Կարծիք

23.03.2019 20:09


Պետական պաշտոնյան «նոքյար» չէ, որ ինձ ու ձեզ ծառայի

Պետական պաշտոնյան «նոքյար» չէ, որ ինձ ու ձեզ ծառայի

Երկիրը մաքուր պահելու նպատակն ինքնին լավ է։ Համընդհանուր շաբաթօրյակի գաղափարը որպես շոու մատուցելը հնարավոր է՝ ավելի արդյունավետ է։ Ի վերջո շաբաթօրյակների նպատակը ոչ այնքան աղբ հավաքելն է, որքան չթույլատրված վայրերում աղբ չթափելու սովորություն սերմանելը։ Բայց աղբի մասին չէ, որ ուզում եմ գրել։

Այսօրվա միջոցառումն ինձ համար խամրեց քաղաքապետին մոտեցած քաղաքացու խոսքով․ «էնտեղ մի 50 հատ պարազիտ կա, մեկին հանձնարարեք, թող զբաղվեն քաղաքացու հարցերով»։ Պետական (ու համայնքային) պաշտոնյային «պարազիտի և մեր հաշվին սուրճ խմողի» ընկալումը պետք չէ դարերով պետություն չունենալուն վերագրել։ Այդ մտածողությունն ամեն օր մենք ենք խորացնում։ Մի օր հայտարարում ենք պետական ապարատը 10 հազար մարդով կրճատելու մասին։ Հետո սկսում ենք բացատրել՝ դա ոտքի վրա ու անմիջապես չի արվելու։ Որովհետև հարկավոր է ուսումնասիրել ու պարզել, թե պետական որ օղակն ինչ արդյունավետությամբ է աշխատում։ Բայց հասարակական կարծիքը մյուս օրն ավելի է ծանծաղանում, երբ քաղաքական անչափահասության տարիքը չհաղթահարած պատգամավորը նորաթուխ նախարարին հարցնում է․ «ՀՀԿ-ին ծառայած պաշտոնյաները ո՞նց են նոր իշխանություններին ծառայելու»։ Նախարարն էլ լուրջ-լուրջ բացատրություն է տալիս։ Ու այսպես երկար չենք հասկանալու, որ պետական պաշտոնյան «նոքյար» չէ, որ ինձ ու ձեզ ծառայի։ Գիտեմ, որ գրածս միանշանակ չեք ընդունի։

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը