Մեկնաբանություն

18.03.2019 18:55


Հեղափոխական Լֆիկի փոխակերպումները (տեսանյութ)

Հեղափոխական Լֆիկի փոխակերպումները (տեսանյութ)

Նախկինում «օլիգարխի» պիտակավորում ունեցող Սամվել Ալեքսանյանը, պարզվում է, հոգու խորքում հեղափոխական է եղել: Այն էլ՝ թունդ:

Քաղաքական հայտնի իրադարձություններից հետո Սամվելին ամենաշատը սիրեցին հեղափոխականները: Նա էլ իր հերթին հեղափոխականների հանդեպ պատասխան սիրով լցվեց: Լֆիկն սկսեց օժանդակել հեղափոխականներին Երևանի ավագանու ու ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ: Նա պատգամավոր դարձրեց Նիկոլ Փաշինյանի աներձագին ու մյուս քայլարածներին: Բացի այդ՝ հեղափոխական Լֆիկն առատաձեռն գտնվեց Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի նկատմամբ: Ասել է թե՝ երբ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական օրերին խոսում էր սիրո և հանդուրժողականության մասին, նկատի ուներ մասնավորապես Սամվել Ալեքսանյանին՝ Լֆիկին:

Հեղափոխականներն ընդամենը մեկ-երկու օր նրա մասին փիս-փիս բաներ ասացին «սիթիներում» շրջհարկով աշխատելու և բյուջե քիչ գումարներ վճարելու մասին, և վերջ: Դրանից հետո Լֆիկ Սամոն հռչակվեց սեփականատեր և դարձավ «թունդ հեղափոխական»: Նա հիմա փորձում է իմիտացիա անել, թե, իբր, հիմա մեր երկրում շատ լավ բիզնես ու ներդրումային միջավայր է ձևավորված, սակայն ասում են, որ «տակից» նա նախորդ տարվա մայիսից հետո բիզնես և ներդրումային զարգացումներ է ապահովում հիմնականում ... Մոսկվայում:

Թե ինչու են հեղափոխականները առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերում Լֆիկի նկատմամբ, կարելի է կռահել: Թե ինչու է վերջինս սիրով լցված հեղափոխականների նկատմամբ, դա էլ դժվար չէ կռահել: Մնում է հասկանալ, թե հատկապես որ պահին ու ինչ պայմաններում է տեղի ունեցել սիրառատության այդ փոխադարձ ակտը:

Ի դեպ, տեղին է հիշեցնելը, որ մինչև հայտնի քաղաքական փոփոխությունները, երբ դեռ Լֆիկ Սամոն հեղափոխական չէր ու Բ26-ին կից օլիգարխ էր աշխատում, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ Բ26-ին կից ընդդիմադիր, երկուսը Մալաթիա-Սեբաստիա համայնքում մեծամասնական ընտրակարգով միմյանց դեմ պատգամավորական թեկնածություն էին դրել: Նիկոլն այդ օրերին հայտարարում էր, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքն ինքն ազատագրելու է լֆիկական օսվենցիմից: Լֆիկն էլ իր հերթին հայտարարում էր, որ Նիկոլն իրենց ախպերն է, պարզապես ուզում է ցույց տալ, թե, իբր, այդպես չէ, ու այդ իսկ պատճառով էլ քննադատում է իրեն:

Ի՞նչ իմանային Նիկոլն ու Լֆիկը, որ միմյանց դեմ մրցակցելուց տարիներ անց երկուսն էլ դառնալու էին փաստացի թիմակից հեղափոխականներ, և «սիթիներում» «Դուխով» օղի է վաճառվելու:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը