Կարծիք

23.03.2019 10:35


Տուրիստներին գարնան շեմին են հաշվում

Տուրիստներին գարնան շեմին են հաշվում

Դժվար է հավատալ, բայց տարածաշրջանում ամենադանդաղը մենք ենք տնտեսական կյանքին վերաբերող վիճակագրական տեղեկատվություն հրապարակում։ Ստուգեք՝ կհամոզվեք։

Այսպես, ԱՎԿ-ի (նախկին ԱՎԾ) կայքում պաշտոնապես նշվում է, որ «Հայաստան․ վիճակագրական տարեգիրք 2019թ» ժողովածուի թողարկման ժամկետը նոյեմբեր ամիսն է։ Պարզ է, չէ՞, որ այն ամփոփելու է 2018թ-ի վիճակագրական տվյալներ, որովհետև 2019թ. հնարավոր չէ ներկայացնել տարին դեռ չավարտված։ Այսինքն, մեր տնտեսությունն ուսումնասիրող պաշտոնատար անձինք, հետաքրքրասերներն ու անգամ քաղաքական գործիչները նույն տնտեսությունը վերլուծելու, սոցիալ-տնտեսական քաղաքականություն մշակելու համար 11 ամիս պիտի սպասեն։ Պիտի սպասեն, որ քիչ թե շատ ընդունելի և, որ ավելի կարևոր է, պաշտոնապես հայտարարված տնտեսական տվյալների բազա ունենան։

Փորձեք զբոսաշրջութան մասին գտնել պաշտոնական որևէ տվյալ, որ արձանագրվել է 2018թ։ Համարյա միակ տեղեկությունն այն է, որ 2018թ մեր երկիր այցելել է մոտ 1 մլն 652 հազար զբոսաշրջիկ՝ 2017-ի մոտ 1 մլն 495 հազարի դիմաց։ Ու վերջ։ Մոտ 10 տոկոս աճել է, ուրախացեք, ու վերջ։ Պետք չէ համեմատվել տուրիզմի ոլորտում կայացած Հունաստանի, Իտալիայի կամ Մեծ Բրիտանիայի հետ։ Համեստությունը լավ բան է։ Հետևաբար, եկեք 2018-ի զբոսաշրջության մասին տվյալները համեմատենք Վրաստանում արդեն հրապարկված տվյալների հետ։ Կրկնում եմ՝ եկեք համեմատենք ոչ թե ծավալները, այլ միայն այն, թե ինչ տվյալներ են հրապարակել մերոնք, ինչ տվյալներ՝ վրաց վիճակագիրները։

Արագ տեղեկացնեմ, որ զբոսաշրջության ծավալները համեմատելի չեն։ 2018-ին մեր 1․652 մլն զբոսաշրջիկի դիմաց Վրաստան այցելել է մոտ 8․680 զբոսաշրջիկ։ Վրաց վիճակագիրները նույնիսկ գիտեն, որ այս թվի մոտ 23 տոկոսն է առաջին անգամ այցելում իրենց երկիր։ Նրանք նույնիսկ գիտեն (որովհետև հրապարակել են), որ զբոսաշրջիկներրը Վրաստանում ծախսել են մոտ 2.94 մլրդ դոլար։ Ավելին, նրանք նույնիսկ հաշվել են։ Չեն ալարել՝ ուսումնասիրել են, թե ինչի վրա են իրենց հարազատ փողերը ծախսում այդ օտարական-զբոսաշրջիկները։ Տոկոս-տոկոս հաշվել են։ Սննդի վրա ծախսում են 28․6 տոկոսը, կացարանի համար՝ 23․4 տոկոսը, մշակութային ու սպորտային միջոցառումների վրա՝ 18․1, «շոփփինգ» կոչվածի վրա՝ 13․6, իսկ տրանսպորտի վրա՝ 7․1 տոկոս։

Պարզ է, չէ՞, որ այս մանրակրկիտ ուսումնասիրությունն արվում է ոչ պարզ հետաքրքրության համար։ Այս տվյալները ոլորտով զբաղվող պաշտոնատարներին ու գործարարներին օգնում են կատարելագործել քաղաքականությունն ու ավելի հասցեական ծառայություն մատուցել։ Վրաց պաշտոնատարներն, օրինակ, գիտեն, որ իրենց երկրում ամենաշատ գումար 2018-ին ծախսել են Ռուսաստանից եկած զբոսաշրջիկները՝ մոտ 735 հազար դոլար։ Երկրորդ տեղում Թուրքիայից ժամանողներն են՝ մոտ 405 հազար դոլար։ Հրապարակված է, թե ծավալով առաջին 15 երկրից ժամանած զբոսաշրջիկները միասին և առանձին-առանձին որքան գումար են ծախսել իրենց երկրում։ Որպես անհատ՝ «ամենաառատաձեռն» զբոսաշրջիկները Վրաստանում Մեծ Բրիտանիայի քաղաքացիներն են. յուրաքանչյուրը մեկ այցի ընթացքում ծախսում է մոտ 1 190 Ամն դոլար։ Որպես անհատ՝ «առատաձեռն» են նաև ամերիկացիները. ծախսում են մոտ 1 170 դոլար։

Մյուս երկրների տվյալների կողքին հետաքրքիր է դիտարկել մեր տարածաշրջանից ժամանած զբոսաշրջիկների «ներդրումը» վրացական տնտեսություն։ Ըստ վրաց պաշտոնական վիճակագիրների՝ 300 մլն դոլարից ավելի «թողնում են» պարսկաստանցի, մոտ 247 հազար դոլար՝ հայաստանցի և մոտ 245 հազար դոլար՝ ադրբեջանցի զբոսաշրջիկները։

Նովրուզ բայրամի այս օրերին իրանցի զբոսաշրջիկների բացակայությունը մեր երկրում հակասական զգացումներ կարող է ծնել։ Հատկապես Վրաստանում տարվա ընթացքում նրանց արած «ներդրման» ծավալը տեսնելուց հետո։ Չթաքցված նախանձի այս չափաբաժնից հետո որպես յուրատիպ մխիթարություն ընկալեք շարունակությունը։ Իրանցի մեկ զբոսաշրջիկը Վրաստանում մեկ այցի ընթացքում ծախսում է մոտ 775 դոլար։ Մեկ հայաստանցի զբոսաշրջիկը՝ մոտ 202 դոլար, ադրբեջանցին՝ մոտ 145 դոլար։ Զբոսաշրջությանն այսքան լուրջ վերաբերվելու և այսքան մանրակրկիտ ուսումնասիրություն անելու արդյունքում է, հավանաբար, այդքան մեծ մեր երկիր և Վրաստան այցելող զբոսաշրջիկների տարբերությունը։

Մեկ ավելացում. զբոսաշրջության ոլորտի անցած տարվա մեր մոտ 10–տոկոսանոց աճը վրացականից առաջանցիկ չէ։ Այդ երկրում հրապարակված աճն 9․8 տոկոս է։ Փաստորեն, տուրիզմ-զբոսաշրջություն ոլորտը զարգացնելու պետական քաղաքականություն ունեցող երկրները տուրիստներին գարնան շեմին են հաշվում՝ հավանաբար, սեզոնն ավելի արդյունավետ դարձնելու համար։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը