Քաղաքական

21.03.2019 15:27


Հայաստանի ժուռնալիստների միությունը կորցրեց իր տարածքների մի մասը

Հայաստանի ժուռնալիստների միությունը կորցրեց իր տարածքների մի մասը

Հայաստանի ժուռնալիստների միության որոշ տարածքներ այլեւս նրան չեն պատկանում։ Այս մասին մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

Նրա խոսքով՝ դա կապված է «ստրկական» պայմանագրերի հետ, որոնք ստորագրվել են ժամանակին, ինչը Հայաստանի ժուռնալիստների միությանը ծանր ժամանակներ է խոստանում։

«Որոշ տարածքներ ժամանակին վարձով տրվել են քաղաքում հայտնի մարդու, որը զբաղվում էր շինություններ վարձու տալով՝ Խդո Գրիշային, որն իր հերթին պայմանագիր է կնքել ենթավարձակալության մասին։ Պարզվել է, որ որոշ առեւտրային կազմակերպությունների հետ, որոնք գործում են շենքում, կնքվել են խայտառակ պայմանագրեր, ինչպես վարձավճարի չափի, այնպես էլ պայմանագրի խզման տեսակետից»,- պարզաբանել է նա։

Սեյրանյանն ավելացրել է, որ, օրինակ, «Էլիզ գրիգ» գործող առեւտրային կազմակերպությունը 798,6 քառակուսի մետր տարածքի վարձակալման պայմանագիր ունի, որի համար ամեն ամիս վճարում է 400 հազար դրամ մինչեւ 2080 թվականը, ընդ որում՝ այդ տարածքի մի մասը վարձով տրվում է 3 մլն 800 հազար դրամով։

«Նախկին «Ավանգարդ քլաբը», որտեղ ելույթ էին ունենում «Վիտամին քլաբի» տղաները, վարձակալում է տարածքը 480 հազար դրամով, ընդ որում՝ պայմանագիրը կազմվել է մինչեւ 2112 թվականը։ Եվ այնուամենայնիվ, գույքահարկը եւ այլ հարկային պարտավորություններ, որոնք հասնում են ամսական մի քանի միլիոն դրամի, դրված են Հայաստանի ժուռնալիստների միության ուսերին։ Իսկ պայմանագրերը խզել մենք չենք կարող, քանի որ պայմաններում ասվում է, որ խզումը հնարավոր է միայն վարձը չվճարելու դեպքում»,- ասել է ՀԺՄ նախագահը։

Սաթիկ Սեյրանյանը նկատել է, որ նախկին իշխանությունների օրոք դիմել են Երեւանի Ավագանի, եւ պարտքերը՝ որպես հարկային պարտավորություններ, ներվել են, այնինչ հեղափոխությունից հետո քաղաքապետարան ուղարկված նամակները մնացել են անպատասխան։

«Տխուր է, որ նույն շենքում գործող ոչառեւտրային կազմակերպությունները, այդ թվում ԶԼՄ-ները, շատ ավելի են վճարում, քան առեւտրայինները»,- նշել է նա։

Սեյրանյանը հավելել է, որ Հայաստանի ժուռնալիստների միությունն արդեն դիմել է դատարան, հարուցվել է քրեական գործ, քանի որ վարձակալության պայմանագիրը կնքվել է Վարչության անդամների որոշմամբ, եւ առնվազն երկու անդամի ստորագրություն կեղծված է։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը