուկյանի՞, թե՞ Սերժ Սարգսյանի թիմը։ Եվ այդ դեպքում ի՞նչ տեղի կունենա իշխանության հետ։

-Ես այն կարծիքին եմ, որ Գագիկ Ծառուկյանը շահեկան վիճակում է այնքանով, որ ուրբաթը շաբաթից շուտ է գալու, իսկ շաբաթն ուրբաթից հետո է գալու։ Այսինքն, նախագահական ընտրությունները հաջորդելու են խորհրդարանական ընտրություններին։ Եվ, բնականաբար, այն մեծաթիվ ու զորեղ ուժի դիրքորոշումը, որի անվանումը «Բարգավաճ Հայաստան» է, և որը հասարակական գիտակցության մեջ ասոցացվում է հայաստանաարմատ և հայաստանակենտրոն դիրքորոշման հետ (որպես ա՛յս հող ու ջրից ծնված ուժ, այլ ոչ թե անդրօվկյանոսյան պրոյեկտի արդյունք), այդ ուժը կծառանա իշխող ուժի դեմ, բնականաբար, նախագահական ընտրություններին, եթե խորհրդարանական ընտրություններին Հանրապետականը գնա այդ ուժին կողոպտելու ճանապարհով։

-Այսինքն՝ կշահի Գագիկ Ծառուկյանի՛ թիմը։

-Գագիկ Ծառուկյանը մանևրելու հնարավորություն ունի, և պետք է, որ այդ հնարավրությունը պահպանի։

-Ո՞րն է այդ հնարավորությունը։

-Այդ հնարավորությունը նախագահական ընտրությունների սեփական թեկնածուի հարցում կողմնորոշվելն է նախագահական ընտրությունների նախօրեին, այլ ոչ թե խորհրդարանական ընտրություններից առաջ, և իշխանությանը պայման դնելը, որ եթե խորհրդարանական ընտրություններն իշխանությունը ձախողեց, եթե խորհրդարանական ընտրությունների արդյունքներն իշխանությունը կեղծեց և ԲՀԿ-ի ձայները կողոպտեց, ապա, բնականաբար, այդ ուժը նախագահական ընտրություններին հանդես կգա ընդդե՛մ իշխող ուժի և նրա թեկնածուի։ Եթե իշխանությունները խորհրդարանական ընտրությունները չկեղծեցին գոնե «Բարգավաճ Հայաստանի» մասով, չկողոպտեցին ԲՀԿ-ի ձայները, իսկ դրանք մեծաթիվ են (դա ցույց են տալիս հարցումները) և օբյեկտի՛վ սոցիոլոգիական հետազոտություններով էապես գերազանցում են ՀՀԿ-ի հնարավորություններին, ահա այս դեպքում, բնականաբար, նա խնդիր չի ունենալու ընդհանուր հայտարարի գալ Հանրապետական կուսակցության հետ նախագահական թեկնածուի ընտրության հարցում և պաշտպանելու գործող նախագահ Սերժ Սարգսյանին։ Այսինքն, այս մանևրելու հնարավորությունից (կողմնորոշվելու ըստ խորհրդարանական ընտրությունների անցկացման որակի, ըստ այդ ընտրությունների ընթացքում իշխանության ադեկվատ, ընդունելի պահվածքի) իշխող ուժը Գագիկ Ծառուկյանին այսօր ուզում է զրկել։ Մինչդեռ այսօր նրան կոշտ այլընտրանքի առջև կանգնեցնելով՝ փորձ է արվում զրկելու Գագիկ Ծառուկյանին հնարավորությունից կոշտ այլընտրանքի առջև կանգնեցնելու միջոցով դրդել Հանրապետական կուսակցությանը՝ 2012թ. խորհրդարանական ընտրություններին ձեռնպահ մնալ ԲՀԿ-ի ձայները կողոպտելուց։ Եվ դա շատ լուրջ հանգամանք է, որովհետև իրականում, այո՛, քանի որ ուրբաթը նախորդում է շաբաթին, և շաբաթը գալու է ուրբաթից հետո, իրականում «Բարգավաճ Հայաստա՛նը» օբյեկտիվորեն կարող է պայման դնել Հանրապետականի առջև և պե՛տք է պայման դնի՝ կանցկացնե՞ք խորհրդարանական ընտրությունները նորմալ, առանց կեղծիքների, ազնիվ մրցակցությունը կապահովե՞ք, այն ժամանակ խորհրդարանական ընտրություններից հետո ես ըստ այդմ կկողմոնորշվեմ, բայց ո՛չ հիմա՝ նախօրոք, ավանսով՝ հանձնվելով, անձնատուր լինելով և իմ ճակատագիրը հանձնելով ձեր ձեռքը՝ քաջ գիտակցելով, որ դուք այդ հարցում ամենևին էլ նախանձախնդիր չեք եղել մինչև այսօր, և որևէ հնարավորություն չկա մտածելու, որ նախանձախնդիր կլինեք, եթե ձեզ այդպիսի պահվածքով, մարտավարությամբ դա չպարտադրվի՛։

-Արդյոք նույն այս մտահոգությունը չէ՞ր, որ իր հարցազրույցում արտահայտել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

-Այո՛, մտահոգությունը, թե արդյոք իշխող ուժը կցուցաբերի՞ բարի կամք՝ ապահովելու խորհրդարանական ընտրությունների արդար մրցակցությունը քաղաքական ուժերի միջև։ Ռոբերտ Քոչարյանն այս մտահոգությունը հայտնում է՝ քաջ իմանալով՝ ում հետ գործ ունենք, քաջ իմանալով իշխող ուժի ուղնուծուծը, քանի որ ասում է, որ ինքը միշտ մտահոգ է եղել, որպեսզի այդ իշխող ուժին հակակշիռ ստեղծի, այսինքն զսպումների և հակակշիռների մեխանիզմ ներդնի քաղաքական դաշտում։ Եվ եթե այս զսպումների ու հակակշիռների մեխանիզմը նախկինում ապահովել է նախագահի անկուսակցական վիճակով, ապա այն բանից հետո, երբ նախագահը կուսակցականացվեց, և Սերժ Սարգսյանը ՀՀԿ ղեկավար դառնալուց հետո դարձավ նաև հանրապետության նախագահ, այս դեպքում այս հակակշիռը պետք է ապահովվի «Բարգավաճ Հայաստանի՛» միջոցով, այլապես քաղաքական դաշտում կստեղծվի քաղաքական մենաշնորհ, և կխաթարվի զսպումների ու հակակշիռների այն մեխանիզմը, որը ներդրել է քաղաքական դաշտում և միշտ մտահոգ է եղել դրա արդյունավետ գործունեությամբ Ռոբերտ Քոչարյա՛նը։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը