Քաղաքական

23.03.2019 11:10


«Այս ազատումների ողջ քաղաքական և մարդկային պատասխանատվությունը պետք է դրվի նախարար Արտակ Զեյնալյանի վրա»

«Այս ազատումների ողջ քաղաքական և մարդկային պատասխանատվությունը պետք է դրվի նախարար Արտակ Զեյնալյանի վրա»

Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ իրենց զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը և նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը։

168.am-ն այս պաշտոնանկությունները խնդրեց մեկնաբանել ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին, ում ենթակայության ներքո աշխատել են թե Արթուր Հովհաննիսյանը, և թե Սուրեն Քրմոյանը։

Արդարադատության նախկին նախարարը նախ ասաց, որ ցավում է, որ պետական ապարատից որակյալ ու իրապես լուրջ կադրերի արտահոսքը շարունակվում է։

«Սա արդեն որոշակի մտածելակերպ, վարքագիծ և գործելաոճ է դառնում, երբ փորձառու կադրերին փոխարինում են անհասկանալի մարդիկ։ Այս երկու ազատումների ողջ քաղաքական և մարդկային պատասխանատվությունը, կարծում եմ, պետք է դրվի նախարար Արտակ Զեյնալյանի վրա։ Շատ փակագծեր չեմ բացի, բայց սա իմ դիրքորոշումն է այս հարցի կապակցությամբ։ Վստահ եմ, որ թե՛ Արթուր Հովհաննիսյանը և թե՛ Սուրեն Քրմոյանը բազմաթիվ ոլորտներում կկարողանան իրացվել և ծառայեցնել իրենց մասնագիտական ունակությունները»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը։

ԱԺ նախկին փոխխոսնակը նաև համոզմունք հայտնեց, որ Արդարադատության նախարարության աշխատանքի որակի վրա այս պաշտոնանկություններն ուղղակի անդրադարձ են ունենալու։

Հիշեցնենք, որ դեռևս շուրջ երկու ամիս առաջ 168.am-ը գրել էր, որ Ամանորի տոներից հետո կարծես թե դեռ վերջնականապես լուծված չէ նաև երկու փոխնախարարների՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի և մյուս տեղակալ Սուրեն Քրմոյանի հարցը։ Վերջիններս իրենց ամանորյա հանգիստն անցկացրել էին արտերկրում՝ Դուբայում, ինչի պատճառով նրանց հրահանգ է իջեցվել ազատել զբաղեցրած պաշտոնները։

Եվ քանի որ վերջիններս դեռևս նախորդ իշխանությունների ժամանակներից են պաշտոնավարում, Փաշինյանի թիմակիցներն ամեն կերպ փորձում էինք խնդիրը սրել այն աստիճանի, որպեսզի նրանք հրաժարական ներկայացնեն, և փոխարենը՝ իրենց ցանկալի կադրերը նշանակվեն։ Ըստ նույն լուրերի՝ որոշ «Սորոս»-ականներ աչք ունեն այդ պաշտոնների վրա, հատկապես որ միջազգային այդ կառույցի լուրջ հետաքրքրությունների շրջանակում է ՀՀ արդարադատության ոլորտը։

Այս խորագրի վերջին նյութերը