Քաղաքական

22.03.2019 14:12


ԱԱԾ-ն ներկայումս ստուգում է շուրջ 234 մլն դրամի շրջանառություն (տեսանյութ)

ԱԱԾ-ն ներկայումս ստուգում է շուրջ 234 մլն դրամի շրջանառություն (տեսանյութ)

Բավականաչափ մեծ գումարներ վերադարձվելու են Հայաստանի պետական բուջե։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում այսօր հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ ներկայումս տարբեր ոլորտներում ստուգվում է շուրջ 234 մլն դրամի շրջանառություն։

Նա չհամաձայնեց այն գնահատականների հետ, թե որոշ անձինք պետությանը գումարներ են նվիրում։

«Տեղեկություններ են տարածվում, թե որոշ անձինք պետությանը նվիրում են գումարներ։ Դա այդպես չէ. նրանք վերադարձնում են պետությունից վերցրած, գողացված գումարները», - pastinfo.am–ի փոխանցմամբ՝ հայտարարեց Ա. Վանեցյանը։

ԱԱԾ տնօրենն անուններ չնշեց, սակայն հիշեցնենք, որ նախկինում հայտարարվել էր պաշտոնապես, որ ՀՀ երրորդ նախագահի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, անհատույց պետությանն է փոխանցել 19 մլն դոլար։

Պատասխանելով հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե որ փուլում է գտնվում գաղտնալսման գործը, և ինչ լուծում է տրվել գաղտնալսող սարքերի ներկրման խնդրին` Վանեցյանը պատասխանել է.

«Հարցը մեր ուշադրության կենտրոնում է։ Հավաստիացնում եմ, որ այլևս նման սարքեր չեն կարող ներկրվել: Նման սարքերի ներկրումն օրենքով է արգելված, ու դրանք ներկրելու լիազորություններ ունեն միայն այն կառույցները, որոնք իրականացնում են օպերատիվ հետախուզական գործունեություն: Թե մաքսային, թե մեր կողմից իրականացվող հսկողությունը թույլ չի տա նման սարքերի ներկրումը Հայաստան»։

Հարց է առաջանում, թե արդյո՞ք նախկինում նման սարքավորումներ ներկրվել են: Արթուր Վանեցյանը նշեց, որ այդ հարցի պատասխանը չունի: Նա հավաստիացրեց, որ իրականցվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

«Ունենք որոշակի տեղեկատվություն, որը ստուգման փուլում է, եթե կլինեն կոնկրետ արդյունքներ, ապա անմիջապես կհրապարակենք», - «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ասաց ԱԱԾ տնօրենը։

Ինչ վերաբերում է գաղտնալսման դեպքի հետ կապված գործին, ապա Արթուր Վանեցյանն ասաց, որ քննությունը շարունակվում է: Այդ մասով շատ բան չի կարող ավելացնել, որովհետև ինքն այդ գործով անցնող անձ է և փաստաթուղթ է ստորագրել նախաքննության գաղտնիքը չհայտնելու մասին:

Վանեցյանի խոսքով՝ Հայաստանում իրավապահ մարմինների աշխատանքում փոքր-ինչ տեմպի նվազում է նկատվում:

«Ես էլ եմ դժգոհ իրավապահ մարմինների՝ հատկապես Ազգային անվտանգության ծառայության աշխատանքից: Կարծես որոշակի նվազում կա այն տեմպի և այն աշխատանքների, որոնք մենք իրականացրել ենք մեր գործունեության սկզբնական շրջանում։ Բայց դա բացատրվում է այն հանգամանքով, որ իրավական հիմքերը պետք է լինեն շատ ամուր, որպեսզի մեր կատարած որևէ գործ հետագայում հնարավոր չլինի շահարկել, բողոքարկել և ասել, որ մենք գործել ենք քմահաճույքով», - նշեց ԱԱԾ տնօրենը:

Նա վստահեցրեց, որ գործում ենք միայն օրենքով և փորձում անել ամեն ինչ, որպեսզի օրենքի բոլոր պահանջները պահվեն:

«Այո՛, աշխատանքներ տարվում են. ես կարծում եմ, որ առաջիկայում ևս կլինեն հնչեղ բացահայտումներ»,-հավելեց Արթուր Վանեցյանը:

Այս խորագրի վերջին նյութերը