Մեկնաբանություն

19.03.2019 20:20


Փաշինյանի ինքնախոստովանական ասուլիսը

Փաշինյանի ինքնախոստովանական ասուլիսը

Նիկոլ Փաշինյանն ասուլիս է տվել։ Նա շատ լավ հասկանում է, որ ամեն օր որևէ քարոզչական ակցիա պետք է անի, քանզի արդյունքներ չկան, ու պետք է տեսարաններ ապահովել։ Ասուլիսը այդ տեսարաններից մեկն էր, բայց ստացվեց ինչպես միշտ, այսինքն՝ վատ: Սա այն դեպքն է, երբ տեղին է օգտագործել «Քո լեզուն քո թշնամին է» ձևակերպումը:

Փաշինյանի մոտ քարոզչական հարցն այնքան սուր է դրված, որ նա նույնիսկ իր ընտանիքի անդամներին է ներգրավում գործընթաց։ Ուրիշ վստահելի մարդ նա չունի ու շատ լավ հասկանում է, որ թիմակիցներն ունեն զրո պատասխանատվություն և զրո կարողություն որևէ ձևով իրեն օգնելու, բայց ինքն է ընտրել այդ ճանապարհը և պետք է աշխատի հրշեջի մոդելով:

Ինչ վերաբերում է ասուլիսի ժամանակ հնչած պատասխաններին ու մտքերին, ապա դրանք շուլուխի ոլորտից են, կամ էլ նոր հարցեր են առաջացնում։ Ասուլիսը նաև յուրօրինակ ինքնախոստովանություն էր: «Կիքսերի», «լյափսուսների» և կազուսների պակաս չկար:

Եվ այսպես.

1.Ըստ Փաշինյանի՝ խողովակներն ունեն ինչպես մտնելու, այնպես էլ դուրս գալու առանձնահատկություն։

Սա շուլուխի ու թրոլլինգի սիրահարների համար թեմա բացեց: Նրա այդ միտքը նման է Փաշինյանի թիմակից Լենա Նազարյանի հայտնած այն խոսքին, ըստ որի՝ կանայք ծննդաբերելու առանձնահատկություն ունեն:

2.Ալիևի հետ ոչ թե բանակցելու եմ, այլ երկխոսելու։

Սա «կռուտիտի» դրսևորում էր։ Իրականում Փաշինյանն Արցախի հարցով ամիսներ շարունակ բանակցել է Ալիևի հետ ու հիմա էլ շարունակելու է բանակցել, ընդ որում՝ իր կողմից բազմիցս քննադատված փաստաթղթի շրջանակներում: Այլ հարց է, որ նա միգուցե չի հասկանում, որ բանակցում է ու միայն վերջում է դա զգալու, բայց արդեն ուշ է լինելու:

Ի դեպ, Փաշինյանը կրկնեց այն միտքը, որ չի գնում լեզվակռվի, այլ գնում է Արցախի հարցով մյուսներին լսելու։ Նրա ամենախնդրահարույց ու մտահոգիչ ձևակերպումն այն է, որ նա ներկայացնում է Ալիևի դիրքորոշումը Արցախի հարցում (ըստ այդմ՝ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում), ու չի ասում, որ ինքը բացառում է Արցախի ներառումը Ադրբեջանի կազմ, այսինքն՝ դեմ է Ալիևի այդ դիրքորոշմանը։ Նա ընդամենն ասում է, որ գնում է մյուսներին լսելու։

Փաշինյանը նաև ցույց տվեց, որ բացարձակապես չի տիրապետում խնդրին, քանզի մանկապատանեկան հարցադրումներ էր հնչեցնում թեմայի վերաբերյալ։ Նրա «կռուտիտի» բուն իմաստը պատասխանատվությունից խուսափելու նպատակ է հետապնդում:

3.Նախորդ տարվա օգոստոսին Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ «Մարտի 1»–ի գործն ամբողջությամբ բացահայտված է։

Այսօրվա ասուլիսի ժամանակ նա «կռուտիտ» եղավ, որից կարելի է եզրակացնել, որ ամիսներ առաջ պարզապես ֆռռացրել է հանրությանը: Պարզվեց, որ «գործը բացահայտված է» ասելով Փաշինյանը նկատի ունի այն հանգամանքը, որ, իբր, պարկուճ է փոխվել, ու դրա համար 10 զոհի հետ կապված հանգամանքը չի բացահայտվում։

Այսպիսով, հերթական անգամ ապացուցվեց, որ Ռոբերտ Քոչարյանի մասով պարզապես գործ ունենք քաղաքական հետապնդման հետ. ի՞նչ կապ ունի Քոչարյանը ենթադրյալ պարկուճափոխության հետ:

4.Փաշինյանը հենց տաքանում է, սկսում է քաղաքական նշանակության գործերի ու դատավարության հետ կապված դետալիզացված բաներ ներկայացնել՝ ակամայից ցույց տալով, որ անձամբ է ՀՔԾ-ին ցուցումներ ու հրահանգներ տալիս, բայց հենց զգում է, որ չափն անցնում է, սառում է ու հայտարարում, որ ինքը դատարաններին ու հարուցված գործերին չի միջամտում։ Այսօր էլ այդպես եղավ։

5.Փաշինյանը շարունակում է մնալ էժանագին սենսացիաներ փնտրող թերթի գլխավոր խմբագրի կարգավիճակում, քանզի անում է մերկապարանոց ու անհիմն հայտարարություններ և հնչեցնում գնահատականներ, որոնք որևէ ձևով չի կարող ապացուցել։ Նա այսօր ասուլիսի միջոցով շարունակում էր պոպուլիզմը և հանրահավաքը։

6.Փաշինյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ կիրառելու է մեղավորության կանխավարկածը, ինչով շատ բացասական ազդակ հաղորդեց պոտենցիալ ներդրողներին ու կանխանշեց մեր տնտեսության մեջ բացասական զարգացումները:

Նա նաև խոստովանեց, որ իշխանության ներսում կան պետության փլուզմանը դիմադրողներ, սակայն ինքը գնալու է իր պատկերացրած, այսինքն՝ փլուզման ճանապարհով:

7.Պարզվում է, որ պետական ինստիտուտները Փաշինյանը փոխարինել է ընտանեկան հավաքույթների ինստիտուտով: Այդ հավաքների տպավորությամբ է նաև ելույթներ գրում ու որոշումներ ընդունում՝ լսելով կնոջը, տղային ու աղջկան:

8.Իրենց ընտանիքի ապրելակերպի ու մասնավորապես կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ կապված նրա խոսքը արդարացման էր նման: Իսկ դա լրացուցիչ հարցադրումներ առաջացրեց նրանց կողմից տնօրինվող ֆինանսական ռեսուրսների ու բարեգործականի անվան տակ տեղի ունեցող ռեսուրսային միջոցների ակումուլացման՝ արդեն իսկ դրսի մամուլում հայտնված հրապարակումների կապակցությամբ:

9.Փաշինյանը վախեցած է: Նրա մոտ այդ խոստովանությունը ստացվեց ըստ Ֆրեյդի:

Երբ նա հայտարում է, որ ծանր բանակցություններից առաջ գիշերն իր ծոցն է առնում փոքրիկ աղջկան, ցանկացած հոգեբան ու հոգեվերլուծաբան առավել դետալային կարող է բացատրել, թե ինչի դրսևորում է դա:

10.Շատերի կարծիքով Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով 3 սենյակներում տեղի ունեցող իր դեմ խոսակցություններին ու հայտարարելով, որ իրեն հետո գալիս պատմում են այդ խոսակցությունները, նկատի է ունեցել իր քաղաքական ընդդիմախոսներին, մասնավորապես՝ նախկին երկու նախագահներին, սակայն մի փոքր վերլուծելով նրա խոսքի ենթատեքստը՝ կարելի է պնդել, որ նա նկատի է ունեցել սեփական թիմակիցներին:

Այսօր իշխանական թիմում կա առնվազն երկու կենտրոն, որը կուլիսներում համարում է Փաշինյանին ձախողված ղեկավար, մտահոգ է սեփական ճակատագրով ու պատրաստվում է ներքին փոփոխությունների: Փաշինյանն իր խոսքով ցույց տվեց, որ տիրապետում է այդ տրամադրություններին ու փորձեց «ինձ հետո գալիս պատմում են բոլոր խոսակցությունները» բանաձևով «ցեց գցել», այսպես ասած, ներիշխանական դավադրություններ պլանավորողների ներսում: Փաշինյանը, սակայն, չզգաց, որ դրանով ցույց տվեց իր անձնական, ես կասեի՝ ընտանեկան իշխանության թուլությունն ու խոցելիությունը:

Ասուլիսին անդրադառնալու առիթներ դեռ կլինեն: Այս պահին միայն արձանագրենք, որ դա ցայտնոտի ու անորոշության մեջ գտնվող պաշտոնյայի միջոցառում էր:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը