Կարծիք

20.03.2019 12:00


Մոնոպոլիստներն իրենց հրաշալի են զգում

Մոնոպոլիստներն իրենց հրաշալի են զգում

Թերեւս, անգամ հարկ չկա հիշեցնել Փաշինյանի այն բոլոր հայտարարությունները, ըստ որոնց, Հայաստանում մենաշնորհները ջախջախիչ պարտություն են կրել մի քանի րոպեում։

Այդ հայտարարությունների իսկությունը պարզելու, ավելի ճիշտ՝ ներկայում մոնոպոլիաների վիճակը հասկանալու համար մոտ մեկ ամիս առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) պարզաբանում էր տվել երեք առանցքային ապրանքային շուկաների հետ կապված՝ շաքարավազի, ցորենի եւ «հեղափոխության բարիքների» խորհրդանիշ բանանի: Դա ցույց տվեց, որ գրեթե առանքային տեղաշարժեր չեն եղել, որոշ գործոններով, մենաշնորհները մի բան էլ՝ սրվել են: Եվ ահա դրանից այլ հարց է ծագում՝ իսկ այլ առանցքային շուկաներում ի՞նչ պատկեր է: Ուստիեւ, նորից դիմեցինք ՏՄՊՊՀ-ին՝ պարզաբանումներ խնդրելով եւս երեք մեծ կարեւորության ապրանքատեսակների հետ կապված՝ կարագի, բուսական յուղի եւ ձվի:

Սկսենք կարագից, որի գերթանկացումները 2016թ.-ին այդ ապրանքատեսակը թեեւ հայաստանյան բազայում քաղաքացիների համար անմատչելի դարձրին, բայց էլի այն իր կարեւորությունը չկորցրեց: Ինչպես ցույց է տալիս ՏՄՊՊՀ-ի տեղեկատվությունը, այս շուկայում եւս, ինչպես շաքարավազի եւ ցորենի պարագայում, Սամվել Ալեքսանյանը եղել եւ մնում է անվիճելի իշխողը: Բայց նաեւ՝ եթե 2017թ.-ին խոշոր տնտեսվարողի («Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ + «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ) մասնաբաժինը 56 տոկոս էր, 2018թ.-ին՝ այն որոշակիորեն նվազել է՝ մինչեւ 46 տոկոս: Բայց ո՞վ է օգտվել շուկայում իշխողի դիրքերի 10 տոկոսանոց թուլացումից, մնում է միայն ենթադրել. շուկայում երկրորդ խոշոր ընկերություն ՏՄՊՊՀ-ն չի ներկայացրել, իսկ դա հիմք է տալիս ենթադրելու, որ մնացած բոլորը հավասարազոր փոքրեր են՝ 1-1.5 տոկոս մասնաբաժնով, ընդ որում, պետք է նաեւ հաշվի առնել, որ շատերն էլ ներկրում են սեփական կարիքների համար (հետագա արտադրություն): Արդյունքում՝ խոշոր տնտեսվարողի դիրքը 56 տոկոս է, թե՝ 46, քիչ բան է փոխվում. թելադրողը եղել եւ մնում է նա: Իսկ նման իրավիճակում, հասկանալի է, չի կարող լինել որեւէ մրցակցություն, այսինքն, նաեւ արդար գներ: Կարճ ասած, այս ապրանքատեսակի մասով գործնականում ոչինչ չի փոխվել, ասենք, դա է ակնարկում նաեւ այն, որ 2017 եւ 2018 թվականներին շուկայում տնտեսվարողների թիվը մնացել է նույնը:

monopolia

Հաջորդը՝ բուսական յուղի շուկան: Թերեւս, սա միշտ էլ այն շուկաներից է եղել, որտեղ ներկրման հարցում ծայրահեղ մոնոպոլիզացում չի եղել, որը որոշակի օբյեկտիվ պատճառներ ունի: Բայց էլի արտահայտված առաջատարներ կան: Բնականաբար, այստեղ եւս փայլում է Սամվել Ալեքսանյանը, բայց մի փոքր ավելի համեստ երանգներով՝ 2017թ.-ին 27 տոկոս, 2018թ.-ին՝ 22: Այսինքն, մի փոքր դիրքերի թուլացում կա, թեեւ փոխարենը մոտավորապես այդ չափով էլ ավելացել է երկրորդ խոշոր տնտեսվարողի՝ «Լիա Կ Գրուպի» դիրքերը՝ 18-ից՝ 22 տոկոս: Այսինքն, երկու տնտեսվարողների գումարային դիրքերը փաստացի պահպանվել են, ինչը հուշում է, որ շուկայում էական տատանումներ չեն եղել, թեեւ ներկրողների թիվը 77-ից հասել է 91-ի: Պարզապես երկու տնտեսվարողներից հետո մնացող մոտ 55 տոկոս մասնաբաժինը եթե առաջ բաշխվում էր 75 սուբյեկտի մեջ, հիմա արդեն՝ 89-ի: Իսկ դա նշանակում է, որ միջին հաշվով, նրանցից յուրաքանչյուրի մասնաբաժինը մի փոքր էլ նվազել է, ինչի պարագայում էլ պարզապես մրցակից չեն խոշորների համար:

Ինչ վերաբերում է ձվին, ապա այս շուկան այն քչերից է, որտեղ մեծ մասամբ գործ ունենք տեղական արտադրանքի հետ: Սակայն այստեղ եւս կան խոշոր արտադրողներ՝ «Արաքս» ՓԲԸ-ն եւ երկրորդը՝ «Աշտարակ ձու» ՍՊԸ-ն: Այս ընկերությունների մասնաբաժինը, եթե 2017թ.-ին համապատասխանաբար կազմել է 42 եւ 16 տոկոս, ապա 2018թ.-ին թռիչք է արձանագրվել՝ 50 եւ 23 տոկոս: Այսինքն, գումարային արտահայտությամբ, 58-ից հասել է 73 տոկոսի: Հաշվի առնելով, որ գործող հիմնական ընկերությունների թիվը (4) չի փոխվել, նշանակում է, ձվի շուկայում արձանագրվել է մոնոպոլիզացման մակարդակի էական սրացում:

Ամփոփենք: Այսպես, ինչպես շաքարավազի, ցորենի եւ բանանի շուկաներում, կարագի, բուսական յուղի եւ ձվի մասով եւս մոնոպոլիզացման խնդրով գործնական տեղաշարժ չկա: Այսինքն, ինչպես որ կար, այնպես էլ՝ պահպանվում են առաջատար ընկերությունների այնպիսի դիրքեր, որոնք թույլ են տալիս անգամ չցանկանալով (սա տեսականորեն), էական ազդեցություն թողնել շուկայի մյուս մասնակիցների վարքագծի վրա: Ավելի կոնկրետ, խոշորներն ինչ գնային քաղաքականություն էլ որ վարեն, մյուս բոլորը պարզապես ստիպված, թեեւ ավելի ճիշտ կլիներ ասել՝ ուրախությամբ կհետեւեն նրանց:

Իսկ նմանիրավիճակը նաեւ այս իմաստն ունի. այդպես էլ ռիսկային ապրանքատեսակների մասով պետության կողմից չի ներդրվել որեւէ գործուն միջոց, որը կա՛մ խոշոր սուբյեկտների համար ոչ ձեռնտու կդարձներ մոնոպոլիստական դիրքերը (օրինակ, ապրանքային շուկաներում թելադրող դիքերի դեպքում բարձրացված հարկում) կամ գոնե կպարտադրեր արդար գնային քաղաքականություն վարել: Արդյունքում, մոնոպոլիաների դեմ պայքարի եւ հաղթանակի մասին վարչապետական խոսքերը դեռ շարունակում են միայն հեքիաթի տեսք ունենալ, որից այն կողմ դաժան իրականությունն է:

Քերոբ Սարգսյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը