Կարծիք

22.03.2019 19:50


Մեր ղեկավարների սին սպասումներն Ալիևից

Մեր ղեկավարների սին սպասումներն Ալիևից

Ն. Փաշինյանն ասում է, որ լավ կլինի, եթե Ալիևը սկսի ուղիղ խոսել հայ ժողովրդի հետ։

«Մի՞թե նա ոչ մի ասելիք չունի հայ ժողովրդին»,-հարցնում է Փաշինյանը:

Բայց ո՞վ է ասում, որ Ալիևը մեզ ասելիք չունի ու չի ասում. նա վաղուց ասում է մեզ, որ մենք պիտի ինքնակապիտուլացվենք, այլապես կբնաջնջի մեզ աշխարհի երեսից. մի՞թե սա քիչ է: Ու ընդհանրապես, մենք պիտի ինչ-որ իմաստով նաև շնորհակալ լինենք այդ նույն Ալիևից, որ մեզ չի փորձում խաբել, գեղեցիկ խոստումներ չի տալիս, կեղծ բարյացկամություն չի խաղում. չէ՞ որ մեր նոր իշխանությունները հենց դա են ուզում Ալիևից, նրանց ուղերձներն Ալիևին հենց դրան են միտված:

Փաշինյանի դիրքորոշումը առ այն, որ Ադրբեջանն արցախցիների հետ պիտի անպայման բանակցի, հենց դրա համար է, ինչ է, Փաշինյանը չգիտի՞, որ Ադրբեջանը ինչքան էլ բանակցի արցախցիների հետ, միևնույնն է, երբեք չի ճանաչի Արցախի անկախությունը, այդ դեպքում ինչի՞ շուրջ են բանակցելու նրանք:

Մեր նոր ղեկավարները հուշում են Ալիևին, որ նա հայ ժողովրդին ներկայանա նոր դիմակով՝ բարյացկամ, խաղաղասեր ու կիրթ մարդու դիմակով և հումանիստ գործչի ու ղեկավարի դիմակով, որպեսզի կարողանա փափուկ բարձ դնել մեր գլխի տակ ու վերջնականապես քնեցնել մեր մեջ ինքնապաշտպանության բնազդը: Փաշինյանը երևի հույս ունի, որ բանակցությունների սեղանի շուրջ Ալիևը արցախցիներին ոսկե սարեր կխոստանա, ու վերջիններս կհամաձայնեն ինչ-որ ինքնավարության կարգավիճակով վերադառնալ Ադրբեջանի կազմ, ու դրանով ամեն բան իր տեղը կընկնի, իսկ հայ-ադրբեջանական թշնամանքը կմնա անցյալում:

Սակայն Փաշինյանն ու նրա նման մտածողները չարաչար սխալվում են. այդ տերպետրոսյանական թեզը ճշմարտություն կլիներ միայն այն դեպքում, եթե չլիներ այն ամենակարևոր բանը, որի մասին սովորաբար լռում են, իսկ երբ որևէ մեկը փորձում է բարձրաձայնել դա, ապա անմիջապես սկսում են պիտակավորել նրան՝ մեղադրելով ինչ-որ դավադրությունների տեսություններ հորինելու մեջ:
Հիմա ուզում եմ ասել, որ ինչքան էլ պիտակավորեք ինձ, միևնույնն է՝ ասել եմ ու նորից կասեմ.

-Ադրբեջան պետությունը ստեղծվել է հանուն մի քանի գործառույթի, որոնցից մեկը հակաՀայաստան դառնալու գործառույթն է, այն պիտի դառնա հայկական պետության գերեզմանափորը, ու ընդհանրապես կապ չունի, թե մենք 5 շրջան ենք հանձնելու, 7 շրջան ենք հանձնելու, թե ամբողջ Արցախն ենք հանձնելու, միևնույնն է, այդ պետությունը չի դադարի մեզ հետ պատերազմելուց. մեր կողմից արված ամեն մի զիջումից հետո նա, նորանոր պատրվակներ մոգոնելով և ավելի ու ավելի լկտիանալով, կգնա մինչև վերջ, այսինքն՝ մինչև Հայաստանի վերջնական բնաջնջում:

Այնպես որ, հերիք է ինքներս մեզ խաբենք ու հիմար սպասումներով ապրենք: Մենք պիտի հասկանանք, որ դատապարտված ենք ապրելու թշնամու հետ պերմանենտ պատերազմի պայմաններում. սա Է մեր ընտրությունը։ Ով չի ուզում, թող հեռանա Հայաստանից, իսկ այն հայ մարդը, որը որոշել է ապրել Հայաստանում, ուրեմն մեկընդմիշտ պիտի հասկանա սա ու լծվի երկրի ու բանակի հզորացման գործին, քանի որ միայն այդ պարագայում թշնամին կդադարի մեզ հետ ուժի դիրքերից խոսելուց ու անիրագործելի պայմաններ թելադրելուց:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը