Մեկնաբանություն

24.03.2019 13:45


Բոլշևիկյանից մինչև փաշինյանական շաբաթօրյակ (տեսանյութ)

Բոլշևիկյանից մինչև փաշինյանական շաբաթօրյակ (տեսանյութ)

Երեկ շաբաթօրյակ էր հայտարարված։ Շաբաթօրյակը համապետական էր, բայց ավելի շուտ համանիկոլական ստացվեց, այսինքն՝ ցուցամոլական ու պարզունակ քարոզչական։

Շաբաթօրյակը վատ բան չէ։ Մայովկայի պես մի բան է, որն ավանդույթ էր դարձել ԽՍՀՄ տարիներին։ Հիմա փորձ է արվում վերականգնել այդ ավանդույթը, բայց ամեն ինչ այնքան ձևական ու թատերականացված է արվում, որ ինչպես մյուս դեպքերում՝ ստացվում է էժանագին մի բան։

«Ոչ մի օր առանց թատրոնի» կարգախոսը դեռ ուժի մեջ է։ Այս իշխանությունից այլ բան սպասելն անմեղսունակություն է։ Նրանք թատրոնով եկել են իշխանության և թատրոն են ցույց տալու մինչև այն պահը, երբ ծաղրածուներին ցույց չտրվի իրենց իսկական տեղը։

Լենինն ու գերանը

Շաբաթօրյակի հիմքը դրվեց բոլշևիկյան հեղափոխությունից հետո։ Դա շաբաթ կամ երբեմն նաև կիրակի օրը ձրի աշխատելու գաղափար է՝ հանրօգուտ աշխատանք կատարելու ծրագրի շրջանակներում։

Սկզբում այն էնտուզիազմով էր արվում, քանզի զանգվածները (հատկապես առաջադեմ հռչակված պրոլետարիատը) հավատում էին կոմունիստական պայծառ ապագային։

Հետո շաբաթօրյակները դարձան կամավոր–պարտադիր։ Մարդիկ չէին ուզում ձրի աշխատել և այնքան էլ չէին հավատում պայծառ ապագային, բայց քանի որ կարող էին կասկածվել հակասովետականության և հակահեղափոխական լինելու մեջ, ուստի ձև էին անում, թե, իբր, ուրախությամբ մաքրում են փողոցն ու հավաքում ծխախոտի մնացուկները (այն ժամանակ ավտոմեքենաների «կմախքները» շատ չէին, թե չէ դա էլ կհավաքեին)։

ԽՍՀՄ–ի տարիներին էլ, ինչպես մեր օրերում, շաբաթօրյակից քարոզչական արտադրանք ստանալու մոտեցում կար։ Հատկապես բոլշևիզմի վաղ շրջանում։ Միայն գերանն ուսին շաբաթօրյակի մասնակցող հեղափոխության առաջնորդ Լենինի նկարն ինչ ասես՝ արժեր։ Բայց շոուից զատ՝ կար նաև հսկայական գաղափարախոսություն, և այդ գաղափարախոսությունը կյանքի կոչելու պատրաստ թիմ (տվյալ դեպքում մի կողմ թողնենք այդ գաղափարախոսության բովանդակային մասի քննարկումը)։

Մեզ մոտ ո'չ հեղափոխության առաջնորդն է առաջնորդ (գաղափարների ու աշխարհայացքի իսպառ բացակայություն), ո'չ հեղափոխական հռչակվածներն են հեղափոխական, ոչ էլ հեղափոխությունն ունի գաղափարներ, հանուն որոնց՝ կարելի է գերանն ուսին նկարվել։ Ամեն ինչ ֆեյք է։

Փաշինյանն ու սելֆիի ձողիկը

Ամեն մի երևույթի կապկումը միշտ էլ ծիծաղելի է դարձնում կապկողին։ Ցուցադրական քայլերը հնդկական սերիալների նման կարող են պարզունակ լսարանի վրա ազդել, բայց պետական խնդիրների լուծման առումով որևէ արդյունք չեն կարող ապահովել։

«Լենինն ու գերանը» հիմա դարձել են «Փաշինյան ու սելֆիի ձողիկ»։

Հարցն այն չէ, որ Լենինն օհոհո էր և հարցը նաև այն չէ, որ բոլշևիկները լավն էին։ Ճիշտ հակառակը։

Հարցը տվյալ դեպքում այն է, որ մեզանում տեղի ունեցածը դառնում է բոլշևիկյանի խղճուկ նմանակում։ Ասել է թե՝ հեղափոխությունը հռչակվեց թավշա ու ժողովրդավարական, բայց վերջում բոլշևիկյան դարձավ։

Գաղափարական դատարկությունը միշտ էլ ինչ-որ բանով լցվելու հատկություն ունի։ Տվյալ դեպքում լցվել է բոլշևիկյանի նմանակմամբ։ Նմականում են աշխատանքի մեթոդները, ոճը, ձևերը։ Նաև՝ շաբաթօրյակը։

Անգամ հոկտեմբերյան հեղափոխությունը որպես տոն նշելու բոլշևիկյան քայլը կրկնեց Փաշինյանը՝ իր իշխանության գալը հռչակելով տոնական օր՝ «քաղաքացու օր»։

Իրականությունն այն է, որ «հպարտ քաղաքացին» Նիկոլ Փաշինյանի ու իր թիմակիցների համար զրո արժեք ունի։

Ի դեպ, բոլշևիկյան նոմենկլատուրան էլ էր պրոլետարիատին հռչակել հպարտ ու առաջադեմ, բայց շահագործում և օգտագործում էր մինչև վերջ։ Նույնը հիմա է կատարվում։ Պարզապես դերակատարներն են ակնհայտորեն զիջում օրիգինալին։

Ու ինչքան վատանա սոցիալ–տնտեսական վիճակն, ու Փաշինյանենք չկարողանան կոնկրետ արդյունքներ ապահովել, այնքան շոուները շատանալու են, և տեսարանների պակաս չենք ունենալու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը